...

Քոչարյանի արածն իր դեմ դուրս եկավ. լրիվ արդար է

Քոչարյանի արածն իր դեմ դուրս եկավ. լրիվ արդար է

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արտահերթ ընտրություններ չեն լինի, որովհետև քաղաքական ուժերը իրականում արտահերթ չեն ցանկանում։

«Իմ Քայլը» տեսավ, որ ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի դեմքով և անհաջող մտքերով հաջողությամբ արժեզրկեց փողոցային պայքարը։ Նույնիսկ երբ իշխանությունը ընկած էր փողոցում, ընդդիմությունը չկարողացավ վերցնել։

Վերոնշյալից ելնելով՝ իշխանությունները արտահերթի գնալու մոտիվացիա չունեն։ Բարգավաճը և Լուսավորը՝ նույնպես։ 

Նոր ընտրություններում նրանք երբեք չեն ունենա այն ձայները, որ ունեն այսօր։ Իսկ Լուսավորը ընդհանրապես պետք է պայքար մղեր ԱԺ-ում հայտնվելու համար, քանի որ չունի Բարգավաճի ռեսուրսները, իսկ պայքարի արդյունքում հայտնվելու էր հներ-նորեր կատաղի պայքարի արանքում։

Նոր ընտրություններում նախկինները կարող էին վերակենդանանալ, իսկ Փաշինյանը կրկին մեծ աջակցություն ստանար։ ԼՀԿ-ին ու Բարգավաճին նման հեռանկար պետք չի, քանի որ դիրքերը միայն թուլանալու են։

17-ը ի սկզբանե էլ հայտարարել էր, որ ոչ թե արտահերթ է ուզում, այլ իշխանություն։ Որովհետև արտահերթի ժամանակ 17-ը կդառնա անիմաստ ֆորմատ, քանի որ մի քանի կուսակցությունները, որ այստեղ ռեսուրսներ ունեն, ոչ Վազգեն Մանուկյանի դեմքի կարիքը կունենան, ոչ էլ լեյտենանտ Շմիդտի զավակների կարգավիճակ ունեցող մնացած ուժերի»։

Մոտավորապես այս վիճակն է: Ճիշտն ասած, նման մի բան մենք էինք ցանկանում գրել: Դե, «Լուսավորը» էն գլխից ատամներով պահում էր խորհրդարանը, Էդմոն Մարուքյանն էլ հայտարարում էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն է դնելու: Ինչը նշանակում էր դեմ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցանկացած մտադրության: Կապ չունի՝ իշխանության, թե ընդդիմության մտադրության:

Այն պահից, երբ Գագիկ Ծառուկյանը Վազգեն Մանուկյանին հրապարակավ բարեկրթության դասեր տվեց, պարզ դարձավ, որ այդ 17-ի որոշ ուժերի զահլեն Վազգեն Մանուկյանից գնացել է: 

Չէ, բայց իսկապես պետք է տաղանդ ունենալ, որպեսզի նոյեմբերի 10-ից հետո փողոցում ընկած իշխանությունը հնարավոր չլիներ վերցնել: Վազգեն Մանուկյանը դա արեց: 

Բայց մեր հիմնական ասելիքը սա չէ: Իրականում, երբ այս իշխանությունները հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու իմաստ կամ պահանջ չկա, սա մեկը մեկին Ռոբերտ Քոչարյանի գործելաոճն է:

Ուղղակի հիշեցնենք. 2003 թվականի նախագահական ընտրություններում, որտեղ հաղթել էր Ստեփան Դեմիրճյանը, Ռ. Քոչարյանի իշխանությունը աննախադեպ կեղծիքների գնաց և թվեր նկարելով՝ իր համար անհրաժեշտ տոկոսներ հավաքեց: Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բողոքի զանգվածային ցույցերը չէին դադարում, իշխանության վիճակը երերուն էր: Ընդդիմությունը բողոքարկեց ընտրությունների արդյունքները ՍԴ-ում, և այդ ժամանակ Գագիկ Հարությունյանի Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում իշխանությունները վստահության հանրաքվե պետք է անցկացնեն: Որոշումը խորհրդատվական բնույթ էր կրում, այն իշխանություններին ոչինչ չէր պարտադրում, բայց այդ որոշումը լարվածությունը չեզոքացրեց, ընդդիմությունն աստիճանաբար դադարեցրեց բողոքի ակցիաները:

Իսկ մեկ տարի հետո, երբ ընդդիմությունը Քոչարյանին հիշեցրեց վստահության հանրաքվեի անցկացման մասին, Քոչարյանն ասաց՝ առը հա, թե կանցկացնեմ: Արդեն պնդացրել էր իր դիրքերը, չորով ասաց՝ չէ: Հետո ինչ եղավ, արդեն գիտեք: Ընդդիմությունը նորից սկսեց հանրահավաքներ անցկացնել, որի գագաթնակետը դարձավ 2004 թվականի ապրիլի 12-ը, երբ Ռ. Քոչարյանի հրահանգով Բաղրամյան պողոտայում ուժային կառույցները աննախադեպ դաժանությամբ ջարդեցին ցուցարարներին, հարյուրներով լցրեցին բանտերը ու անասելի խոշտանգումների ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների: Մինչև հիմա որ հիշում ենք, թե ինչ գազանություններ էին անում քոչարյանական ուժայինները, փշաքաղվում ենք: 

Իսկ հիմա նույնն արեց Նիկոլ Փաշինյանը: Քանի կար, ասում էր՝ դե հա, երևի արտահերթ ընտրություններ պետք են, սկսեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցական հանդիպումներ անցկացնել՝ յանի արտահերթ ընտրությունների թեմայով, բայց երբ այս 17 ուժերի փողոցային պայքարը սատկեց, Փաշինյանը հայտարարեց՝ առը հա, թե արտահերթ ընտրություններ կանցկացնեմ: Արդար է, ժողովուրդ, արդար: 

Ամենահետաքրքիրն այն է, որ արտահերթ ընտրություններ չանցկացնելու որոշումից կատաղած ուժերի մեծ մասը նրանք են, որոնք 2004-ին դեմ էին վստահության հանրաքվեին: Այսինքն, սրանց քթին հագցրել են իրենց իսկ ոճով: Իրենց արածն իրենց դեմ դուրս եկավ: Քոչարյանը, դաշնակները, հանրապետականներն ընդհանրապես խոսելու տեղ չունեն: Ոնց դուք եք ընդդիմության հետ վարվել, այնպես էլ ձեր հետ են վարվում: Բա արդար չի՞: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ