...

Պատմությունը կեղծում են «ձեր նվիրական ոտնահետքերով»

Պատմությունը կեղծում են «ձեր նվիրական ոտնահետքերով»

Դասագրքի անշառ թեման չեղած հայրենասիրությունն ի ցույց դնելու լավ առիթ է։ Ինչի՞ց եք վիրավորվել, սիրելի՛ տիտղոսավոր և անտիտղոս պատմաբաններ։ Տիգրան Մեծի քարտեզի վրա այսօրվա թշվառությո՞ւնն եք տեսել։ 

Երբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը խոսում է 7-րդ դասարանի պատմության դասագրքից և նշում, որ ինչ-ինչ թերացումներ, անճշտություններ կան, ուզում ես հիշեցնել, թե ինչպես էր և է կեղծվում իրականությունը, ուզում ես հիշեցնել, թե ինչպես էին բազմաթիվ գիտնականներ այսօրվա ֆեյսբուքյան աշխուժակների նման ինքնամոռաց բզկտում Արցախյան առաջին պատերազմում հաղթող իշխանությանը։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Գիտեք։ Նախանձից։ Հայ մտավորականության մի մեծ զանգված, մտածելու կարողությունը նախանձից կորցրած, չէր ներում մտավորական նախագահին․․․ հաղթանակը։ «Շուշին գրավեցինք՝ ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի» և գիտության կամ գիտելիքի հետ կապ չունեցող այլ ցնդաբանություններով լցնում էիք հասարակության ուղեղը և հրճվում, որ այդքա՜ն ազգային եք։ 

Այո՛, դուք առնվազն լռեցիք, երբ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակն էր կեղծվում։ Դուք՝ պատմաբաններդ, պատմությունից ոչինչ չսովորելով, չկարողացաք ըմբռնել, որ իրականությունը, մեր նոր պետության առաջին տարիների պատմությունը կեղծելով, ջախջախիչ պարտության հիմքն եք դնում։ Պարտության և չգոյության։

Բացատրենք։ Քոչարյանականությունը և նիկոլականությունը Հայաստանում գոյություն չէին ունենա, եթե չլիներ մեր գիտնականների կեղծ ազգայնականությունը, որը, անշուշտ, բոլշևիկյան աղանդի շարունակությունն է։ Այսինքն՝ պատմությունը ոչ թե գիտություն է, այլ քաղաքական գործիք, որով ոչ թե թշնամու դեմ եք պայքարել, այլ սեփական երկրի ժողովրդի, հատկապես երեխաների և երիտասարդների։ Պատմությունը դարձրել եք ազգային մեծամոլության և պոռոտախոսության գործիք, աշխատել եք նորագույն պատմությունից ջնջել բանական հատվածը, որպեսզի ջնջեք Լևոն Տեր-Պետրոսյանի անունը։

1997 թ․ Կինոյի տան հավաքի մի մասն էլ դուք էիք։ Դուք էիք աննկարագրելի պաթոսով պնդում, որ զիջելու ոչինչ չունենք։ Դուք էիք հրճվում Քոչարյանի տխմար ելույթներից «Կեցցե՛, որովհետև ՄԱԿ ամբիոնից Ցեղասպանության մասին խոսեց»,- ցնծում էիք դուք և մի պաշտոն կամ մեդալ ստանում։

Ցեղասպանագիտության ամբիոն ունեք, Ցեղասպանության ինստիտուտ։ Ձեզնից ովքե՞ր փորձեցին անաչառ քննարկման առարկա դարձնել 20-րդ դարի սկզբի հայկական վերնախավի՝ կուսակցությունների, մեծահարուստների և մտավորականների վարքագիծը։ Ցավոտ է, չէ՞։ Ինչո՞ւ պետք է փորփրեիք Հայաստանի առաջին հանրապետության անկման պատմությունը, հատկապես դիվանագիտական կոպտագույն սխալները։ Ավելի լավ էր Սևրի դաշնագրի 100-ամյակը նշեիք ու Վիլսոնի քարտեզին նայեիք։ Չէ՞ որ այս թշվառությունն է միշտ շոյել ձեր փառասիրությունը։ Իսկ հիմա, հենց այս պահին չե՞ք տեսնում, որ այսպես կոչված նորերը գրեթե նույնությամբ կրկնում են մեկ դար առաջվա սխալները։ 

Արցախը կորցնելուց հետո ձայն չհանեցիք, Հայաստանի գլխին դամոկլյան սուր է կախված, ձայն չեք հանում։ Մի դասագրքի առիթո՞վ եք խոսում։ Դասագիրքն անշառ թեմա է։ Դրա դեմ արտահայտվելու համար ինստիտուտի տնօրենի, դեկանի կամ ամբիոնի վարիչի պաշտոնից չեք զրկվի։ Երկրի ղեկավարն էլ մտավորական չէ, որ նախանձից պայթեք։ Ձեզ շատ ձեռնտու ղեկավար է։ Նրա ֆոնը ձեզ համար շահեկան է, ինչպես շահեկան էր Ռոբերտ Քոչարյանը, որի կողքին ձեզ չափազանց խելացի էիք զգում։ Եվ ո՜նց էիք նրան ծառայում։ 

Ուրեմն հե՛նց ձեր ծնածն ու սնածն են այսօրվա իշխանությունը և ընդդիմությունը, հենց դուք եք Հայաստանն անտերության մատնել, որովհետև կեղծել և կեղծում եք պատմությունը։ Եվ իհարկե, մի՛ զարմացեք, որ ձեր ծնածներից ոմանք սկսեն կեղծել մեր պատմությունը ոչ միայն Նիկոլի օգտին, այլև Իլհամ Ալիևի։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1621 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ