...

Փրփուր - փաստարկներ

Փրփուր - փաստարկներ

ՓՐՓՐԱԶԵՂՈՒՄ

Այլևս փրկության հույս չունեցող խեղդվողի համար ասում են՝ «ձեռքը փրփուրին է գցում»: Իրենք՝ իշխանավորները, համենայնդեպս՝ քիչ թե շատ խելոքները, այդ փաստարկներն անձամբ չեն հնչեցնում: Ինչո՞ւ վտանգի ենթարկվել, մանավանդ որ ժամանակին հակառակն են պնդել: Դա սովորաբար հանձնարարում են իրենց ոչ պաշտոնական խոսափողներին: Ընդ որում՝ հատկապես այնպիսի մարդկանց, որոնք հասարակության մեջ «էն գլխից» իրենց հետ բերած «հեղինակության», «մտավորականի» ինչ-որ համարում ունեն. նրանց հեշտ կհավատան: Օրվա իշխանություններին արդարացնող վերջին այդօրինակ «փաստարկը» հնչում է հետևյալ կերպ. «Նախկին իշխանությունները այնպես են երկիրը հիմնահատակ քանդել ու թալանել, որ այն դեռ երկար ժամանակ հնարավոր չէ վերականգնել»: Վերջերս դա արտասանեց նաև նախկինում բանաստեղծ, ապա ՀՅԴ անդամ, Քոչարյանի խորհրդական Ռազմիկ Դավոյանը: Նախ երկու տող՝

Ռ. Դավոյանի մասին

Հիշում եմ նրա մի «ահազանգը» 1991թ. վերջերին: Գերագույն խորհրդի նախկին շենքը Հանրապետության նախագահի նստավայր դարձնելու հետ կապված Բաղրամյան փողոցի կողմից կառուցվում էր պարսպի շարունակությունը՝ շենքի բակը փողոցից առանձնացնելու համար: Ռ. Դավոյանն անմիջապես խորիմաստ հեգնեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը պարիսպ է կառուցում իր և ժողովրդի միջև»:

Երբ այդչափ նրբանկատ Ռ. Դավոյանը դարձավ Քոչարյանի խորհրդական և տեղափոխվեց նույն այդ շենքում աշխատելու, նրա առաջին գործը պետք է լիներ Հանրապետության նախագահի և ժողովրդի միջև դրված այդ պարիսպը քանդել տալը: Հետաքրքիր է՝ նա հիշե՞ց այդ մասին: Հիշե՞ց, երբ այդ պարիսպն իր աչքի առջև ավելի բարձրացվեց, կամ երբ դրա վրա էլ բազմաշերտ փշալար քաշվեց:

Թե «նախկինները» որքան են քանդել, որքան կառուցել, մի քիչ հետո: Բայց, երբ իշխանությունը (հակառակ ժամանակին իր տված խոստումների) ասում է՝ «չեմ կարող», ուրեմն պետք է հեռանա ասպարեզից և հնարավորություն տա նրանց, ովքեր կարող են: Իսկ ո՞վ է ասել, թե նրանցից լավն ու կարողը չկա: Օրինակ՝ Արտաշես Գեղամյանը, արդեն որքան ժամանակ է ասում է, որ ինքը կարող է, և ունի արագ վերականգնման մշակված ծրագիր: Ուրիշներն էլ կան, որ համոզված են, թե իրենք կարող են: Թե չէ՝ ինչ է ստացվում. 20 անգամ 8՝ 160 տարի այս երկրի իշխանությունները կարող են ոչինչ չանել և արդարանալ, թե «նախկինների» քանդա՞ծն են վերականգնում:

Իսկ այժմ հարցադրման մասին ըստ էության: Ո՛չ, թվեր ու իրողություններ չենք ներկայացնելու: Սահմանափակվելու ենք պաշտոնական ծանրակշիռ փաստաթղթեր վկայակոչելով, որոնցում ժամանակին դա պետք է արձանագրված լիներ, և որոնք կազմված, ստորագրված կամ վավերացված են հենց «նախկինների» դեմ քարոզչական այսպիսի էժան պատվերներ տվող Ռ. Քոչարյանի կողմից: Եվ այսպես՝

ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

ըստ 1998-ի հեղաշրջման կարգախոսի

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1997-ի վերջում մեղադրվում էր «պարտվողականության» մեջ: Մեղադրանքը հստակ ենթատեքստ ուներ, որ ասվում էր նաև բաց տեքստով. հակամարտության մեջ մենք հաղթել ենք և այժմ տնտեսական և ռազմական առումով ավելի հզոր ենք, քան Ադրբեջանը, կարող ենք նրան հաշտության մեր պայմանները թելադրել: Ավելին՝ մենք կարող ենք դիմակայել անգամ միջազգային հանրության ճնշումներին (ինչպես, օրինակ, Թուրքիան Կիպրոսի հարցում):

Ինչի՞ շնորհիվ կարող էր տարածքային, մարդկային, բնական և այլ ռեսուրսներով Ադրբեջանից մի քանի անգամ ավելի թույլ Հայաստանը (տե՛ս ցանկացած հանրագիտարան) նույն ժամանակում (անկախության տարիներին) հասնել իր հարևան Ադրբեջանի նկատմամբ ավելի հզոր լինելու և հակամարտության մեջ նրան հաղթելու իրողությանը: Ընդ որում՝ ի տարբերություն նրա, գտնվելով շրջափակման մեջ և մեջքին ունենալով աղետի գոտի:

Գուցե այդ տարիների իշխանությունը այդ ձեռքբերումներում ինչ-որ դեր ունեցե՞լ է:

Ստացվում է, որ ժամանակին «պարտվողականության» մեղադրանք հնչեցնելով՝ «հաղթողական» Քոչարյանը իր համախոհներով հանդերձ, «խիստ ազգային» ողջ մտավորականությունը՝ Ռ. Դավոյանով հանդերձ, «հույժ հայրենասեր» բոլոր ուժերը՝ ՀՅԴ-ով հանդերձ, ակամա ավելի բարձր են գնահատել «նախկինների» վաստակը, քան իրենք՝ «նախկինները»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի: Այսինքն համոզված էին, որ այդ վաստակի հիմքի վրա Ղարաբաղի հարցում կարելի է հավակնել և հասնել շատ ավելի մեծ արդյունքների:

Ուրեմն այդ ե՞րբ նրանք «այնպե՜ս քանդեցին երկիրը, որ...»:

ըստ Քոչարյանի նախընտրական ծրագրի

Երկրի քանդված ու թալանված լինելու մասին ոչ թե միտք, ոչ թե բառ, այլ ամենահեռավոր ակնարկ իսկ չկա: Իսկ տրված նախընտրական խոստումները բնականաբար հաշվարկված են եղել հանրապետության իրական վիճակի բազայի վրա, որին վարչապետ Քոչարյանը լավագույնս տիրապետում էր: «Հիմնահատակ քանդված ու թալանված» երկիր ղեկավարելու հայտ ներկայացնող գործիչը չէր կարող, իրավունք չուներ այդպիսի խոստումներ տալ: Ուրեմն, երկուսից մեկը.

ա) Քոչարյանը որպես նախագահ երկիրը ժառանգել է այնպիսի վիճակում, որը նրան նման խոստումներ տալու իրական առարկայական հիմք է տվել, իսկ հիմա, իր խորհրդականների բերանով ստում է՝ ասելով, թե անհույս քանդված և թալանված երկիր է ժառանգել:

բ) Քոչարյանը երկիրը ժառանգել է քանդված ու թալանված վիճակում, սակայն դա խնամքով թաքցրել է ժողովրդից, և իր նախընտրական ծրագրում է ստել, կեղծ խոստումներով անամոթաբար խաբել է ընտրողներին:

Քոչարյանը և նրա խոսափող Ռ. Դավոյանը իրենց ճաշակով կարող են ընտրել այս տարբերակներից մեկնումեկը, կամ, եթե ունեն, առաջարկեն իրենցը:

Քոչարյանի ստորագրությամբ վավերացված

Ենթադրենք իշխանության տենչը ստիպել է Քոչարյանին դիմել այսպիսի նախընտրական «հնարքի»: Ուրեմն՝ նախագահ դառնալուց հետո նա արդեն կարող էր բացահայտ ասել իր ստացած իրական ժառանգության մասին:

Այդ բանը նա կարող էր անել իր կազմած կառավարությունների ծրագրում: Մեզ չհաջողվեց այստեղ ևս որևէ ակնարկ գտնել «քանդված ու թալանված երկիր» ստացած լինելու մասին: Ավելին՝ կան գոհունակության արտահայտություններ, դրական գնահատականները արտահայտող մտքերը: Այսինքն՝ «նախկինների կողմից երկիրը հիմնահատակ քանդած ու թալանված լինելու» մասին միտքը չի արձանագրվել ո՛չ 1997-ին, ո՛չ 1998-ին, ո՛չ 1999-ին, չի արձանագրվել բոլոր այն փաստաթղթերում, որտեղ դրա տեղն էր, որտեղ դա պարտավոր էր լինել: Ընդհակառակը՝ արձանագրվել է բոլորովին հակառակ իրողություն:

Ներկայացնենք դրանցից մեկը՝ նոյեմբերի 30-ով թվագրված մի փաստաթղթով, որ Արամ Սարգսյանի կառավարության ծրագիրն է՝ վավերացված Ռ. Քոչարյանի ստորագրությամբ:

«Անկախություն ձեռք բերելուց հետո անցած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետությունն ունի մի շարք կարևոր ձեռքբերումներ՝

ա) բազմաթիվ փորձություններ անցած ֆինանսական կայունությունը, հետևողականորեն իրականացվող կոշտ դրամավարկային քաղաքականությունը, վերահսկվող ու ցածր մակարդակ ունեցող սղաճը և բաց տնտեսության արտաքին տնտեսական քաղաքականությունը.

բ) ոչ պետական հատվածի ձևավորումը՝ շնորհիվ զանգվածային մասնավորեցման և դրա գերակշիռ դերը երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորման գործում.

գ) տեղական ինքնակառավարման համակարգի ներդրումը, դրա զարգացման համար նախադրյալների ստեղծումը.

դ) միջազգային, այդ թվում՝ ֆինանսական կառույցներին անդամակցությունը, այդ կազմակերպություններից արտոնյալ վարկեր ստանալու լայն հնարավորություններն ու այդ կազմակերպություններում Հայաստանի դրական համբավը.

ե) տարբեր պետություններից 1992 թվականից ի վեր ստացվող նշանակալի օգնությունը, որը նույնպես վկայում է Հայաստանին աշխարհում վստահելի գործընկեր ճանաչելու մասին.

զ) էներգետիկ ճգնաժամի հաղթահարումն ու Հայաստանն էներգադեֆիցիտ երկրից էներգիայի պոտենցիալ արտահանող դարձնելը.

է) 1994 թվականից մինչև այժմ շարունակվող, իհարկե ոչ բավարար տնտեսական աճը.

ը) մարտունակ բանակի կայացումը, հաղթանակը Ղարաբաղում և 1994 թվականից պահպանվող զինադադարը.

թ) ժողովրդավարական պետության և շուկայական տնտեսության համար անհրաժեշտ հիմնական կառույցների առկայությունն ու կանոնակարգված աշխատանքը.

ժ) Սահմանադրության ընդունումը և դրանում ամրագրված համակարգերի աստիճանական ձևավորումը.

ժա) խոսքի և մամուլի ազատությունը.

ժբ) այլակարծության վրա խարսխված բազմակուսակցական քաղաքական համակարգը և այլն:

Նորից հիշեցնենք ընթերցողին, որ սույն քաղվածքը իրենց մասին «նախկին» իշխանությունները չեն հեղինակել: Այն իր ստորագրությամբ վավերացրել է Ռ. Քոչարյանը 1999թ. նոյեմբերի 30-ին: Ռ. Դավոյանն էլ, որպես վերջինիս խորհրդական, պետք է որ կարդացած լինի իր շեֆի ստորագրած սույն կարևոր փաստաթուղթը:

Հետևություններ, որոնցից դժվար է խուսափել

Ինչո՞ւ «նախկինները երկիրն այնպես են քանդել, որ անհնար է վերականգնել» ինքնարդարացման այս միջոցին

Քոչարյանը ավելի վաղ չէր դիմում: Երկու պատճառով:

Առաջին՝ դեռ չէին սպառվել «նախկիններին» վարկաբեկելու համար ավելի «արդյունավետ» աշխատող թեմաները, և դրանք իրականացնող գործող անձինք դեռ իրեն էին ծառայում: Օրինակ՝ «լափած մազութի գործը», «կերած վարկերի գործը», «քրեական» Սիրադեղյանի ու «կոռումպացված» Բլեյանի և բազմաթիվ այլ «գործերը»: Բայց դրանք բոլորը, անգամ մեր հանձնակատար արդարադատության պայմաններում, փուչիկի պես պայթեցին: Ինքն էլ գիտեր, որ պիտի պայթեին, բայց ինչ-որ նստվածք հասարակության մեջ մնաց... Իսկ նպատակը հենց դա էր՝ նստվածքը, դրանով տականքին ակտիվացնելը, հասարակությունը հիպնոսացնել ամբոխի վերածելը:

Երկրորդ՝ այսօր Քոչարյանը բացահայտ տեսնում է, որ աննախընթաց ձախողումները բոլոր բնագավառներում են՝ և՛ տնտեսական, և՛ ներքաղաքական, և՛ հատկապես արտաքին քաղաքական: Ընդ որում՝ դրանք աղետալի խորացման միտում ունեն: Նույնիսկ ամենասկզբունքային հարցում՝ 8000 կմ/քառ. տարածքով անկախ Ղարաբաղ ծրագրի ջատագովը այսօր համեստորեն ԼՂ-ի «փաստական անկախությունից» այն կողմ չի անցնում: Մինչդեռ հասարակությունը բացատրություն է ուզում: Այդ բացատրությունը տրամաբանական լինել չի կարող. չկա՛ն այդպիսի հիմքեր: Այդ բացատրությունը կարող է լինել միայն պարզունակ, ամբոխահաճ, ամբոխացա՛ծ ժողովրդի համար ընդունելի: Եվ գտել են՝ «նախկիններն այնպե՜ս են քանդել ու թալանել, որ...»:

Քոչարյանը հույս ունի, որ այս տարիներին իրեն հաջողվել է ժողովրդին վերածել մտածելու ոչ ունակ, պարզունակ կարգախոսներ կլլող ամբոխի:

Ու խեղդվելուց փրկվելու համար ձեռքը փրփուրին է գցում...

Վահան Մարտիրոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 299, նոյեմբերի 20, 2001 թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ