...

Պատերազմում, ինչպես՝ պատերազմում

Պատերազմում, ինչպես՝ պատերազմում

Սերժ Սարգսյանի գրասենյակը ապրիլյան պատերազմի հետ կապված հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ժամ առ ժամ սահմանից ստացվող ծանր լուրերը անասելի լարման և անհանգստության մեջ էին պահում ոչ հեռու անցյալում պատերազմի ողջ դաժանությունը տեսած, բազում դժվարություններ և զրկանքներ կրած ժողովրդին: Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի, և հայությունը համախմբվեց: Ցավոք, բոլորին համախմբել էր լայնածավալ պատերազմի վերահաս վտանգը: Առաջնագիծ էին մեկնում ոչ միայն Հայաստանից ջոկատներ կազմած կամավորները, սահմանապահ զինվորի կողքին կանգնելու պատրաստ ուսանողները, այլև աշխարհի չորս կողմից առաջին իսկ չվերթով Երևան հասնող մեր հայրենակիցները:

Չորս ծանր, լավատեսական լուրերի սպասումներով լի օր, որ հետո պիտի կոչվեր քառօրյա պատերազմ կամ ռազմական մասնագետների բնորոշմամբ` լայնածավալ ռազմական գործողություն:

Այս իրավիճակում ՀՀ նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն իր գործողություններում հաշվարկում էր ամեն վայրկյանը` ռազմական և դիվանագիտական ճակատներում հապաղել չէր կարելի: Նա ավելի քան լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, գիտեր հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը»:

Ընդհանրապես, այնքան էլ սիրուն բան չէ, որ ապրիլյան պատերազմի օրվա առթիվ Սերժ Սարգսյանի գրասենյակի տարածած հայտարարությունը վերջում վերածվում է Սերժ Սարգսյանի գովքի: Դա կարելի էր թողնել նրա համակիրներին, կուսակցական ընկերներին, իսկ այս դեպքում հայտարարությունը նարցիսիզմի տպավորություն է թողնում:

Մանավանդ, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ բարձիթողի վիճակում են եղել մեր բազմաթիվ սահմանային դիրքեր, որոնք ապահովված չեն եղել սահմանի դիտարկման համար անհրաժեշտ սարքավորումներով, հետախուզական գործիքներով, ժամանակակից տեխնիկայով: Ինքը՝ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորուստներն ու ձախողումները պայմանավորված են եղել նաև նրանով, որ հիմնականում 80-ականների զենքեր են եղել մեր զինվորների ձեռքի տակ: Պատերազմը ջրի երես հանեց նաև բազմաթիվ խայտառակ կոռուպցիոն սխեմաներ, որոնք տարիներ շարունակ գործել են բանակում և բանակի հաշվին բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ օլիգարխներ էին դարձել:

Այսինքն, եթե Սերժ Սարգսյանը համարում է, որ պատերազմի օրերին իրեն հիանալի և քաջաբար է դրսևորել, ապա ցանկալի կլիներ, որ բացթողումների մասին էլ նշվեր:

Բայց սա էլ անցնենք. անդրադառնանք Սերժ Սարգսյանի տարածած հայտարարության այն դրվագին, որ պատերազմը բոլորին համախմբել էր, բազմաթիվ կամավորներ մեկնում էին առաջնագիծ, ով՝ ինչպես կարող էր, օգնում էր: Սա իսկապես ճիշտ է: Աննախադեպ համախմբվածություն կար այդ օրերին, միասնականության անհավանական մթնոլորտ էր, շատերն էին իսկապես պատրաստակամ մեկնել սահման: Անմոռանալի են այն կադրերը, թե ինչպես էին Ստեփանակերտում մարդիկ հերթ կանգնել զինկոմիսարիատի առաջ՝ ժամ առաջ զենք ստանալու ու ճակատ մեկնելու համար:

Այդ օրերին քաղաքականությունը երկրորդ պլան էր մղվել: Ոչ մեկին չէր հետաքրքրում, երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, թե՝ այլ մարդ: Պատերազմ էր, և դա շատերին միավորել էր, բոլորը գործում էին ի շահ երկրի՝ մի կողմ դնելով անձնական ամբիցիաները, հակակրանքը, տարաձայնությունները: 

Հիմա նույնպես պատերազմական վիճակ է, միգուցե՝ ավելի վտանգավոր հակառակորդ է ներխուժել մեր հայրենիք, ծանր դրություն է, կորոնավիրուսից վարակվածների թիվը գնալով աճում է, ու Սերժ Սարգսյանն ինքը պետք է նախաձեռներ, որպեսզի ՀՀԿ-ն միանար կորոնավիրուսի դեմ պայքարին: Խոսքը վերաբերում է և դրամական նվիրատվություններին, և բժշկական պարագաներ ձեռք բերելուն և այն կառավարությանը տրամադրելուն, և կամավորներ հավաքագրելուն, նրանց հիվանդանոցներում բժիշկներին, հիվանդներին օգնելուն: Որովհետև պատերազմ է: Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանին չենք խանգարել, չենք շահարկել կորուստները, օգնել ենք, ինչպես կարողացել ենք: Բա մեր պետությունն է: Մենք Սերժ Սարգսյանի համար չէինք ճակատին օգնում, այլ մեր երկրի համար:

Բայց Սերժ Սարգսյանը դա չի անում: Կամ գոնե փեսային ասի՝ արա, էս նեղ մաջալին չես օգնում, գոնե վեր ընկի տեղդ, ձեն մի հանի: Քո ստատուսների ժամանակը չի: Ահա սա կլիներ պետականամետ վարքագիծ:

Հ.Գ. Քոչարյանի մասով բան չենք ասում, որովհետև ի՞նչ սպասել մեկից, որը իշխանությունը պահելու համար Արցախի սահմաններն էր դատարկում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1549 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ