Հայաստանի աշխարհագրական դիրքը փոխվել է։ Ինքը, ծաղկավոր շորտիկով ու ծղոտե պանամայով, Ենոքավանի ծովափի արմավենիների տակ փռված՝ մի բաժակ ավոկադոյի տնական օղի է խմում, վրայից կծում թթու դրած բանանը, աչքի պոչով հետևում կենգուրուի խաշլամայի կաթսային ու երանությամբ նայում դեպի ծովը, որտեղ Իջևանի նավահանգիստ մտնելու համար արդեն հերթ են կանգնել կրուիզային զբոսանավերը։ Հեռվում՝ սարի գագաթին, ինչ-որ շինարարություն է ընթանում։ Գագիկ Ծառուկյանն է, որոշել է հայ-թաիլանդական սահմանի մոտ կառուցել Բուդդայի հսկայական արձանը։ Իսկ անմիջապես լողափին երևում է Քոչարյանի բիզնեսի գովազդային ցուցանակը․ «Անմոռանալի սաֆարի՝ մատչելի գներով․ միասին կարո՛ղ ենք»։ Սամվել Կարապետյանի գործերը նույնպես վատ չեն։ Նրա «Տաշիր բունգալո» ընկերությունը, «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ, ծովափնյա սրճարանների ցանց է բացել և աշխատում է զրո տոկոս հարկերով։
Մի խոսքով՝ ամեն ինչ հրաշալի է, միայն աղմուկն է խանգարում։ Մի քանի հարյուր հազար շվեյցարացիներ ու ավստրիացիներ փորձում են մոտենալ իր շեզլոնգին, որպեսզի Հայաստանում վերաբնակվելու թույլտվություն ստանան։ Ինքը ծուլորեն թեքում է գլուխը․ «Աննա՛, մի հատ արի տես դրանց մեջ հաջողակ տղամարդիկ կա՞ն, թե՞ աղքատությունը իրանց գլխներում ա, հիմա եկել են օգտվեն մեր թոփ-թազա աշխարհագրական դիրքից»։ Բայց Աննայի փոխարեն լսվում է մագնոլիայի ճյուղին նստած մեկուկես մետրանոց թութակի ձայնը․ «Աննան հեռռռռացե՛լա, Աննան հեռռռռացե՛լա․․․»։ «Էլի՞», բարկանում է ինքը, «լա՛վ, հո կրակը չե՞նք ընկել, որ Ֆրանսիայի հետ ընդհանուր սահման ունենք, ում խելքին երբ փչում ա՝ էն Ավինյանի բերած տրոլեյբուսը նստում ա, գնում Ֆրանսիա կոֆե խմում, հետ գալիս»։
Այդ պահին մոտենում է Ալեն Սիմոնյանը՝ անտիլոպների պատկերներով գույնզգույն վերնաշապիկով, և զեկուցում․ «Պարոն վարչապետ, էն բելառուս գաստերբայտերները, որ որպես էժան աշխատուժ եկել էին Քյավառի լագունայի ափին կարտոշկա ցանեն, էլի նավթի հանք են հայտնագործել»։ «Դե զզվացրեցին, դրանց հանեք ռա՛դ արեք», բարկանում է ինքը, «էդքան նավթը ի՞նչ ենք անում, սաղ երկիրը նավթամուղ ու գազամուղ ա»։
Ալենը գլխիկոր հեռանում է, իսկ ինքը դարձյալ երանությամբ փակում է աչքերը․․․ Ու հենց այդ պահին էլ մի մեծ կոկոս արմավենուց ընկնում է ուղիղ գլխին։ Միանգամից գիտակցությունը մթագնում է։ Դժվարությամբ բացում է աչքերը և զգում, որ շուրջն ամեն ինչ մռայլվել ու փոխվել է։ Ոչ ծովը կա, ոչ նավերը․․․ միայն իրեն մոտեցող մի քանի հարյուր հազար մարդկանց աղմուկն է, բայց նրանք էլ, կարծես, ոչ թե գերմաներեն են խոսում, այլ ինչ-որ ուրիշ լեզվով, ու համարյա բոլորը բեղավոր են, ոսկե ատամներով ու հսկայական կեպիներով։ Ինքն անմիջապես նորից փակում է աչքերն ու խարխափելով՝ փորձում գտնել ու շոշափել ինչ-որ մեկի աջակցող ձեռքը։ Գրեթե անմիջապես էլ գտնում ու շոշափում է, բայց զգում է, որ այնքան էլ ձեռքի նման չէ․․․
Արթնանում է փոխված աշխարհագրական դիրքով։