...

Քաղաքացիական անհնազանդությունը կարող է սկսվել Ամուլսարից

Քաղաքացիական անհնազանդությունը կարող է սկսվել Ամուլսարից

Ամուլսարի  հանքի խնդիրը շարունակում է մնալ հասարակության ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Իսկ իշխանությունը չի թաքցնում ծրագրի առաջ «կանաչ լույս» վառելու իր մտադրությունը։

Ամուլսարի խնդրի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ

- Պարո՛ն Միսկարյան, վարչապետի՝ Ամուլսարը ապաշրջափակելու հորդորը կարծես տեղ չհասավ: Ինչպե՞ս ընկալվեց այդ կոչը:

- Թե հանքի դեմ բողոքողների թիվն ինչքանի կհասնի, դա կարծում եմ այս պահին որոշիչ հարց չէ, որովհետև մարդկանց թվով չէ, որ պետք է որոշի՝ հանքը կշահագործվի, թե՝ ոչ: Մենք մեր դիրքորոշումն ենք արտահայտում, որպեսզի որոշում կայացնողները հաշվի նստեն նաև հակառակ կողմի հետ: Կարծում եմ՝ վարչապետի հայտարարությունը շատ հակասական էր: Դրա հաջորդ օրը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հարզացրույց տվեց և բերեց այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա կարելի է այդ հանքը չեղարկել, հիմա կառավարությունն ընկել է այդ գործընթացների հետևից: Բայց ես դժվարանում եմ հստակ գնահատական տալ, իրոք, հարցն իրավական ճանապարհով հանգուցալուծելու համար է արվում, թե՞ ուղղակի ժամանակ է ձգվում: Մինչդեռ վարչապետն ասում էր՝ իրավական հիմքեր չկան: Ընդ որում, երկուսի ասածի մեջ ակնհայտ էր, որ ժամանակ է պետք: Հիմա այս հակասությունից ենթադրում եմ, որ անթաքույց ժամանակ ձգելու պրոցես է գնում: Միտում կա, թե անկեղծորեն ցանկանում են հարցն իրավական ճանապարհով լուծել, հիմա դժվար է գնահատել, որովհետև շատ են եղել հայտարարություններ, որոնք հետագայում իրենց իսկ կողմից հերքվել են կամ որոշումը փոխվել է:

- Ժողովուրդը շարունակում է իր բողոքն արտահայտել, ավելին՝ անգամ բնապահպանական մոբիլիզացիայի օր հռչակվեց: Կարծում եք բողոքն ավելի մեծամասշտաբ կլինի՞:

- Հանքի դեմ բողոքողների թվում բնապահպաններն այլևս մեծամասնություն չեն: Շահագործմանը դեմ են և՛ քաղաքական ուժերը, և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ մասնագիտական հանրությունը: Սա ավելի շատ իրավական վեճ է, որը պետք է լուծվի հօգուտ ՀՀ շահի: Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս ընդվզելու ճանապարհով այդ հարցը շատ արագ լուծել: Անձամբ ինձ համար մերժելի են այն մեթոդները, որոնցով կարելի է պարտադրել հարցի լուծումը: Հույս ունեմ, որ կառավարող ուժն իր մեջ քաջություն կգտնի և իրականությանը կնայի բաց աչքերով և չի գնա այն ճանապարհով, որը կարող է բերել ընդվզումների: Մեծ հաշվով հնարավոր չէ կանխատեսել բոլոր հնարավոր հանգուցալուծումները: Հնարավոր է լինի իրավիճակ, երբ այդ ընդվզումների արդյունքում հանքը շահագործելու պահանջն իրականանա, բայց հետո հնարավոր չլինի կասեցնել այն ընթացքը, որն սկսվել է հանքի շահագործման դեմ: Դրանից կարող են օգտվել կողմնակի ուժերը, հենց դա է այս պահին, որ հետ է պահում իրավագիտակից հանրությանը:

-  Այսինքն՝ նկատի ունեք, որ Փաշինյանի ընդդիմախոս ուժերը կարող են օգտվե՞լ այդ իրավիճակից:

- Քաղաքացիական անհնազանդություն ասվածը կարող է սկսվել Ամուլսարի դեմ պայքարի շրջանակներում և հարցի լուծում ստանալուց հետո, դժվար կլինի գուցե դա դադարեցնել: Ես չեմ պնդում, որ դա հնարավոր չի լինի վերահսկել, բայց միշտ կան ռիսկեր, որ կարող են գնալ այլ ուղղությամբ: Քանի դեռ կան ռիսկեր, ավելի նպատակահարմար է սպասել կառավարության ողջախոհությանը:

- Դուք ինչպիսի՞ լուծում եք տեսնում: Պե՞տք է պայքարել մինչև կառավարությունը հրաժարվի իր որոշումից:

- Պարտադրելու համար 1 շաբաթը բավական է, որպեսզի պարտադրելու ճանապարհով այդ հարցը լուծվի: Ես չէի ցանկանա, որ այդ միջոցներին գնայինք: Ժողովրդի կողմից ընտրված է կառավարություն, և նա պարտավոր է ժողովրդի կարծիքը հաշվի առնել: Հարցի լուծումը մեկ տարբերակ ունի՝ դա «Լիդիանի» ներկայացրած ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելն է, թե ինչ մեթոդներով կգնա կառավարությունը, դա այլ հարց է: 

- Նոր ՇՄԱԳ կլինի՞:

- Կառավարության գործառույթների մեջ մտնում է նախորդ ապօրինի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելը, մեր պահանջը հիմա դա է: Կդիմեն նոր ՇՄԱԳ-ի համար, թե՝ ոչ, տարբեր հանգամանքներից է կախված: Առաջին հերթին «Լիդիանը» պետք է  ՇՄԱԳ կազմելու ցանկություն հայտնի: Հիմա  դժվարանում եմ ասել, թե իրենք ինչ ուղղությամբ կշարժվեն:

- Հանքը շահագործելու արդարացումներից մեկն էլ նշվում էր «Լիդիանի» հնարավոր արբիտրաժային դատարան դիմելը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս պնդմանը:

- Հայաստանն ինքը կարող է նույն դատարանին պահանջով դիմել: Եթե հետաքննությունն իրականանա հավուր պատշաճի, վստահ եմ, որ կգտնվեն հիմքեր, որ Հայաստանը դիմի արբիտրաժային դատարան և «Լիդիանից» փոխհատուցում պահանջի հանքի տարածքում կատարած ապօրինությունների համար: Բայց դա, գուցե, քաղաքականապես նպատահարմար չէր այս կառավարության համար կամ, գուցե, այդ տարբերակի շուրջ չեն մտածել, որ հետո, ինչպես պնդեց վարչապետը, երկիրը տնտեսապես վնաս չկրի ներդրումների մասով: 

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ