...

Բա ինչո՞ւ չի ստացվում

Բա ինչո՞ւ չի ստացվում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր հայտարարել է, որ ընդդիմության նպատակը շարունակում է մնալ նույնը՝ Նիկոլ Փաշինյանին վռնդելը, բայց խոստովանել է, որ դրա հստակ բանաձևը չկա, քանի որ ներկայիս քաղաքական իրականությունը շատ հեռու է քաղաքական տրամաբանությունից. «Եթե երեք հատ էլ արտահերթ ընտրություններ անեք, եթե այս անձնավորությունը շարունակում է մնալ ՀՀ ղեկին՝ չտալով պատասխաններ նախորդ մեկ տարվա կատարվածի վերաբերյալ, էլ չեմ խոսում 2018 թ-ից հետոյի մասին, ուրեմն այս ամենը չի կարելի համարել հանգուցալուծված»:

Տեսեք՝ ընդդիմությունն ինքն է խոստովանում, որ առայժմ չգիտի, թե ինչպես հասնել իշխանափոխության: Պատճառները տարբեր են: 

Մի պատճառը, գուցե՝ գլխավորը, այն է, որ այս ընդդիմությունը չի վայելում հանրության աջակցությունը: Նրան չեն վստահում: Իսկ չեն վստահում, քանի որ կա հաջորդ պատճառը. այս ընդդիմության գործունեությունը վերջին 20 տարում՝ որպես իշխանություն: Հիմա չթվարկենք, թե ինչեր են արել:

Հաջորդ պատճառը. պատասխանատվության զգացումի բացակայությունը: Մի կողմ ենք դնում Մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, կոռուպցիան և այլն: Խոսքը 1998-ից հետո առավելապաշտության, մաքսիմալիզմի քաղաքականության և իրատեսության մերժման միջավայրի ստեղծման մասին է: Այսինքն՝ իրատեսությունը հռչակվեց դավաճանություն, ապազգային մոտեցում, և 20 տարի հանրությանը մի բան էր ասվում և քարոզվում. որ խաղաղությունը զիջում է ենթադրում, որ ադրբեջանցիները գենետիկորեն մեր հետ անհամատեղելի ազգ են, որ արյունով վերցրած տարածքները վերադարձնելու ենթակա չեն, ով խոսում է փոխզիջումներից, նա դավաճան է:

Այսինքն՝ իրադարձությունները սթափ գնահատելու համար անհրաժեշտ մթնոլորտը վերացրել են: Էլ չենք խոսում այն մասին, որ Քոչարյանի օրոք ամբողջությամբ խեղաթյուրվեցին, այլասերվեցին Ղարաբաղյան շարժման, Անկախության գործընթացի իրական արժեքն ու նշանակությունը, ղարաբաղյան պատերազմի իրական նպատակները: Ասվածի վառ վկայությունն էլ այն է, որ հիմա կանգնում, կասկածներ է հայտնում Հայաստանի Անկախության մասին: Այսինքն՝ իր համար Հայաստանի անկախությունը բարձրագույն արժեք չէ:

Կամ՝ Քոչարյանը հայտարարում է, թե պատերազմից առաջ Նիկոլը հետապնդեց, վարկաբեկեց, ճնշեց ղարաբաղյան պատերազմի հերոս գեներալներին, հաղթողներին: Բայց մենք էլ պետք է ասենք, որ Նիկոլը արել է կամ անում է ճիշտ այն, ինչ դու ես արել: Ոչ ոք ղարաբաղյան պատերազմի հաղթողներին այդպես չի վարկաբեկել և հետապնդել, ինչպես Քոչարյանը: Այսինքն՝ ստացվում է, որ նույն մտածելակերպն ունի, ինչ Նիկոլ Փաշինյանը: Հանրությունն էլ դա է ասում, թե ինչու քեզ վստահի, եթե Նիկոլից չես տարբերվում կամ այլընտրանքը դու ես: 

Այսինքն՝ Քոչարյանն իրեն պատասխանատու չզգալով ղարաբաղյան պատերազմի կարգավորման հարցում իր վարած քաղաքականության և դրա հետևանքների համար, համարելով, որ ինչ արել է, ճիշտ է արել՝ սխալները բարդում է ուրիշների վրա, հաշիվ է պահանջում Նիկոլ Փաշինյանից, ինչն էլ հանրությունը չի ընդունում:

Սա էլ հաջորդ պատճառը, թե ինչու այս ընդդիմությանը չի հաջողվում իշխանափոխության հարցում ներքին աջակցություն ստանալ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ