...

Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելիս

Քրիստոսի երկրորդ գալստյանը սպասելիս

«Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի: Ու այս ճանապարհին մեր ծնկները չեն ծալվել ու չեն ծալվելու: Հիմա առավել քան երբևէ համոզված եմ. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով և փոթորկված օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի»,- ֆեյսբուքյան իր էջում՝ քաղաքացու օրվան նվիրված շնորհավորանքում, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աննախադեպ համեստ է գտնվել այս անգամ։ Օրինակ՝ կարող էր, չէ՞, մեր նավի կայանման տեղ հռչակել ոչ թե պայմանական որևէ խաղաղ հանգրվան, այլ, ասենք, կոնկրետ Խաղաղ օվկիանոսը։ Կարող էր, չէ՞, ասել, որ Քրիստոսից հետո «սրբագույն առաքելությամբ» երկիր եկածը հենց ինքն է, կարող էր բացել փակագծերը ու մեր երկրի վրա թափված աղետների հեղինակ հռչակել չար ուժերին, սատանային, յոթգլխանի վիշապին, որոնց դեմ պայքարել ու հաղթել է։ Կարող էր, չի արել։ Ի դեպ՝ անցած տարի ավելի քիչ էր համոզված, քան այս տարի, որ ազգին առաջնորդում է ճիշտ ճանապարհով։ Ոչինչ, որ այդ ճանապարհը փոթորկված օվկիանոսն է։ Մնում է շնորհակալություն հայտնել, որ զուգահեռներ չի անցկացրել այն պատմության հետ, թե ինչպես Քրիստոսը հանդարտեցրեց ծովի ջրերն ու խորտակվող նավը փրկեց կործանումից։ Շնորհակալությունից բացի հավելենք, որ այս տարի Քաղաքացու օրվա տոնական միջոցառումներ չեն կազմակերպվել, բայց համապետական շաբաթօրյակ է հայտարարվել։ Շաբաթօրյակն իսկապես արտացոլում է օրվա խորհուրդը։ Եվ ուրեմն՝ 

Կեցցե շաբաթօրյակը,

Կեցցե շաբաթօրյակը,

Կեցցեն այն բոլոր շաբաթօրյակները, որոնք ուղղված են լինելու Հայաստանը կենցաղային, քաղաքական, հոգեմշակութային աղբից մաքրելուն։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1332 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ