...

ՔՊ թեկնածուն շտապել է պատգամավորական մանդատը վայր դնելիս, բայց հովանավորների հարցում բախտը բերել է

ՔՊ թեկնածուն շտապել է պատգամավորական մանդատը վայր դնելիս, բայց հովանավորների հարցում բախտը բերել է

Նախօրեին Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքում նախատեսված էր հանդիպում Խոյ խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ համամասնական ցուցակը գլխավորող Արգիշտի Մեխակյանի և համայնքի բնակիչների հետ:

Թեկնածուն հանդիպմանը ժամանել էր մեծաքանակ ավտոմեքենաների և համախոհների ուղեկցությամբ։ Սակայն քիչ անց պարզվել էր, որ ծաղկունքցիները հանդիպման չեն եկել, և շփոթված թեկնածուն ստիպված է եղել հեռանալ իր շքախմբով: Բայց մինչև հեռանալը վերջինս մտել է գյուղապետարան և որոշ ժամանակ ինչ-որ բան քննարկել գյուղապետարանի աշխատակիցների հետ: Կատարվածի մասին փորձեցինք պարզաբանում ստանալ Արգիշտի Մեխակյանից։ Ի պատասխան՝ նա ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Ես չէի գնացել հանդիպման, ուղղակի պետք է հանդիպեի միայն գյուղապետարանի աշխատակիցների հետ և աշխատակազմի ղեկավարին մի քանի հանձնարարականներ տայի: Մենք մեր թիմով էինք գնացել, այդ իսկ պատճառով շատ էինք։ Մենք դրանից հետո պետք է հանդիպեինք Հովտամեջ և Ծիածան համայնքների բնակիչների հետ, կարող եք այդ մասին տեղեկանալ իմ պաշտոնական էջից»: 

Թե ինչու և ինչ պետք է հանձնարարեր թեկնածուն համայնքի գյուղապետարանի աշխատակիցներին, դժվար չէ կռահել։ 

Մնում է նկատել, որ ՔՊ-ն ներկայացնող Արգիշտի Մեխակյանի աշխատաոճը ամենևին չի տարբերվում իր նախորդների աշխատաոճից. նրա դեպքում ևս համայնքային դպրոցների մանկավարժներին և գյուղապետարանի աշխատակազմին հրահանգվում է պարտադիր ներկայանալ ՔՊ թեկնածուի հանդիպումներին: Թերևս գյուղապետարանում «քննարկվող թեմաների ու հրահանգների» համատեքստում էր նաև այն, թե ինչու հանդիպմանը չէին ներկայացել Ծաղկունք համայնքի բնակիչները։ Մեր դիտարկմանը, որ վարչական լծակներ են օգտագործվում, Մեխակյանը պատասխանեց. «Այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, միայն ասեկոսեներ են»։ 

Ի դեպ, երիտասարդ պաշտոնյան մի առիթով մտերիմների մոտ անկեղծացել է, թե շտապել է պատգամավորական մանդատը մարզպետի տեղակալի պաշտոնով փոխարինելու հարցում: Չնայած պետք է նկատել, որ բոլոր ռեսուրսները գործի են դրվել Մեխակյանին խոշորացված համայնքի ղեկավար դարձնելու ուղղությամբ։ Նրա հորաքրոջ ամուսինը՝ գործարար Վահան Ավագյանը, օրինակ, Արմավիրի մարզի գյուղերում այս օրերին բարեգործությամբ է զբաղված և առիթը բաց չի թողնում ամեն անգամ նրբորեն ակնարկել ՔՊ-ական թեկնածու իր բարեկամի մասին: Մյուս հորաքրոջ ամուսինը՝ Աշոտ Կամավոսյանը, Մեխակյանի հայրենի Արագած գյուղի համայնքի ղեկավարն է: Նա էլ վարչական լծակները չի խնայում երիտասարդ ազգականին խոշորացված համայնքի ղեկավար դարձնելու գործում:

Հիշեցնենք, որ Արգիշտի Մեխակյանի բախտը հովանավորների հարցում բերել է: Ժամանակին նա գտնվում էր իր պապիկի մտերիմ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հովանու ներքո, որի միջնորդությամբ էլ դարձավ ԿԱ Պետական կադաստրի պետ Երվանդ Զախարյանի օգնականը և այդտեղից էլ սկսեց իր կարիերան: Այնուհետև, էլի «բախտի բերմամբ» հայտնվեց ԵԿՄ ներկայիս նախագահ Սասուն Միքայելյանի հոգածության ներքո, որն էլ իր զոհված մարտական ընկերոջ որդուն 2018 թվականի ընտրություններից հետո տեղավորեց խորհրդարանում իբրև պատգամավոր: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ