...

Ապրիլյան պատերազմի մասին պետք է մինչև վերջ խոսել

Ապրիլյան պատերազմի մասին պետք է մինչև վերջ խոսել

Սերժ Սարգսյանն այսօր տեսաուղերձներով անդրադարձել է 2016թ. ապրիլյան պատերազմի որոշ դրվագների և հարցերի: Մասնավորապես, նա ասել է, որ տուրք չի տվել այն պահանջներին, որ անհրաժեշտ է հետ բերել կորցրած տարածքները: Իսկ ըստ Սերժ Սարգսյանի, այդ տարածքներն իրականում ոչ թե 800 հեկտար էին կազմում, այլ՝ 400:

Սերժ Սարգսյանը նաև ընդգծել է, որ ապրիլյան պատերազմն իրականում հաղթանակ էր քանակապես գերազանցող հակառակորդի նկատմամբ:

Ընդհանրապես, մենք առաջին անգամ ենք լսում, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանից պահանջեին հետ վերադարձնել կորսված դիրքերը: Այսինքն, հանրության ինչ-որ նեղ շրջանակներ, ծայրահեղականներ միգուցե պահանջել են, սակայն քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, նորմալ ընդդիմությունը նման պահանջով հանդես չի եկել, քանի որ բոլորս էլ հասկանում էինք, որ դրա արդյունքում մեծ թվով զոհեր կունենայինք:

Կորցրած տարածքները 400 հեկտար էին, թե՝ 800, դա նույնպես էական չէ: Անշուշտ, ամեն մետրը կարևոր է, սակայն հաշվի առնելով պատերազմի ընթացքում առաջացած խնդիրները, առկա իրողությունները, հաշվի առնելով, որ մեր բանակը կարողացավ կորցրած տարածքների մեծ մասը նորից իր վերահսկողության տակ վերցնել, ապա կարելի է ասել, որ տարածքային նվազագույն կորուստներ ենք ունեցել:

Ինչ վերաբերում է նրան, որ ապրիլյան պատերազմը հաղթանակ էր, ապա իրականում այն ոչ հաղթանակ էր, ոչ էլ պարտություն: Ստրատեգիական առումով Ադրբեջանը չկարողացավ լուծել իր առջև դրած նպատակները, բայց հայկական կողմն էլ ձեռքբերումներ չունեցավ: 

Ապրիլյան պատերազմն առաջին հերթին դաս է, ուղեցույց, որը վերհանեց մեր բանակում տիրող իրավիճակը, բանակի ղեկավարության բացթողումները, թերությունները: Մեր ամենամեծ կորուստները ոչ թե 400 կամ 800 հեկտար տարածքներն էին, այլ՝ մարդկային զոհերը: 100-ից ավել զոհ ենք տվել, և դրա մեծ մասը կարող էր չլինել, եթե բանակի համար հատկացվող գումարները նպատակին ծառայեին:

Օրինակ. հիմա սահմանապահ ուղեկալները ապահովված են գիշերային տեսանելիության սարքերով: Եթե 2016-ին այդ սարքերով բոլոր պոստերը ապահովված լինեին, ապա թշնամու հանկարծակիության էֆեկտը չէր գործի: Պարզապես կկանխեին ցանկացած դիվերսիա և նման լայնամասշտաբ հարձակում չէր լինի: Մեր ուղեկալներում հիմնական նախազգուշական ազդանշանը եղել են դատարկ պահածոները, որի արդյունքը զրո է: Մենք չենք խոսում դեռ այն մասին, որ դիրքերի մեծ մասում ջուր, լույս չկար: Վերջին մեկ տարում են սկսել ուղեկալներում էլեկտրականություն քաշել: 

Չենք ունեցել նորմալ հետախուզական ծառայություն, որը պարտավոր էր կանխատեսել Ադրբեջանի հարձակումը և դրա հիման վրա անհրաժեշտ պաշտպանական քայլեր ձեռնարկվեին:

Սնունդը և հանդերձանքը. պատերազմի ընթացքում պարզվեց, որ մեր զինվորները տարրական հիգիենայի պարագաներ չունեն, շատ հաճախ ծնողներն են նրանց մայկա, վարտիք, գուլպա ուղարկում, օճառ, ատամի մածուկ և այլն: Չնայած դրա համար գումարներ էին հատկացվում, զինվորները դրա պակասություն չպետք է ունենային:

Վերջին երկու տարում սնունդի հարցում հսկայական առաջընթաց է գրանցվել: Լուծվել է սնունդի բազմազանության, բարձր կալորիականության հարցը: Իսկ դա կարևոր էր: Հիշենք գոմեշի մսի պատմությունը, երբ տավարի մսի փոխարեն բանակին գոմեշի ցածրորակ միս էին մատակարարել: Այդ գործով հիմնական դերակատարը՝ բանակի մի գեներալ, որևէ պատասխանատվության չենթարկվեց: Մինչդեռ դարեր առաջ Սուվորովն էր ասել, որ դեպի զինվորի սիրտ տանող ամենակարճ ճանապարհն անցնում է նրա ստամոքսով:

Սերժ Սարգսյանի օրոք բազմաթիվ գեներալներ շարունակում էին բանակի հաշվին օլիգարխիկ գործունեություն ծավալել (հանուն արդարության նշենք, որ Քոչարյանի օրոք դա համատարած երևույթ էր, որը Սերժ Սարգսյանը ժառանգեց): Զինվորի սնունդի, համազգեստի, զենքի և աշխատուժի հաշվին դարձել էին խոշոր գործարարներ: Բանակի մատակարարման ամբողջ գործընթացը իրենից կոռուպցիոն մեխանիզմների մի ամբողջ համակարգ էր ներկայացնում: 

Եթե կոռուպցիայի և ամենաթողության նման մակարդակ չլիներ ապրիլյան պատերազմը մենք նվազագույն կորուստներով կավարտեինք, Ադրբեջանը շատ ավելի ծանր հարվածներ կստանար: 

Այո, ապրիլյան պատերազմի ընթացքում նաև հերոսական բազմաթիվ փայլուն էջեր գրվեցին: Մեր զինվորներն ու հրամանատարական կազմը բացառիկ խիզախությամբ աչքի ընկան: Բայց դա ոչ մի դեպքում չի արդարացնում այն երևույթներն ու հոռի բարքերը, որոնց պատճառով մեր բազմաթիվ հրաշալի տղաներ զոհվեցին: 

Մենք այստեղ խնդիր չենք դրել Սերժ Սարգսյանին ցցի հանել, կամ ասել՝ բա դու ո՞վ ես: Պարզապես պետք է շիտակ ու անկեղծ լինել. խոսել ոչ միայն հաջողությունների մասին, այլ նաև՝ ձախողումների ու սխալների:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1532 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ