...

Օրվա առիթով՝ կենացի փոխարեն

Օրվա առիթով՝ կենացի փոխարեն

Դեռևս 2016 թ․, երբ հազիվ էինք հաղթահարել Ապրիլյան քառօրյա պատերազմն ու հասկանում էինք, որ Արցախի հացում ինչ-որ բան այն չէ, Սերժ Սարգսյանի իշխանությունը շրջանառության մեջ դրեց Ազգ-բանակ կոնցեպտը։ Սկսվեց բուռն քննարկումների շրջանը։ Եվ ահա 2016․ դեկտեմբերի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքային ելույթում հայտարարեց․ «Այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգա­վորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին»։ Հետո հավելեց․ «Թվում էր, թե 2008 թվականի տնտեսական ճգնաժամի դեռ­ևս չհաղթահարված հետևանքները, արտագաղթի ահագնացող տեմպերը, վտանգավոր չափերի հասած պետական պարտքը, դրա հետ կապված դեֆոլտի սպառնալիքը և մանավանդ ապրիլ­յան պատերազմի առաջացրած ցնցումը սթափեցնող ազդեցու­թյուն կունենան Հայաստանի իշխանությունների վրա՝ նրանց ստի­պելով արմատապես վերանայել Ղարաբաղի հարցում իրենց որդեգրած ապակառուցողական, աղետաբեր քաղաքականու­թյու­նը, և նշված մարտահրավերները դիմագրավելու բոլորովին այլ ռազմավարություն մշակել։ Սակայն դատելով վարչախմբի արձագանքից, կարծես թե, այս հարցում էլ մեզ հիասթա­փու­թյուն է սպասում, քանի որ ակնկալված ռացիոնալ քայլերի փո­խարեն, նա հրապարակ է նետել մի նոր անհեթեթ գաղա­փա­րախոսություն, որը կրկին մեզ դեպի փակուղի է առաջնորդում, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Խոսքը վերաբերում է «ազգ-բանակ» ձևավորելու մտահղացմանը, որը ցավալիորեն տեղ է գտել անգամ նոր կառավարության ծրա­գրում»։

Ի՞նչ էր ասել Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ այս կոնցեպտի մասին և ի՞նչ ցույց տվեց ժամանակը։ Ահա այս պայմանական վերնագրի ներքո առաջարկում ենք վերընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթի համապատասխան կտորները, որոնք առանձնացրել ենք։ Գուցե նորից մտորենք, գտնենք որոշ հարցերի պատասխաններ ու համարենք, որ տոնական այս օրը էլի մի օր լինելու է մեր ուրախության ու հպարտության նշանը տոնացույցում։

Լևոն Տեր-Պետրոսյան․ «․․․․Նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչ է թաքնված տվյալ հասկացության (Ազգ-բանակ-խմբ․) տակ։ Ամազոնուհիներին չհաշված, պատմությանը հայտնի է «ազգ-բանակի» ստեղծման երեք հաջողված դեպք՝ առաջին երկուսը միջնադարյան Մոնղոլիայում և Շվեյցարիայում, իսկ երրորդը՝ ժամանակակից Իսրայելում, նկատի առնելով, անշուշտ, որ միջ­նադարի պարագայում «ազգ» բառն օգտագործվում է պայմա­նա­կանորեն։ Երևույթի մասին տարրական պատկերացում կազ­մելու համար, կարծում եմ, արժե թեկուզ համառոտակի անդրա­դառնալ նշված դեպքերից յուրաքանչյուրին։ XIII դարի սկզբին Չինգիզխանը, զենքի ուժով միավորելով միմյանց դեմ դարերով մարտնչած մոնղոլական տասնյակ ցեղե­րին, միջցեղային հարաբերությունների ավանդական համակար­գը փոխարինեց բանակային կուռ կառուցվածքով։ Բոլոր տղա­մարդիկ զորակոչվեցին բանակ՝ հերթագայությամբ ծառայելով տասնյակներից, հարյուրյակներից, հազարյակներից ու տասհա­զարյակներից (թուման) կազմված նրա ստորաբաժանումներում։ Դա մի կողմից արթնացրեց մոնղոլների «ազգային» ընդհանրու­թյան գիտակցությունը, մյուս կողմից՝ հնարավորություն ընձեռեց ստեղծելու մի այնպիսի ահեղ զինական ուժ, որի շնորհիվ այդ փոքրաթիվ ժողովուրդը կարճ ժամանակի ընթացքում կերտեց աշխարհի ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը, տիրե­լով Խաղաղ օվկիանոսից մինչև Լեհաստան ու Անատոլիա ըն­կած և իրենից գրեթե 200 անգամ ավելի բնակչություն ունեցող տարածքին։ Այդ հսկայածավալ կայսրությունը, սակայն, գոյա­տե­ւեց ընդամենը հինգ-վեց տասնամյակ, Կուբիլայ Մեծ խանի մահվան տարում (1294թ.) բաժանվելով չորս մասի՝ նվաճումների դադարումից հետո մոնղոլների ռազմական էներգիայի սպառ­ման, կայսրությունը միավորող գաղափարախոսություն ձևավո­րելու անկարողության և գլխավորապես մոնղոլ ժողովրդի փոք­րաքանակության պատճառով։ 

Ինչպես նշվեց, «ազգ-բանակի» ձևավորման հաջորդ հաջող­ված փորձը շվեյցարականն է, որի դրդապատճառներն ու հետա­պնդած նպատակները, սակայն, տարբերվում են մոնղո­լակա­նից։ Եթե մոնղոլների պարագայում դա ուղղված էր իրենց նվա­ճողական նկրտումներին հագուրդ տալուն, ապա շվեյցարացի­ների մոտ թելադրված էր թշնամական միջավայրում սեփական երկրի գոյատևումն ապահովելու պահանջից։ Գերմանա-ֆրան­սա-իտալական խառը բնակչություն ունեցող ալպյան հովիտնե­րի ավատատիրական իշխանությունները շվեյցարական դաշնու­թյան ձևավորման ավելի քան հինգհարյուր տարիների ընթաց­քում (1291–1815 թթ.), հարկադրված լինելով դիմագրավելու ահեղ հարևանների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի շարու­նակական հարձակումները, ապավինել են բացառապես սեփա­կան ուժերին և մարտունակ բանակի կերտումը դիտել որպես ազգային գերխնդիր։ Ու թեև վերջին 200 տարիներին Շվեյցա­րիան, օժտված լինելով չեզոք երկրի կարգավիճակով, արտաքին վտանգների չի ենթարկվել, և եվրոպական մայրցամաքում տեղի ունեցած բոլոր, այդ թվում, առաջին և երկրորդ համաշխար­հա­յին պատերազմները շրջանցել են նրան, ավանդույթի ուժով, այսօր էլ բանակը մնում է շվեյցարացիների համազգային հոգա­ծության առարկան, որում զորակոչվածի, պայմանագրային ծա­ռա­յողի, կամավորի և պահեստազորայինի հանգամանքով ներ­գրավված են 18-ից 50 տարեկան բոլոր առողջ տղամարդիկ։ Պատահական չէ, որ ոմանց կողմից Շվեյցարիան, մեկ շնչին ընկնող զինվորականների թվով, համարվում է աշխարհի ամե­նա­ռազմականացված պետությունը, որն ի վիճակի է, փայլուն պատրաստված պահեստազորի մոբիլիզացիայի շնորհիվ, մեկ-երկու օրում տասնապատկել իր զինված ուժերի թվաքանակը։ 

Քանի որ «ազգ-բանակ» գաղափարի հայ ջատագովներն ընդ­օրինակման առարկա են համարում իսրայելյան փորձը, հարկ է առաջանում դրան անդրադառնալ մի փոքր ավելի մանրամաս­նորեն։ «Ազգ-բանակի» իսրայելյան ծրագրի իրականացման դրդա­պատճառն, ըստ էության, չի տարբերվում շվեյցարականից, թե­լադրված լինելով թշնամական միջավայրում ժողովրդի ան­վտան­գությունն ու պետության գոյատևումն ապահովելու միև­նույն պարտադրանքից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի բանաձևի հիման վրա Պաղեստինը բաժանվեց երկու հավասար մասի՝ տասնչորսհազարական քառակուսի կիլո­մետր տարածքներով։ Իսրայելը ճանաչեց այդ բանաձևը և Պա­ղեստինում բրիտանական մանդատի ժամկետի սպառման օրը, 1948թ. մայիսի 14-ին, հռչակեց իր անկախությունը։ Պաղեստին­ցի արաբներն ու արաբական երկրները հրաժարվեցին ենթարկ­վել ՄԱԿ-ի բանաձևին և հաջորդ օրն իսկ պատերազմ հայ­տա­րարեցին Իսրայելին, սակայն ջախջախիչ պարտություն կրելով, հարկադրված զինադադար կնքեցին։ Այսպիսով, անխտիր բոլոր հարևան արաբական պետություններից համակեցության մեր­ժում ստանալով, Իսրայելն, իր գոյությունը պահպանելու համար, ստիպված եղավ բացառապես ապավինել սեփական ռազմական ուժին և հնարավորինս հզորացնել իր բանակը, ինչի շնորհիվ կարողացավ հաղթանակներ տանել նաև հետագա պատերազմ­ներում։ Արաբա-իսրայելյան հակամարտության մթնոլորտն ար­մա­տա­պես բարելավվեց 1978–1979 թթ. Քեմփ-Դեվիդյան համա­ձայնագրերի ստորագրումից և Եգիպտոսի ու Հորդանանի հետ Իսրայելի կնքած հաշտության պայմանագրերի վավերացումից հետո։ Իսկ 1993 թվականին Իսրայելի պետությունը ճանաչվեց նաև Պաղեստինի Ազատագրության կազմակերպության (PLO) կողմից, ինչը սկիզբ դրեց Իսրայելա-Պաղեստինյան հաշտու­թյան գործընթացին, որը մինչ օրս դեռ չի ավարտվել։ Հարկ է ավելացնել, որ գոյապահպանության և երկրի անվտանգության ապահովման գլխավոր առաքելության իրականացումից բացի, իսրայելական բանակաշինության ծրագիրը կողմնակիորեն նպաս­տել է նաև ազգային մի քանի այլ խնդիրների լուծմանը, մաս­նավորապես, բազմաթիվ երկրներից ներգաղթած տարալեզու ու տարամշակույթ քաղաքացիների խայտաբղետ զանգվածից ընդ­հա­նուր լեզվով ու մշակույթով միասնացած ժամանակակից ազ­գի ձևավորման, գիտության և տեխնիկական մտքի սրընթաց զար­գացման, ինչպես նաև ռազմա-արդյունաբերական համալի­րում ներդրվող նոր տեխնոլոգիաները տնտեսության զանազան ոլորտներում կիրառելու առումներով։ Իսրայելական զինված ուժե­րի առանձնահատուկ դերի արտահայտությունն է նաև այն, որ զինապարտությունը տարածվում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց վրա և, որ այդ երկրի վերջին վաթսուն տարիների ութ վարչապետերից երեքը (Ռաբին, Շարոն, Բարաք) եղել են գեներալներ, իսկ երկուսը (Բեգին, Շամիր)՝ երկրապահական «Իրգուն» կազմակերպության լեգենդար հրամանատարներ։ 

Ժամանակի սղությունը թույլ չի տալիս ավելի հիմնավորա­պես լուսաբանել «ազգ-բանակի» ստեղծման պատմական այս նախադեպերը և խորանալ դրանցից յուրաքանչյուրի բովանդա­կության առանձնահատկությունների, տնտեսական, ժողովրդա­գրա­կան և հասարակական զարգացումների վրա նրանց ունեցած ազդեցության և այլ հարցերի մեջ։ Կարծում եմ, սա­կայն, որ այս թռուցիկ ակնարկն անգամ հստակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսի դրդապատճառներ ու գոր­ծոններ են ազդել նման գաղափարի հղացման վրա, և որքան ռեսուրսներ են պահանջվել դրա իրականացման համար, նկա­տի ունենալով, անշուշտ, թե՛ մարդկային, և թե՛ նյութա-տնտե­սական ռեսուրսները։ Դրդապատճառների վերաբերյալ, ինչ որ պետք էր, արդեն ասվեց։ Իսկ ռեսուրսների մասին ավելորդ է խոսել, որովհետև քանի խոսքը վերաբերում է հաջողված փոր­ձերին, նշանակում է, դրա համար անհրաժեշտ ռեսուրսները լիուլի բավարարել են։ 

* * * Ներածական այս հիմնադրույթներից բնականաբար բխում է, որ «ազգ-բանակի» կառուցման հայկական տարբերակի ճար­տա­րապետները պարտավոր են, առաջին հերթին, պատաս­խանել հետևյալ երեք հարցերին. ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված այդ ծրագիրը, ի՞նչ խնդրի լուծմանն է կոչված այն, և որքա՞ն ռեսուրսներ են պահանջվելու նրա իրականացման համար։ Խախտելով հարցերի հաջորդականությունը, նախ անդրա­դառ­նանք ռեսուրսներին։ Ի տարբերություն, որպես օրինակ բեր­վող, Իսրայելի, որի հրեա բնակչության թվաքանակը անկախու­թյունից ի վեր անշեղորեն աճել և 600 հազարից այսօր հասել է շուրջ 7 միլիոնի, Հայաստանի բնակչությունը 1988թ. երկրաշար­ժից ու խորհրդային փակ սահմանների փլուզումից հետո անընդ­հատ նվազել է՝ մի գործընթաց, որն այս պահին էլ դադարելու կամ թեկուզ դանդաղելու որևէ միտում չի դրսևորում։ Մարդ­կա­յին ռեսուրսների առումով Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում Սփյուռքի հետ։ Ինքս սփյուռքահայ լինելով, ինձ իրավունք եմ վերապահում ամենայն պատասխանատվու­թյամբ հայտարարել, որ այդ ակնկալիքը բացարձակ ցնորք է և ինքնախաբեություն։ Բավական է հիշեցնել, որ 1990-ականների եռամյա պատերազմին մասնակցել է ընդամենը 12 սփյուռքա­հայ։ Այդ թիվը ժամանակին ցավով հրապարակել է ոչ այլ ոք, քան պատերազմի բոլոր մանրամասներին տիրապետող Վազ­գեն Սարգսյանը։ Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսներին, ապա այստեղ էլ պատկերը նույնքան տխուր է, որքան մարդկային ռեսուրսների պա­րագայում։ Հայաստանի տնտեսությունը, 1994–2008 թվա­կան­ների որոշ վերելքից հետո սոսկալի անկում է ապրում, ընդ որում, ցավոք, առանց առողջացման որևէ հեռանկարի։ Ինչպես ասում են՝ թունելի վերջում լույս չի երևում։ Դա ամենևին չի նշանակում, թե Հայաստանում ազգային հարստություն չի ստեղծ­վում։ Անշուշտ ստեղծվում է, բայց 2001 թվականից ի վեր, բարձր­աստիճան պաշտոնյաների կողմից դրա անխնա թալանի պատ­ճառով ծախսվում է սեփական բիզնեսների զարգացման, շքեղ ապարանքների կառուցման և Աֆրիկայում առյուծի որսով զբաղ­վելու վրա, իսկ մնացյալ գումարը կուտակվում է արտասահման­յան բանկերում։ Որպեսզի պատկերացնեք, թե ինչ ծավալի թա­լանի մասին է խոսքը, նշեմ, որ այն միանգամայն բավարար էր այսօր 300000 բնակչությամբ Ղարաբաղ և գերժամանակակից զինատեսակներով հագեցած բանակ ունենալու համար։ Եթե Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը ողբալի չլիներ, ապա իշխանությունները, զոհված ու հաշմանդամ զինծառայող­ների ընտանիքների կարիքները հոգալու համար, ոչ մի այլ պա­րագայում չէին ընդունի ժողովրդից 1000-ական դրամ մուրալու խայտառակ օրենքը, ինչը, առաջին իսկ քայլով «ազգ-բանակ» գաղափարը վարկաբեկելուց բացի, ծանր հարված հասցրեց պե­տության արժանապատվությանը, մեզ ծաղրի առարկա դարձնե­լով աշխարհի առջև։ Նյութական ռեսուրսների առումով ևս առանձ­նապես հույս չպետք է դնել Սփյուռքի էական աջակցության վրա։ Նախ՝ Սփյուռքն ինչո՞ւ պիտի օգնի Հայաստանին, որի հարստու­թյունը թալանվում է սեփական իշխանավորների կողմից, և երկրորդ՝ երախտագիտությամբ գնահատելով հանդերձ սփյուռ­քա­հայ բարերարների և հասարակ ժողովրդի կողմից անկա­խության շրջանում Հայաստանին ցուցաբերված մարդասիրա­կան օգնությունը, չպետք է մոռանալ, որ այն երբեք չի գերա­զանցել մեր երկրի տարեկան բյուջեի երկու-երեք տոկոսը։ Իսկ սա, եկեք համաձայնենք, չնչին նպաստ է մի այնպիսի ծախսա­տար ծրագրի իրականացման գործին, ինչպիսին «ազգ-բանա­կի» կառուցումն է։ Անգամ եթե Հայաստանի ողջ տարեկան բյու­ջեն տրամադրվեր այդ ծրագրի իրականացմանը, դա նույնպես անբավարար կլիներ։ 

* * * Այժմ անցնենք այն հարցին, թե ինչպիսի՞ պարտադրանքից է թելադրված «ազգ-բանակի» կառուցման հայկական ծրագիրը կամ, թե ո՞րն է դրա հղացման դրդապատճառը։ Ինչպես տե­սանք, մոնղոլների պարագայում դրդապատճառը այլ երկրներ նվաճելու նրանց ձգտումն էր, իսկ միջնադարյան Շվեյցարիայի և ժամանակակից Իսրայելի դեպքերում՝ թշնամական միջա­վայ­րում սեփական ժողովուրդների անվտանգությունն ու պետա­կանության գոյատևումն ապահովելու խնդիրը։ Հայ ժողովրդի նվաճողական նկրտումների մասին ծիծաղելի է խոսել, եթե, իհարկե, նկատի չունենանք Բաքուն գրավելու, Արևմտյան Հա­յաս­տանն ազատագրելու և ծովից-ծով Հայաստան ստեղծելու ցնորամիտ անուրջները։ Ինչ վերաբերում է «ազգ-բանակի» ստեղծման հարցում անվտանգության ու գոյատևման անհրա­ժեշ­տությունից բխող պարտադրանքին, ապա շվեյցարական փորձը պետք է լիովին զանց առնել, որովհետև միջնադարն ավարտվել է, և պետությունների հարաբերություններն այսօր կարգավորվում են միջազգային իրավունքի բոլորովին այլ սկզբունքներով։ Թվում է, թե այս տեսակետից Հայաստանի խնդիրները համեմատելի են Իսրայելի խնդիրների հետ։ Իրոք համեմատելի են, սակայն լուրջ վերապահումներով։ Նշվեց արդեն, որ արաբա-իսրայելյան տևական առճակատ­ման հիմքը միջազգային իրավունքին հակասող այն իրողու­թյունն է, որ արաբական երկրները հրաժարվեցին ենթարկվել Պաղես­տինի բաժանման վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947թ. նոյեմբերի 29-ի ընդունած բանաձևին և Իսրայելի ան­կախության հռչակման հաջորդ օրը պատերազմ հայտարարե­ցին վերջինիս։ Իսրայելին, հետևաբար, այլ բան չէր մնում, քան ապավինել սեփական ուժերին և ձեռնամուխ լինել «ազգ-բա­նակի» կառուցման գործին։ Այսինքն՝ Իսրայելը ոչ թե կամովին է հանգել այդ մտքին, այլ իսկզբանե պարտադրված է եղել դիմելու նման բացառիկ քայլի։ Ի դեպ, Եգիպտոսի ու Հորդանանի հետ հաշտության պայմանագրերի կնքումից և դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անգամ այդ պար­տա­դրանքը չի վերացել, քանի որ 21 արաբական և իսլամական պետություններ, ՄԱԿ-ի կանոնադրության ոգուն հակառակ, այդ­պես էլ մինչ օրս Իսրայելի հանրապետությունը չեն ճանաչել, ին­չը լրջագույն մտահոգության առարկա է շարունակում մնալ վեր­ջինիս համար։ Իսկ այժմ տեսնենք, թե, անգամ բավարար ռեսուրսների առ­կա­յության պարագայում, ինչն է Հայաստանին ստիպում ընթա­նալ Իսրայելի որդեգրած ճանապարհով։ Ի տարբերություն Իս­րա­յելի, Հայաստանը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետու­թյուն­ների կողմից, բացառությամբ Պակիստանի։ Սահմանակից հարևաններից միայն երկուսի՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չու­նի։ Մյուս երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ իսկզբա­նե հաստատված են ջերմ բարեկամական հարաբերություններ, որոնք փոխշահավետության և աշխարհաքաղաքական նկատա­ռումներով, ոչ միայն բնավ խաթարելի չեն, այլև խորացման ու ավելի արդյունավետ համագործակցության հեռանկար են ցու­ցա­նում։ Անկախությունից ի վեր Իսրայելը վեց լայնածավալ պա­տերազմներ է մղել իր չորս հարևանների՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի ու Լիբանանի դեմ (1948, 1956, 1967, 1973, 1982, 2006 թթ.), չհաշված Իրաքի միջուկային կենտրոնին հասցված օդա­յին հուժկու հարվածը (1981թ.)։ Մինչդեռ Հայաստանը սահ­մա­նային ռազմական առճակատման մեջ է գտնվել միայն հարևաններից մեկի՝ Ադրբեջանի հետ։ Այս առումով, իմիջիայլոց, տե­ղին է նշել, որ ներկայիս Հայաստանի վիճակը տարբերվում է ոչ միայն Իսրայելի, այլև Հայաստանի առաջին հանրապետության վիճակից, որն իր գոյության երկուսուկես տարիների ընթացքում պատերազմել է իր չորս հարևաններից երեքի՝ Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակասությունների վերա­ցումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կախված են ընդամենը մեկ հարցի՝ Ղարաբաղյան հակամար­տության կարգավորումից, որին մանրամասն կանդրադառնամ քիչ հետո։ Չպետք է անկարևոր համարել այն իրողությունը, որ հակառակ այդ հարցում Ադրբեջանի հանդեպ Թուրքիայի ցուցա­բերած անվերապահ քաղաքական աջակցությանը, վերջինս, շրջա­փակումից բացի, Հայաստանի դեմ որևէ այլ թշնամական գործո­ղություն չի ձեռնարկել և ոչնչով չի կարողացել խանգարել Ղա­րաբաղի տարածքային ընդարձակմանը։ Ավելին, գուցե պարա­դոք­սալ հնչի, ցուցադրական աջակցությամբ մեծ հույսեր ներշն­չելով ու դրանով անզիջողականության մղելով Ադրբեջանին, Թուրքիան որոշ առումով նույնիսկ նպաստել է արցախյան բա­նակի արձանագրած հաջողություններին։ Եթե, հակամար­տու­թյան հարցում կողմերից մեկին աջակցելու փոխարեն, նա չեզո­քություն պահպաներ ու դրանով Ադրբեջանին անզիջողա­կանու­թյան չդրդեր, ապա Քելբաջարից հետո վերջինս չէր կորցնի իր տարածքի հավելյալ հինգ շրջանները։ Թուրքիայի ապակառու­ցո­ղա­կան միջամտությունն, այսպիսով, ոչ թե թուլացրել, այլ ավե­լի ևս սրել է Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծ­ված լարվածությունը։ Ինչևիցե, վերոշարադրյալից ակնհայտորեն հետևում է, որ Հայաստանը զերծ է իր գոյությանն սպառնացող գրեթե բոլոր այն արտաքին վտանգներից, որոնք անկախության ավելի քան քառասուն տարիներին սպառնացել են Իսրայելին և այսօր էլ դեռ շարունակում են սպառնալիք մնալ։ Հետևաբար, մեր եր­կիրը, անշուշտ ուշադրության կենտրոնում պահելով ազգային բանակի հզորացման անհրաժեշտությունը, ամենևին պարտա­դր­ված չէ հետևելու «ազգ-բանակի» կառուցման իսրայելյան օրի­նակին։ Արաբական և իսլամական աշխարհի հետ Իսրայելի ունե­ցած խնդիրների համեմատությամբ, Հայաստանի ու Ղարա­բաղի խնդիրները շատ ավելի լոկալ ու լուծելի են։ Այդ պատ­ճառով է, մասնավորապես, որ միջազգային հանրությունը դրանք առայժմ առաջնահերթություն չի դիտում։ Այս ամենից բացի, Իսրայելյան փորձի ընդօրինակումը խոցելի է նաև մի այլ՝ մե­թոդաբանական առումով։ Ամենևին պարտադիր չէ, որ որևէ երկրում կիրառված արդյունավետ համակարգը կիրառելի լինի նաև ուրիշ երկրներում։ Չինական տնտեսական բարեփոխում­ների հրաշքն, օրինակ, կարող էր տեղի ունենալ միայն Չինաս­տանում։ Մի խոսքով, մեր պարագայում «ազգ-բանակի» կառուցման ծրա­գիրը ձախորդ, չմտածված, վտանգավոր ծրագիր է, որի միակ արդյունքը լինելու է արտագաղթի խթանումը և Հայաստանի ու Ղարաբաղի վերջնական հայաթափումը։ Տպավորություն է ստեղծ­վում, որ վարչախումբը մտադիր է «ազգ-բանակ» ծրագիրն իրա­կանացնել նրա բաղադրիչներից մեկի՝ ազգի վերացման գնով։ Այսինքն՝ որոշ ժամանակ անց մենք գուցե հզոր բանակ ունե­նանք, բայց հարց է՝ ազգ մնացած կլինի, թե՞ ոչ։

Բնականաբար հարց է առաջանում. եթե, ինչպես տեսանք, Հա­յաստանն իր անվտանգ գոյությունը պահպանելու համար պար­տադրված չէ դիմելու «ազգ-բանակի» ստեղծման ծայրահեղ քայլին, ապա այդ խնդիրն իր առջև դնելով, ի՞նչ նպատակ է հե­տապնդում մեր երկրի իշխանությունը։ Կարելի է, իհարկե, մտա­ծել, և այդպես մտածողներ կան, որ «ազգ-բանակ» գաղա­փարի առաջքաշումը իշխող կուսակցության հերթական հայրե­նա­սի­րախաղերից կամ նախընտրական փուչ կարգախոսներից մեկն է՝ «ազգովի դառնանք ֆիդայի», «համաշխարհային ազգ», «ազգ-կազմակերպություն», «ծովից-ծով Հայաստան», «Քուռ-Արաքս­յան հանրապետություն», «ոչ մի թիզ հող», «համահայկական բանկ», «Գյումրին՝ տեխնոպարկ», «Դիլիջանը՝ ֆինանսական կենտ­րոն», «Ստամբուլը՝ արյան ծով» հեքիաթների շարքից։ Եթե այդ­պես է, ուրեմն «ազգ-բանակի» գաղափարն այնքան էլ վտան­գա­վոր չէ, որովհետև նախորդ փուչիկների պես շուտով կպայթի։ Իսկ եթե վարչախմբի մտադրությունն այս անգամ լուրջ է, ապա անհրաժեշտ է հարցին անդրադառնալ նույնքան լրջորեն։ Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այդ գաղափարը ստատուս-քվոյի պահպանման միևնույն ռազմավարությունն է՝ մատուցված ուրիշ փաթեթավորումով։ Այսինքն, մեր իշխանու­թյա­նը հոգեհարազատ մարկետինգի տրամաբանությամբ՝ իր սնան­կությունն ապացուցած, բարոյապես մաշված և սպառողին ձանձրացրած բրենդը փոխարինվել է մի այլ, ավելի գրավիչ ու բարեհունչ բրենդով։ Այլ կերպ ասած, դաս չքաղելով անցած 18 տարիների դառը փորձից, վարչախումբը որոշել է շարունակել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հավերժ առճակատման տխրա­հռ­չակ քաղաքականությունը, որն այս կարճ ժամանակա­միջո­ցում արդեն իսկ տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական ու բարոյահոգեբանական բազում ավերներ է գործել Հայաստա­նում և Ղարաբաղում։ Դա նշանակում է առնվազն ևս 18 տարի ենթարկվել այդ ավերներին, մինչև Հայաստանից ու Ղարաբա­ղից բան չմնա, և խնդիրն ինքնըստինքյան կորցնի իր ակտուա­լությունը։ Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտան­գու­թյան, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վի­ճա­կի բարելավման գլխավոր երաշխիքը Ղարաբաղյան հակամար­տու­թյան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավո­րումն է։ Պարզվում է, սակայն, որ այս տարրական ճշմարտու­թյունն ըմբռնելու համար 18 տարին էլ չի բավականացրել մեր իշխանություններին։ Իրականում խնդիրը մեկն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը, որից հետո հայ-թուրքական հարաբերություն­ները կկարգավորվեն ինքնաբերաբար։ Իսկ Ղարաբաղի հարցի լուծման այլ տարբերակ, քան փուլայինը, գոյություն չունի։ Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության դրված է կարգա­վորման փոխզիջումային նույն առաջարկը, ինչ 1997 թվականին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազ­գայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տար­բե­րակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ։ Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգ­լիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կար­գավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի։ Բանկօտտոմանյան կամ ոչմիթիզական մտածողություն ունեցող մեր անզիջողականների կողմից շատ սիրված Իսրայելի օրինակը նույնպես դա է ապացուցում։ Քեմփ-Դեվիդյան հաշ­տու­թյունը կայացնելու համար վերջինս Եգիպտոսին վերադարձրեց շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր զբաղեցնող Սինայի թերակղզին, իսկ Պաղեստինի Ազատագրության կազմակեր­պու­թյան կողմից իր պետությունը ճանաչելու դիմաց լիակատար ինք­նավարություն շնորհեց արաբական Պաղեստինին, պատրաստ լինելով, որոշ խնդիրների լուծումից հետո, ճանաչել նաև նրա անկախությունը։ Դրանք դժվարին, ցավոտ փոխզիջումներ էին, հանուն որոնց կայացման Եգիպտոսի նախագահ Անվար Սա­դա­թը և Իսրայելի վարչապետ Իցխակ Ռաբինը նույնիսկ կյանքով հատուցեցին։ Այնպես որ, եթե անհրաժեշտություն կա անպայ­ման օրինակ վերցնելու Իսրայելից, ապա պետք է վերցնել ոչ թե «ազգ-բանակի», այլ «խաղաղություն այժմ (Peace now)» շարժ­ման օրինակը։ Հակամարտությունների փոխզիջումային կարգա­վորման կանոնը «թույլատրված է» խախտել միայն գերտե­րու­թյուններին։ Այդ բանը չգիտակցող Սադդամ Հուսեյնը, զավթելով Քուվեյթը, կործանեց թե՛ իրեն, թե՛ իր երկիրը։ «Փոխզիջման այլընտրանքը պատերազմն է» պնդումը, ապա­ցուցված պատմական անթիվ օրինակներով, վիճարկելի չէ։ Կա­րիք չկա նաև բացատրելու, թե ինչպիսի ողբերգական հետևանքներ են ունենում պատերազմները։ Ոչ իսկ բուն պատե­րազ­մը, այլև նրա սպառնալիքն անգամ հղի է այդպիսի հետևանք­ներով, որոնցից ամենացցունը զանգվածային արտագաղթն է։ Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիա­լական ծանր պայմանների, աղքատության, արդարության բա­ցա­կայության և կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով։ Սա միայն մեզ հատուկ երևույթ չէ, և այդ առթիվ ամենևին չպետք է բարդույթավորվել։ Մեր աչքի առջև, վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում, պատերազմի կամ դրա սպառնալիքի պատճառով միլիոնավոր մարդիկ են արտագաղթել նաև Վրաստանից, Ադրբեջանից, Իրա­քից, Լիբանանից, Սիրիայից, Աֆղանստանից, Սուդանից, Ուկրաի­նայից և մի շարք այլ երկրներից։

Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հաս­նել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կա­րող էինք հասնել դեռևս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունե­ցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տա­րիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլև այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զար­գացող երկիր և ապահով Ղարաբաղ։ Ցավում եմ, որ այս պարզ ճշմարտությունները ժամանակին չհասկացվեցին իմ որոշ գործ­ընկերների կողմից, և մենք կորցրեցինք հարցի լուծման հարմա­րագույն պահը։ Հուսով եմ, որ այս պնդումը կընկալեք ոչ թե որպես ոմանց ուղղված կշտամբանք, այլ որպես զգուշացում առ այն, որ եթե նորից ժամանակ կորցնենք, հետագայում ստիպված ենք լինելու հարցը լուծել ավելի վատ պայմաններով ու շատ ավելի թույլ վիճակում։ 1998 թվականի իշխանափոխության կոր­ծանարար հետևանքների պատճառը պետք է փնտրել ոչ թե գոր­ծող անձանց փոփոխության, այլ քաղաքականության շարու­նա­կականության խաթարման մեջ։ Անցյալը մի կողմ դրած, ակնհայտ է, որ այսօր մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջև, ինչի վկա­յությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղու­թյամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արևմուտքը ևս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստա­հաբար, ոչ միայն գիտակցում, այլև գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում։ 

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1656 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ