...

Պետականության թեստի բացասական պատասխան

Պետականության թեստի բացասական պատասխան

Հայկական ռադիոյի վերջն եկել է

Հայկական ռադիոյին հարց են տալիս. ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում աշխատանքից ազատելու կանոնը։

Պատասխան. որովհետև ԱԺ պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս այդ հիմքով ազատել աշխատանքից:

Իհարկե, խիստ ուրախալի է, որ հայկական ռադիոն դեռ չի կորցրել հումորի զգացումը: Բայց մի քիչ տխուր է, որ այս հարցին նույն պատասխանը տվել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունը: Տխուր է, որովհետև եթե այսպես շարունակվի, հայկական ռադիոն կզիջի իր դիրքերը հումորի ասպարեզում: Կարող է սրանից հետո կայֆի համար միայն արդարադատության նախարարությանը հարցեր տրվեն: Մի օր կարող է հարցնեն. ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ մարդ ծեծելու կամ կաշառք վերցնելու դեպքում հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու կանոնը։ Պատասխանն էլի նույնն է լինելու: Վերջ, որոշված է, հաջորդ ընտրություններին անպայման մասնակցելու ենք, ամեն գնով պաշտոն ստանանք, ազատվենք բոլոր խնդիրներից: 

Լավ էլ իրար գտել են

Մնում է հասկանանք, թե երբ են լինելու այդ ընտրությունները: Դատելով նրանից, թե ինչ բնույթի իշխանություններ ունենք, որոնց պատճառով այս օրն ենք ընկել ու շարունակվում ենք գլորվել, ընտրությունները երևի այս երկու օրը կայանան: Բայց դատելով նրանից, թե ինչ բնույթի ընդդիմություն ունենք, նոր ընտրությունների օրը դեռ շատ հեռու է, եթե չասենք՝ անհնար: Մենք ունենք տիտղոսային ընդդիմություն, որն իր տասը տարվա իշխանության ժամանակ մտածել է բացառապես անձնական շահի մասին: Ու նույնն բանն էլ հիմա է անում: Հանուն իշխանության կյանքի երկարաձգման, խիզախորեն պայքարում է ընդդիմադիր դաշտի մնացած ուժերի դեմ: Լավ էլ իրար գտել են, հարմար զբաղեցրել են իրենց դիրքերը, ու ոչ մեկին թույլ չեն տալիս մոտենալ այդ դիրքերին:

Հարևանների ինադու

Ու մինչև այս իշխանությունն ու ընդդիմությունը պահում են իրենց դիրքերը, Ադրբեջանը շարունակում է նոր դիրքեր գրավել: Նկատի չունենք միայն տարածքային: Նաև՝ քաղաքական, աշխարհաքաղաքական, միջազգային ատյաններում: Գրավում ու ամրապնդում են: Երբեմն շտապողականություն են դրսևորում, հասկանում են, քանի դեռ դեմները վախեցած խոտեր են, պետք է մաքսիմալ արդյունքների հասնել: 

Ռուսաստանն այնտեղ է ասում՝ Իլհամ, հասկացանք, մի քիչ տոռմուզ տու, տենանք ինչ ենք անում, Իրանն այնտեղ է հաթաթա տալիս, ասում՝ հերիք եղավ, բայց Ալիևը կանգնելու ցանկություն չունի, ասում է՝ ինձանից ի՞նչ եք ուզում: Մի ասեք, տեսնեմ, ի՞նչն եմ սխալ անում: Առաջ եմ գալի՞ս: Ո՞վ ա ասում, թե առաջ եմ գալիս: Դո՞ւք: Բայց դուք ի՞նչ, իմ համարը կարևորը Փաշինյանի ասածն է ասնավանի: Նա ասո՞ւմ է, հա, առաջ եմ գալիս: Չէ, ընդհակառակը, ասում է, որ իմն է, ես ճիշտ եմ, բա էլ ի՞նչ եք գալիս, քթներդ խոթում հայ-ադրբեջանական այս հրաշալի հարաբերությունների մեջ: Հարևաններ ենք, խնդիրներ ունենք, իրար հետ լուծում ենք: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ