...

Սա էր մեզ պակաս

Սա էր մեզ պակաս

Արևմուտքից առաջ ընկան

Օօօ՜, էս ի՞նչ կատաղած շաբաթ դուրս եկավ: Մինչ մենք մտածում էինք շաբաթն ամփոփել ստանդարտ իրադարձությունները հիշատակելով. դե, Արցախի շրջափակում, Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինների ջեբերը տարատեսակ մեղքեր լցնելու ջանքեր, ընդդիմություն, բան, արա, որտեղից որտեղ իրադարձությունների կենտրոնում հայտնվեց կատաղած Պրիգոժինը:

Վայթե Բիսմարկն էր ասել. երբեք Ռուսաստանի դեմ մի գնացեք, ձեր ցանկացած խելամիտ քայլին նրանք կպատասխանեն անկանխատեսելի հիմարությամբ:

Որ Ռուսաստանն անկանխատեսելի երկիր է, դա գիտեինք, բայց որ էս աստիճանի... որ ընդամենը մի քանի ժամում ռազմական խռովություն կսկսվի, Ռոստովն ու Վորոնեժը «Վագների» հսկողության տակ կանցնեն, որ ռուսական ռազմական ուղղաթիռները կխոցվեն ոչ թե ուկրաինական, այլ ռուսական մասնավոր ստորաբաժանումների կողմից: Որ Մոսկվայում կհայտարարվի արտակարգ ռեժիմ, կսկսեն պատրաստվել պաշտպանության: 

Մոտ 20-25 տարի առաջ ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովն իր ելույթներից մեկում անդրադառնալով Սառը պատերազմին՝ ասաց, որ ԱՄՆ-ը տարիներ շարունակ ԽՍՀՄ-ը քանդելու, փլուզելու ծրագրեր էր մշակում, բազմաթիվ փորձագիտական կենտրոններ էին այդ ուղղությամբ աշխատում, հաշվարկներ էին անում, որ մինչև 20-րդ դարի վերջը գուցե մի բան ստացվի, բայց ռուսները վերցրեցին ու ժամկետից 20 տարի շուտ գերակատարեցին այդ պլանը:

Հիմա ամբողջ Արևմուտքը լծվել էր ուկրաինական պատերազմում Ռուսաստանին պարտության մատնելու գործին, հարյուր միլիարդավոր դոլարների զենք էին տրամադրում Ուկրաինային, ամենավերջին սերնդի զինատեսակներ, «Լեոպարդ» տանկեր, ՀՕՊ համակարգեր, արբանյակային կապ, հետախուզական տվյալներ, հազարավոր ուկրաինացի զինվորների էին պատրաստում Եվրոպայում, բայց սպասված արդյունքները չկային: Իսկ հիմա ռուսներն իրենք իրենցով անում են այն, ինչը Արևմուտքին չէր հաջողվում: Հավայի էդքան էլ փող ծախսեցին: Ոչ թե ուկրաինացիներին պետք է զինեին, այլ ռուսներին: 

Ոնց որ դա արեց Կայզերական Գերմանիան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Մի քանի տարի է, արևելյան ճակատում տանջվում էին ռուսների հետ ծանր մարտերում, ահռելի կորուստներ էին կրում, երկու ճակատով չէին կարողանում դիմագրավել Անտանտային: Ի՞նչ արեցին. բռնեցին, ֆինանսավորեցին բոլշևիկներին, գնացքով ուղարկեցին Պետերբուրգ: Բոլշևիկները եկան, զինված հեղափոխություն արեցին, ռազմաճակատը փլվեց, Ռուսաստանին պատերազմից «ֆուկ» արեցին, հետո իրենք իրենց մեջ արյունոտ ու դաժան պատերազմ սկսեցին: 

Պատմության անիվը պետք է ծակել

Այժմ պատմությունը ոնց որ թե կրկնվում է: Պրիգոժինի ենթակայության տակ 25 հազարանոց բանակ կա՝ ծերից ծեր զինված, պատրաստված, սովորած: Հանցախումբ չի, էլի, որ ոստիկանության երկու մեքենայով գնաս, վնասազերծես: Չգիտենք՝ ինչով կավարտվի, շատ սրընթաց են զարգանում իրադարձությունները: Մինչև էս տողերը գրում ենք, ի՞նչ իմանաս, արդեն ինչ նոր բաներ կլինեն: 

Հարյուր տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունից հետո այդ կայսրության փլատակների տակ ընկավ նաև Հայաստանը: Քանի խառն էր Ռուսաստանում, այստեղ թուրքերը մտան, ադրբեջանցիների հետ կռիվներ սկսվեցին: Մի քանի ծանր տարի, որոնց արդյունքում տարածքային կորուստներ ունեցանք և պետականության ավարտ:

Հույս ունենք, որ Ռուսաստանում սկսված խժդժություններն այս անգամ նման ազդեցություն չեն ունենա մեր տարածաշրջանում: Չենք ուզում կռռալ, ինչ-որ ապոկալիպտիկ կանխատեսումներ անել, բայց ոսկերչական ճշգրտության քաղաքականություն պետք է տարվի, սրա-նրա «դռբի» տակ չընկնելու համար:

Ավել բան չենք ասում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5663 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ