...

Ռուս խաղաղապահները ռուսական երաժշտություն են միացրել՝ ի պատասխան նամազի

Ռուս խաղաղապահները ռուսական երաժշտություն են միացրել՝ ի պատասխան նամազի

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Արցախի զինված ուժերը զուգահեռաբար իրականացնում են իրենց գործառույթները՝ շարունակաբար բարելավելով Հանրապետության պաշտպանական ամրություններն ու մեխանիզմները:

Շուրջ 200 մարդ՝ երեխա, կին տարեց, տարհանվել են վերոնշյալ բնակավայրերից։ Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երեկ տեղեկացրել է, որ տարհանման կազմակերպումից հետո հանձնարարվել է Սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարությանը արագորեն գնահատել տարհանված ընտանիքների կարիքները և ցուցաբերել առաջին անհրաժեշտության աջակցություն: Արդեն սննդամթերքի տեսքով որոշակի ծավալի աջակցություն տրվել է և առաջիկայում աջակցության լրացուցիչ միջոցներ ևս կկիրառվեն: Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարհանված բնակիչների մի մասը հարազատների, բարեկամների տանն է տեղավորվել, մյուս մասը վարձով տուն է գտել։

Արցախում ստեղծված իրադրության մասին նոր տեղեկություններ է հաղորդել «Հրապարակ» օրաթերթը։ Հղում անելով իր անանուն աղբյուրին՝ լրատվամիջոցը տեղեկացրել է, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք։ «Երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել և կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ»,- գրել է թերթը՝ նշելով, որ Արցախի իրենց աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, և ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ «Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են և թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ»,- եզրափակել է օրաթերթը։

Հավելենք նաև, որ ռուս խաղաղապահներն իրենց թելեգրամյան ալիքում նոր տեսանյութեր են հրապարակել։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ եղած տվյալները համեմատելով, ըստ երևույթին, այն Փառուխ գյուղից է, որտեղ մարտի 24-ին Ադրբեջանի զինուժն առաջ է եկել։ Տեսանյութում ռուսական բարձր երաժշտության ձայն է լսվում, ըստ ամենայնի, ի պատասխան ադրբեջանական կողմի՝ բարձրախոսով կրկին միացրած նամազի։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6034 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ