...

Պարոն Փաշինյան, «Նաիրիտի» դեպքում բացառեք իմիտացիան

Պարոն Փաշինյան, «Նաիրիտի» դեպքում բացառեք իմիտացիան

Մինչև հեղափոխությունն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնի էր «Նաիրիտ գործարանի» խնդիրը, ցանկություն ուներ այն լուծելու, բայց լծակներ չուներ։ Հեղափոխությունից հետո արդեն վարչապետ Փաշինյանը, որն ունի բոլոր լծակները, կարծես թե հիմա էլ ցանկություն չունի։ 

Սեպտեմբերի 16-ին Վանաձորում ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանն անդրադարձել էր նաև «Նաիրիտ գործարանի» խնդրին և ասել․«Ես կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել եմ, որպեսզի շփվեն գործարանի համակարգող խմբի անդամների հետ և երբ խնդիրը կլրջանա ու կապացուցի առաջարկների լրջությունը, այդ ժամանակ ես ինքս պատրաստ եմ միանալու այդ քննարկումներին։ Մինչև օրս նման ազդակ մենք չունենք»։ 

Մենք էլ մեր հերթին նկատենք, որ «Նաիրիտ գործարանի»  շուրջ տեղի ունեցող իրադարձություններն առավել քան լուրջ են և լուրջ վերաբերմունք են պահանջում Նիկոլ Փաշինյանից։ Պարոն վարչապետ, ամենայն հավանականությամբ մի քիչ լուրջ չեք վերաբերվում, հակառակ պարագայում պիտի վերցնեիք Ձեր հսկողության տակ և մինչև հիմա խնդիրը պիտի լուծում ստացած լիներ և պիտի արդեն արտադրանք ունենայինք։ Հայտարարում եք տնտեսական հեղափոխության մասին, «Նաիրիտ գործարանի» վերագործարկման մասին լռում եք, հայտարարում եք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որ գործարանում տեղի են ունեցել անխիղճ չարաշահումներ, ինչը բացահայտել են դեռ 2013թ. Hetq.am-ի լրագրողները, դարձյալ լռում եք: Հետաքննող լրագրողները հսկայածավալ աշխատանք են կատարել ու բացահայտել չարաշահումների ամբողջ մեխանիզմը և պատկան մարմիններին մնում է մի թեթև թերթել կայքի էջերը: Ի դեպ, նույն ճակատագրին է արժանացել նաև «Վանաձորի Քիմպրոմ»-ը: Դարձյալ նույն ձեռագիրն է: Դարձյալ Hetq. am-ի լրագրողները պարզել են չարաշահումները: Գործարանը պարտքեր ունի և գրավիչ չէ ներդրողների համար։ 

Պարոն վարչապետ, հանձնարարություն եք տալիս կառավարության ներկայացուցիչներին, որ շփվեն գործարանի համակարգող խմբի անդամների հետ, որ ի՞նչ անեն, մինչդեռ մինչև նման շփումները պիտի լուծվի գործարանի պարտքերի հարցը: Եթե Դուք իսկապես ուզենայիք գործարանի վերագործարկումը, հանձնարարությունը պիտի լիներ այլ մարմիններին, ոչ երբեք կառավարության տնտեսական բլոկի ղեկավարի գրասենյակի անդամներին։ Իմիտացիա է։ Բնական է, նման շփումներն անպտուղ են լինելու և այդպես էլ կա։ Մինչև նման շփումները, պատկան մարմինները պիտի  ստուգեին, թե ինչպես են գոյացել պարտքերը և չարաշահումներն օրինական ճանապարհով վերադարձնեին։ Կա նաև գործարանը վերագործարկելու  մեկ այլ  ճանապարհ,  որ  գործարանը պետական սեփականություն է, և պետությունը կարող է պարտքերը ներել, այ այս դեպքում գրավիչ կլինի ներդրողների համար, և գործարանի վերաթողարկումը կլինի իրատեսական։ Իսկ Ձեր հանձնարարականը կառավարության անդամներին՝ իմիտացիա է։ 

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել եք, որ մասնագետ չեք և հանձնարարել եք մասնագետների։ Իսկ հիմա մասնագիտական փոքրիկ «սպրավոչկա»։ «Նաիրիտ գործարանում» արտադրվող քլորոպրենային կաուչուկը (քլորոպրենային կաուչուկի ֆիրմային անունն է Նաիրիտ) աշխարհի հինգ երկրներում է արտադրվում: Իսկ «Նաիրիտ գործարանում» քլորոպրենային կաուչուկ ստացվում է երկու եղանակով: Առաջին՝ մոնովինիլացետիլենի հիդրոքլորացման ճանապարհով, երկրորդ՝ բութադիենի քլորացման: Առաջինի դեպքում հումքը բնական գազն է, երկրորդի դեպքում՝ բութադիենը, որը դրսից է բերվում: «Նաիրիտ գործարանի» կաուչուկը մրցունակ է համաշխարհային շուկայում։ Սովորաբար արտադրությունը դադարեցվում  է, երբ արտադրանքը չի իրացվում: Արդյոք մեծ շռայլություն չէ՞ աղքատ երկրի համար երկրի երեսից վերացնել երկու եղանակով ստացվող քլորոպրենային կաուչուկի գործարանը, նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող երկիրն իրեն նման շռայլություն թույլ չի տա: Գտեք մի երկիր, որ ունենա արտադրություն, որի արտադրանքը պահանջարկ ունենա համաշխարհային շուկայում և դադարեցնի արտադրանքի արտադրությունը: Չէ, չէ, մի փնտրեք, չեք գտնի: Հետաքրքիր է, եթե «Նաիրիտ գործարանը» վերացնում եք երկրի երեսից, ինչո՞վ եք տնտեսությունը վերականգնելու: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության զարգացման ամենաառաջատար ճյուղը եղել է քիմիական արդյունաբերությունը: Միայն հանքարդյունաբերությունով և ՏՏ-ով  անհնար է տնտեսություն զարգացնել: Վերջապես ինչքան կարելի է ընդերքը քանդել: Փաստորեն շարունակում եք նախկինների տնտեսական քաղաքականությունը։

Եթե կառավարությունն իսկապես ուզում է տնտեսություն զարգացնել, պիտի վերագործարկի «Նաիրիտ գործարանն» ու «Վանաձորի Քիմպրոմը», որը մի քանի հազար մարդու կապահովի աշխատատեղերով, կմեղմացնի գործազրկությունը:

Պարոն վարչապետ, գիտեք ինչն է աբսուրդն ու անընդունելին, որ հայտարարում եք, թե կոռուպցիայի դեմ եք պայքարում և երկրի երեսից վերացնում եք «Նաիրիտ գործարանը», կոռուպցիոներների դեմ պայքարելու փոխարեն երեք հազար նաիրիտցիների դեմ եք պայքարում և մոռանում եք, որ հեղափոխության ամենահիմնական բաղադրիչներն են եղել՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալականը: Պարոն վարչապետ, այսուհանդերձ հուսանք, որ գործարանը պետության սեփականությունն է, և ելքեր կգտնեք ներդրողների համար «Նաիրիտ գործարանը» գրավիչ դարձնելու և կբացառեք իմիտացիան։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ