...

Ի՞նչ ասաց և ինչի՞ մասին լռեց Ժիրայր Լիպարիտյանը

Ի՞նչ ասաց և ինչի՞ մասին լռեց Ժիրայր Լիպարիտյանը

Հայաստանի հանրային-քաղաքական դաշտում այսպես է ընդունված՝ եթե մարդն ուղիղ տեքստով ամենավերջին խոսքերը չի ասում Նիկոլ Փաշինյանին, ուրեմն լատենտ կամ ծպտյալ նիկոլական է։ Ժիրայր Լիպարիտյանը Հ1-ի եթերից ուղիղ տեքստով ոչ մի ծանր խոսք չասաց Նիկոլի հասցեին ու անմիջապես էլ արժանացավ ընդդիմության «համապատասխան գնահատականին»։ Իսկ ի՞նչ էր ասում Լիպարիտյանը։

Նախ՝ այն մասին, որ 1998-ին մենք բաց ենք թողել արժանապատիվ խաղաղության հնարավորությունը, և դրան հաջորդած ժամանակահատվածում՝ մինչև 44-օրյա պատերազմը, տրվել ենք պատրանքներին ու ի վերջո հասել այս օրվան։ Որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ հենց այդպես էլ եղել է։

Երկրորդ՝ նա հայտարարեց, որ 44-օրյա պատերազմը հնարավոր էր և պետք էր կանխել։ Հասկանալի է, չէ՞, որ սա ոչ միայն ուղղակիորեն հակադրվում է նիկոլական քարոզչության այն թեզին, թե իբր պատերազմը կանխորոշված էր, և հնարավոր չէր դրանից խուսափել, այլև ուղիղ և ծանրագույն մեղադրանք է նույն Նիկոլ Փաշինյանի հասցեին, որովհետև նա՛ էր, որ 2,5 տարի ժամանակ ուներ դա անելու համար, բայց չարեց։ 

Բուն 44-օրյա պատերազմի մասին Լիպարիտյանը, չգիտես ինչու, ոչինչ չասաց, այսինքն՝ չխոսեց այն մասին, որ մեր պարտության հիմնական պատճառներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմ ղեկավարելու բացառիկ ապաշնորհությունն ու փնթիությունն էր (շատերի կարծիքով՝ միտումնավոր)։ Փոխարենը՝ հայտարարեց, թե Հայաստանն այսօր ընդհանուր առմամբ ճիշտ ուղղությամբ է գնում, ու թեև որևէ երաշխիք չկա, բայց այդ ուղղությունը, չնայած դժվարություններին, մեզ կարող է հասցնել խաղաղության։ Ուշադրություն դարձրեք՝ այս պնդումը նույնպես հակադրվում է նիկոլական քարոզչության այն թեզին, թե իբր խաղաղությունն արդեն իսկ կայացած իրողություն է։ Լիպարիտյանն ասում է՝ ոչ, խաղաղությունը հաստատված չէ, բայց կարո՛ղ է հաստատվել։ Այլ հարց է, թե ինչի՞ վրա է հիմնված Լիպարիտյանի լավատեսությունը, այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանը, ըստ նույն Լիպարիտյանի, ձախողել է իր իշխանության առաջին 2,5 տարիները՝ պատերազմը կանխելու փոխարեն նոր տարածքներ գրավելուց ու Սևրի դաշնագրի «արդիականությունից» է խոսել, եթե ձախողել է պատերազմը, եթե ձախողել է դրան հաջորդած 3 տարիները և ի վերջո հայաթափման դատապարտել Արցախը, ի՞նչ հիմքեր կան կարծելու, թե չի ձախողելու նաև խաղաղության հասնելու բարդագույն գործընթացը։

Հիմա՝ այն մասին, որ 30 տարիների ընթացքում ոչ մի թուրք զինվոր ոտք չի դրել ՀՀ տարածք։ Ժիրայր Լիպարիտյանը, անշուշտ, հմուտ պետական գործիչ և դիվանագետ է ու գիտի, որ Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին օգնելու համար թուրքական ներխուժումը բոլորովին էլ պարտադիր չէր, նման ներխուժման հնարավորությունը լիուլի հերիք էր։ Հենց այդ իրական սպառնալիքն էր պատճառը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը ստիպված էր զինված ուժերի կեսից ավելին պահել ՀՀ տարածքում, ինչի արդյունքում էլ բուն պատերազմին մասնակցել է հայկական բանակի մոտ 40 տոկոսը, մինչդեռ Ադրբեջանը պատերազմի էր նետել իր բանակի 75-80 տոկոսը։ Ինչևէ։

Հիմա՝ այն խոսակցությունների մասին, որ ահա Ժիրայր Լիպարիտյանը «նիկոլական նարատիվներ է տարածում», ու չի բացառվում, որ դրա դիմաց դառնա նրա խորհրդականը կամ մեկ այլ պաշտոն զբաղեցնի՝ օգնելով «կայուն խաղաղություն հաստատել հարևանների հետ»։ Շատ լավ, հիմա երկու տարբերակ կա։ Եթե ընդդիմությունը կարողանում է համախմբվել և պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին՝ ուրեմն հենց ընդդիմությունն էլ իրականացնելու է Հայաստանի հետագա արտաքին քաղաքականությունը, և Լիպարիտյանը դրա հետ գործ չի ունենալու, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է՝ ավելի լավ չէ՞, որ գոնե կողքին գտնվի խելացի մեկն ու փորձի կանխել նրա հերթական հիմարությունները։

Մարկ Նշանյան

Հ․Գ․ Հասկանալի է, որ այս հարցադրումները «թրենդից» դուրս են, որովհետև հիմնական «թրենդն» աջուձախ բոլորին հայհոյելն է, ընդ որում՝ էմոցիոնալ առումով միանգամայն արդարացված, բայց ոչ մի լավ տեղ չտանող։

ՎԱՐԿԱՆԻՇ

   258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ