...

ՌԴ-ին միանալու հարց չկա, բայց եթե լինի էլ, նորմալ է

ՌԴ-ին միանալու հարց չկա, բայց եթե լինի էլ, նորմալ է

«Պատերազմից հետո անվտանգության համակարգը խաթարվել է, և եթե ՀՀ-ն նախկինում հանդես էր գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այսօր, ցավոք, այդպես չէ։ Ստեղծված վիճակում ահագին տարածքներ կորցրած, փոքրաթիվ ազգաբնակչությամբ վիրավոր Արցախը գոյաբանական պայքարի մեջ է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով Արցախի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեի մասին խոսակցություններին։ Նա հավելել է, որ քաղաքական ուժերի օրակարգում նման հարց չի քննարկվում։ Եվ այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում հասարակության տարբեր շերտերի մոտ՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեի շուրջ խոսակցությունները Բալայանը աբսուրդային չի համարել՝ ընդգծելով ՀՀ իշխանությունների՝ Արցախից ձեռքերը լվանալու ակնհայտ փաստը։

Հակասական իրավիճակ է՝ Արցախի քաղաքական ուժերի օրակարգում նման հարց չկա, բայց եթե լինի էլ, այն աբսուրդային չէ։ Սա նշանակում է, որ վերջին օրերին ակտիվորեն շրջանառվող ինֆորմացիան, թե Արցախը կմտնի ՌԴ կազմի մեջ, նախևառաջ հանրային տրամադրությունները շոշափելու համար են։ Արցախի ժողովրդի ձայնն այս հարցում դեռևս լսելի չէ, իսկ Հայաստանի հասարակության զգալի հատվածը առանձնապես վատ չի էլ զգում, երբ խոսք է գնում, օրինակ, Հայաստանի՝ ՌԴ-ի հետ միութենական պետության հեռանկարի մասին։ Էլ ուր մնաց Արցախի դեպքում մտահոգվի։ Մյուս կողմից էլ՝ Արցախի իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, հասարակությունն էլ համակարծիք են գոնե մի հարցում՝ Հայաստանն այլևս ձեռքերը լվացել է Արցախից։ Այս մասին խոսում են բոլորը՝ քաղաքական իշխանությունից մինչև Արցախում բնակվող շարքային մարդը։ Հայաստանի քաղաքական իշխանությունն առայժմ պասիվ լսողի դերում է։ Ոչ հերքում է այսօրինակ հայտարարությունները, ոչ էլ փորձ է անում ցրելու այդ կասկածները։ Եվ հենց այս չարագուշակ լռությունն է, որ հիմք է տալիս նման կասկածների։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1067 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ