...

Ուղերձ անձնական

Ուղերձ անձնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առիթով։ Ուղերձի ամենաուշագրավ հատվածը, թերևս, հետևյալն է․ «Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:

Սահմանադրության օրով գոնե էժան մանիպուլյացիա չաներ։ 2018 թ., հետո Հայաստանը միջազգայնորեն չի ճանաչվել որպես ժողովրդավարական պետություն։ Այս նախադասության մեջ միակ ճշմարտությունն այն է, որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է․․․․բայց դա Փաշինյանի հետ ամենաքիչ կապն ունի։ Մինչև Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք և այսօր էլ Հայաստանը դասվում է հիբրիդային կառավարում ունեցող երկրների շարքին։ Իսկ դա նշանակում է, որ մենք դեռևս չենք համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին։ Այո, Հայաստանը որոշակի առաջընթաց գրանցել է տարբեր ոլորտներում՝ փոխարենը նահանջելով անկախ մամուլի ցուցանիշների հարցում։ Եվ սա արձանագրված է բոլոր միջազգային զեկույցներում։ Արձանագրված է նաև, որ մեր խորհրդարանում գերակշռում է միայն մեկ քաղաքական ուժ։ Համարյա միակուսակցական պետություն ենք։ Փաշինյանը, մեծ հաշվով, սխալվում է նաև, երբ ասում է, թե իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է։ Չենք հավատում, որ տեղյակ չէ՝ կես միլիոնից ավելի մարդ չի մասնակցել վերջին ընտրություններին՝ այսպիսով իր վերաբերմունքն արտահայտելով այսօրվա հիմնական դերակատարների հանդեպ։ 

Խորհրդանիշների նկատմամբ առանձնահատուկ «վերաբերմունք» տածող Փաշինյանն, ըստ էության, Սահմանադրության օրը ծառայեցնում է իր անձնական շահերին՝ հրապարակ նետելով հերթական մանիպուլյացիան։ Գոնե այսօր լռեր. հաստատ ավելի ընդգծած կլիներ օրվա խորհրդի կարևորությունը։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1537 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ