...

Աշոտ Սարգսյան. Երկու Ազատ Արշակյա՞ն, թե՞ այլ բացատրություն է պետք

Աշոտ Սարգսյան. Երկու Ազատ Արշակյա՞ն, թե՞ այլ բացատրություն է պետք

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի 30-ին, «Factor tv»-ին Ազատ Արշակյանի տված հարցազրույցից (https://www.youtube.com/watch?v=2f7t_kyM3A0) մի քաղվածք (առանց շտկումների).

Հարցազրուցավար. «Առաջին նախագահի եւ կաթողիկոսի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հրապարակած «դիմանկարը», որ դուք կարդացիք Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, դա դուք Հայաստանի ղեկավարի խոսույթ համարեցի՞ք, թե՞ ոչ»։

(Խոսքը վերաբերում է Գարեգին Բ կաթողիկոսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հունիսի 25-ի հանդիպումից հետո հաջորդ օրը Ն. Փաշինյանի տարածած խայտառակ ու հիստերիկ հերյուրանքին, որում նա Առաջին նախագահին մեղադրել էր նաեւ «Հայաստանի անկախացման գործընթացը գիտակցված՝ ռազմավարական անհնարինության ճանապարհով» տանելու համար)։

Ա. Արշակյան. «Ո՛չ։ Ես դա դատապարտում եմ։

Լեւոն Տեր-Պետրոսյանը 1990 թվականից մեր երկրի ղեկավարն էր, երբ Հայաստանը հռչակվեց անկախ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականի սեպտեմբերին մեր երկրի ղեկավարն էր, անցկացրեց անկախության հանրաքվեն։ Ոչ թե Սովետական Միության վերականգնման, այլ Հայաստանի անկախությա՛ն հանրաքվեն, ի՛նքն էր դրա պատասխանատուն։ 1994 թվականին, երբ Հայաստանին սկուտեղի վրա առաջարկեցին միանալ Ռուսաստան-Բելոռուս միությանը, Լեւոն Տեր Պետրոսյանը ասաց՝ ո՛չ… Մեզ հրավիրեցին, խալի փռեցին, կարմիր գորգ, երաժշտությունով հրավիրեցին (ես այն ժամանակ պատգամավոր էի) Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց՝ ո՛չ, Հայաստանի անկախությունը չե՛մ տալիս։ 1995 թվականին ասաց՝ «չե՛մ տալիս», 1996-ին ասաց՝ «չե՛մ տա», 1997-ին ասաց՝ «չե՛մ տա», 1998-ին ասաց՝ «չե՛մ տա» ու հրաժարվեց իշխանությունից։ Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին այդպես եմ հիշում ու այդպես է մնալու… Ասաց՝ Ռուսաստանի միջամտությունը մեր գործերին աղետաբեր է…։ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է պետական պաշտոնյա, նա դա է թողել…»։

Հարցազրուցավար. «Նիկոլ Փաշինյանը ասում է, որ նա Հայաստանը խամաճիկային պետություն դարձնելու ճանապարհով էր տանում, էս ձեր թվարկածների ֆոնին դա ինչպե՞ս /հասկանալ/…»։

Ա. Արշակյան. Նիկոլ Փաշինյանը երեւի երիտասարդ է եղել, զբաղված է եղել չգիտեմ ինչով… դեռահաս է եղել։ Գերագույն խորհուրդը ոչ թե ձայների մեծամասնությամբ, այլ 100 տոկոսով ճանաչել է այդ հանրաքվեի արդյունքները, Լեւոն Տեր-Պետրոսյանի՛ օրոք։

Լեւոն Տեր-Պետրոսյանին ամեն տարի ասում էին /Ռուսաստան-Բելոռուս միությունից/՝ արի, իշխանությունդ կմնա… կմնաս Հայաստանում իշխան, ասաց՝ «Ո՛չ»։ Հանձնեց /իշխանությունը/, ասաց՝ «Բարին ընդ ձեզ»։ Ովքեր որ ստացան իշխանությունը, հենց նրանք էին համաձայն, հայտարարում էին, որ, այո, զրկելու են Հայաստանը ինքնիշխանությունից… Ռոբերտ Քոչարյանը իր ընկերների հետ, եւ հետագայում էլ՝ մինչեւ այսօր…

Իհարկե, կան բաներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի անելու /նկատի ունի կաթողիկոսի հետ հանդիպումը եւ եկեղեցուն պաշտպանելը իշխանության հարձակումներից/, եւ կուզի կանի, կուզի՝ չի անի։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ, ժառանգություն է թողել մեզ հզոր, մարտունակ, կենսունակ պետություն»։

Խորհրդային տարիների այլախոհ, շուրջ 10 տարի խորհրդային կալանավայրերում անցկացրած, 1988-ից Ղարաբաղյան շարժմանը ակտիվ մասնակից, քաղաքական կուսակցություն հիմնադրած ու տարիներ շարունակ ղեկավարած, 1990-1999 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի պատգամավոր, այսինքն՝ ինտենսիվ քաղաքական ճանապարհ ու դպրոց անցած Ազատ Արշակյանի երդման ձեւով ու հաստատակամ ասած այս խոսքերում ես ճանաչում եմ այն մարդուն, ում հետ նույն 1990-1999թթ. քաղաքական նույն թիմում եմ եղել, ամենօրյա ընկերական շփումներ ունեցել։ Նա այդպես էր մտածում։

Ընդ որում՝ Ազատ Արշակյանի երկաթյա այդ համոզմունքից ոչինչ չէր պակասել կամ խամրել 1998 թվականին Առաջին նախագահի հրաժարականից հետո։ 2007 թվականից, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հերթական նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, եւ նրա առաջնորդությամբ երկրորդ համաժողովրդական շարժումը ծավալվեց, Ազատը կրկին նրա կողքին էր, այդ Շարժման առաջին շարքերում։ Իսկ վերոբերյալ քաղվածքը հարցազրույցից հավաստում է, որ նա նույն հաստատ համոզմունքին է եղել միշտ, ընդհուպ՝ դեռ մեկ ամիս առաջ։

Եւ այս ֆոնին դժվար էր պատկերացնել, թե ինչ-որ բան կարող էր նրա շուրջ 35-ամյա այս համոզմունքը սասանել։

Իսկ հիմա, ընդամենը մոտ մեկ ամսվա տարբերությամբ (հուլիսի 24-ին), Ազատ Արշակյանի մի այլ հարցազրույցից հատված, որ դրա ճիշտ հակառակն է.

 «Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է հանձնել Հայաստանի Հանրապետությունը Սովետական Միությանը, Ռուսաստան-Բելոռուս Միությանը, հետ կանչել Անկախության հռչակագիրը, չեղյալ համարել 1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքները՝ եթե ասում է սրանց բաց թողեք, հանձնեք իշխանությունը դրանց։ Որովհետեւ այս մարդիկ ուզում են Հայաստանի Հանրապետությունը զրկել անկախությունից, հանձնել Ոսկե Հորդային, հանձնել մոնղոլ-թաթարական լծին, խանությանը հանձնել։ Ես թիմակիցն եմ եղել, աջակիցն եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի, գիտեմ, թե նա ինչ գնահատական է տվել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հիմա հանձնվո՞ւմ ենք մենք Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի՞ն։ Սրանց բաց թողնելով մենք իշխանությունն ենք հանձնում նրանց, չեղյալ ենք համարում մեր նվաճումները… Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ դրանց բաց թողեք՝ Հայաստանում խաղաղություն կլինի, այդ խաղաղությունը ի՞նչ գնով է լինելու… /Սամվել Կարապետյանը/ մի անգամ ասել է՝ «Մենք բռնություն ենք գործադրելու իշխանությունը զավթելու համար, մենք՝ մեր ձեւով»։ Դա բռնության կոչ է, եթե ինքը միանում է նրանց….»։

Նախ՝ Սամվել Կարապետյանը իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ չի արել։ Նա ընդամենը հայտարարել է, որ պատրաստ է մտնել քաղաքականություն։

Հարկադրված եմ Ազատ Արշակյանի այս տարօրինակ մտքերի հետ կապված նաեւ կատարել հետեւյալ պարզաբանումները.

Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեւէ չի պաշտպանել Սամվել Կարապետյանի մտադրությունը՝ դառնալու Հայաստանի հաջորդ վարչապետը։ Նա ընդամենը իրավապաշտպանական նկատառումներով կոչ է արել անմիջապես ազատ արձակել ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կալանավորված Բագրատ եւ Միքայել սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։ Նկատի ունենալով, որ Ազատ Արշակյանը իրեն համարում է խորհրդային շրջանի ամենասկզբունքային եւ խիզախ այլախոհ-իրավապաշտպաններից մեկը, նա պետք է առաջինը պահանջեր քաղբանտարկյալների ազատ արձակումը, այլապես նա դավաճանում է իր սկզբունքներին եւ կենսագրությանը։

Ի՞նչ է ստացվում ըստ Ազատ Արշակյանի.

Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ է Հայաստանը անկախություն ձեռք բերել, ու դրանում ահռելի է նրա անձնական վաստակը։ ՀՀ հիմնադիր-նախագահին իր իշխանության ողջ ընթացքում առաջարկել են միանալ Ռուսաստան-Բելառուս միությանը՝ խոստանալով, ըստ էության, հավերժական ու ապահով իշխանություն։ Բայց նա կտրականապես մերժել է՝ որպես գերագույն արժեք ունենալով Հայաստանի անկախությունը։ Հանուն Հայաստանի անկախության նա անգամ հրաժարական է տվել Հանրապետության նախագահի պաշտոնից։ Հետո՝ 2007-ից Հայաստանի անկախության պահպանումը որպես գերնպատակ ունենալով, նորից է մտել անհավասար քաղաքական պայքարի մեջ, 6-7 տարի համաժողովրդական շարժում է ղեկավարել՝ նույն Ռ. Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ։ Դրա համար էլ Ազատ Արշակյանը անսասան կանգնած է եղել նրա կողքին։ Դրանից հետո էլ մնացել է քաղաքական նույն դիրքերում մինչեւ դեռ մեկ ամիս առաջ…

Ու հանկարծ, 2-3 շաբաթում տրամագծորեն, 180 աստիճանով փոխվե՞լ են Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի համոզմունքներն ու վերաբերմունքը ամենաառանցքային՝ Հայաստանի անկախության հարցում։ Հանկարծ որոշել է դավաճանե՞լ իր ստեղծած ու երեքուկես տասնամյակ դավանած գերագույն արժեքին, օժանդակել Հայաստանի՝ Ռուսաստան-Բելառուս միություն «քարշ տվող» ուժերի՞ (ըստ Ազատ Արշակյանի)։

Ինչի՞ց հետո։ Ի՞նչ առիթով կամ հիմքով է կատարվել այդ շրջադարձը։ Հանուն ինչի՞։ Հանուն ո՞ւմ շահերի։ Հանուն ժամանակին իրեն դավաճանած, արդեն քանի տասնամյակ իր մոլի հակառակորդ Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի՞ (ըստ Ազատ Արշակյանի)։

Ի՞նչ տրամաբանությամբ։ Մի՞թե տրամաբանությունն էլ կարող է ամառվա շոգին արձակուրդ գնալ։

Ընթերցողին ուղղված այս հարցերն, անշուշտ, հռետորական են. Լեւոն Տեր-Պետրոսյանի որեւէ քննադատի երբեւէ չի հաջողվել նույնիսկ ոչ առանցքային քաղաքական հարցերում որեւէ շեղում ցույց տալ՝ նկատի ունենալով անգամ նրա ողջ քաղաքական կենսագրությունը։

Ինչո՞ւ է Ազատ Արշակյանն իրեն դրել ծայրահեղ անհեթեթ վիճակի մեջ։

Նրա՝ հակադիր գնահատականներով այս երկու հարցազրույցների միջակայքում, այն է՝ հուլիսի 22-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել «Լավատեսական ահազանգ» վերնագրով հոդվածով եւ հաջորդ օրը (այդպես էլ շատերի համար անընկալելի մնացած) «Մեծարգո վարչապետ» սկսվածքով մի կոչով (դա իրականում ուղղված էր հասարակությանը)։ Եւ դրանով խափանել է Ն. Փաշինյանի՝ ամբոխի գլուխ անցած Վեհարանը գրոհելու հռչակած ծրագիրը։

Մնացածը՝ հեքիաթ է։

Եւ այսպես՝

Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կապված՝ դրված հարցերը հռետորական են, ուրեմն վերջին այս մեկ ամսվա՝ հուլիսի ընթացքում Ազատ Արշակյանի մոտ պետք է ինչ-որ բան փոխված լինի տրամագծորեն՝ 180 աստիճանով։ Ասենք՝ հայտնվել է մի իրավիճակում, երբ ստիպված է եղել ասել իր շուրջ 35-ամյա հաստատուն պատկերացումների, համոզումների ու գնահատականների ճիշտ հակառակը։ Մեր այսօրվա գործնական կյանքում, եւ, մանավանդ, ինչ-որ բիզնես ունեցողների համար, ինկվիզիցիոն այս իշխանության պայմաններում ու նման բազմաթիվ օրինակների ֆոնին, դա միակ հնարավորն է։

Սա, իհարկե, ենթադրություն է։

Չէի ուզի, որ այդպես լիներ։

Բայց այլ բացատրություն պարզապես չկա։

Մնում է ափսոսանքով արձանագրել դա։

ՎԱՐԿԱՆԻՇ

   376 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ