...

Վզին դնելու նուրբ արվեստը

Վզին դնելու նուրբ արվեստը

«Հարգելի պարոն Լևոն Տեր-Պետրոսյան, դու այդ նույն խոսքերն ասում էիր 1997 և 98 թվականներին, որ հնարավոր չէ, պետք է զիջել, աշխարհը մեր դեմ է, Սերգո ջան լավ չես ապրի քանի դեռ Արցախը չենք զիջել։ Կյանքը ցույց տվեց, որ քո փոխարեն եղավ այլ իշխանություն, և մենք Արցախը չզիջեցինք ու զարգացանք։ 2018-ին իշխանության եկան քո գաղափարները կրողներն ու հոգեզավակները, որոնք Արցախի 72 տոկոսը տվեցին։ Մեր վզին որևէ մեկը, այդ թվում դու և Նիկոլը ոչինչ չեք կարող փաթաթել»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով․ «Ինչպես դու էիր ասել, ազգակործան պատուհասի հետ սեղան նստելու հարց չունենք»։ Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ հայտարարել է․  «․․․ով էլ լինի Փաշինյանի փոխարեն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ թեկուզ՝ Իշխան Սաղաթելյանը, միևնույն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին: Խնդիրն, ըստ այդմ, Հայաստանի ղեկավարի անձից կախված չէ: Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, և մեր երկրի ներքաղաքական ցնցումները շարունակվեն, ապա մեզ պարտադրվող լուծումները շատ ավելի ցավոտ են լինելու, անկախ այն հանգամանքից, թե Փաշինյանը կամ մեկ ուրիշը կստորագրի վերջնական փաստաթուղթը»: Վերջում նա հավելել է․ «Եթե մեր մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից: Ի դեպ, այսպիսի հորդորով ես հանդես եմ եկել դեռևս ներկայիս ճգնաժամից առաջ, ս.թ. հունվարի 15-ին»:

Կյանքը ցույց տվեց, որ զարգացավ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Իշխան Սաղաթելյանն ու նրա հոգևոր հայրերը՝ դաշնակցական վերնախավից մինչև Ռոբերտ Քոչարյան և մնացյալները։ Կյանքը ցույց տվեց, որ այսօրվա 72 տոկոս տրվածի համար հող նախապատրաստեցին Իշխան Սաղաթելյանն ու նրա հոգևոր հայրերը՝ դաշնակցական վերնախավից մինչև Քոչարյան։ Կյանքը ցույց տվեց, որ Սերգոն և Սերգոյի նման լիքը գործիչներ ոչ միայն լավ ապրեցին ու բարգավաճեցին «զարգացման» տարիներին, այլև հընթացս բուծվեց մարդու-քաղաքացու մի տեսակ, որը չարիք դարձավ Հայաստանի համար։ Կյանքը ցույց տվեց, որ այդ «ծաղկուն» տարիներին քաղաքական միտքը կռտվեց այնպես, որ այսօր հավասարապես իշխանության և ընդդիմության հարթակում կանգնած մնացին հարթուղեղությամբ դիագնոզավորվածները։ Օրգանական ներդաշնակություն կա այսօրվա իշխանության և ընդդիմության միջև։ Դրանք մեկը մյուսի շարունակությունն են, և եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, անկարևոր է դառնալու՝ թե ով ում վզին ինչ է փորձում փաթաթել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2156 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ