...

Պայթյունի օրը Փաշինյանը Տավուշում Խաղողօրհնեք էր տոնում

Պայթյունի օրը Փաշինյանը Տավուշում Խաղողօրհնեք էր տոնում

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հարազատների և ընկերների ուղեկցությամբ Տավուշում է եղել։ Խաղողօրհնեք են տոնել։ «Սուրմալու» տոնավաճառում գրանցված պայթյունի մասին նրան Երևանից են տեղեկացրել, սակայն վերջինս ռելաքսի այն մակարդակում է եղել, որ դեպքի վայր է ժամանել հաջորդ առավոտյան։ Մինչ այդ նա Տավուշից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին է հանձնարարել «երևալ» դեպքի վայրում։ 

Այլ բան ակնկալել չէր էլ լինի։ Ամիսներ առաջ հասարակությունը դարձյալ ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետին ուղեկցող ամենագնացը հղի կնոջ է վրաերթի ենթարկել։ Երիտասարդ աղջկա մահվանը հաջորդած քննարկումների առանցքում հետևյալ հարցերն էին՝ ինչո՞ւ Փաշինյանը չի հրահանգել, որ մեքենան կանգնի, ինչո՞ւ չի որոշել անձամբ առաջին օգնությունը կազմակերպել, ինչո՞ւ նույն պահին չի հանձնարարել կապ տալ իրեն ուղեկցող ավտոշարասյան մյուս վարորդներին ու էկիպաժին կանգնել և օգնությունն արագացնել։ Այս հարցերը եռացին-եռացին ու գոլորշիացան։ Ամեն մեկը մնաց իր ենթադրության ու համոզմունքի հետ։ Ինչո՞ւ հիշեցինք սա. որովհետև եթե մի քանի մետր հեռավորությունն է խանգարել Փաշինյանին կանգ առնել ու իր պահվածքով արժևորել ՀՀ քաղաքացու կյանքը, ապա տասնյակ կիլոմետրեր կտրել-անցնելը հաստատ ավելի դժվար կլիներ։ Ափսոս, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացիով հպարտացող, նրա առաջ խոնարհվող ու նրան անմոռաց սիրող վարչապետը չի գիտակցում, որ սեփական պահվածքով իր ու մնացածների միջև շարում է այն ատելության պատնեշը, որի վտանգավորության մասին շատ տարիներ առաջ խոսել էր Սերժ Սարգսյանը։ Այդ պատնեշի արագընթաց կառուցումն էր, որ նախկիններին տապալեց։ Դրանից հետո հույս արթնացավ, թե այդ պատնեշը հիմնահատակ քանդվել է՝ այլևս երբեք չբարձրանալու պայմանով։ Բայց՝ ոչ։ Հայաստանի Հանրապետությունում և առհասարակ ամենուր մարդը և մարդու կյանքը բարձրագույն արժեք են։ Սա պիտի լինի ամեն բանի ու ամեն մակարդակի իշխանավորի վարքուբարքի, գործունեության ելակետը։  

Գոհար Վեզիրյան

Հ․Գ․ Հայաստանի կառավարությունը որոշել է սգո օր հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ Այս պահին հայտարարվել է 16 զոհերի մասին։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։ Անհետ կորած է համարվում 8 քաղաքացի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   672 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ