...

Սենց էլ անորոշ վիճա՞կ

Սենց էլ անորոշ վիճա՞կ

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատմել է, որ դեսպանի հետ քննարկել են ստեղծված իրավիճակը. «Մենք դեսպանին հարցրել ենք եռակողմ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին։ Կոպիրկինն ասել է, որ լիարժեք տեղեկատվություն չունի»:

«ՉԻ». Այստեղ երկու պահ կա, որոնց արժե ուշադրություն դարձնել: Առաջինը՝ մեր իշխանություններն այնքան վստահություն չունեն, որ ընդդիմությունը գնում, Ռուսաստանի դեսպանին է հարցնում եռակողմ համաձայնագրի հնարավոր ստորագրման մասին: Մինչդեռ այդ հարցի պատասխանը պետք է իշխանությունները տային: Բայց երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքն է հրաման տվել, որ մեր զորքերը հետ քաշվեն Սյունիքի որոշ հատվածներում, որ բանը չհասնի բախումների: Հարցնում են՝ այդ խնդրի վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրե՞լ ես, ընդդիմադիր խմբակցությունների հետ քննարկե՞լ ես, խորհրդակցե՞լ ես, ասում է՝ մի երկու հոգու ասել եմ: Այսինքն՝ նման կարևորագույն հարցը միանձնյա է որոշել: Կարծես այդ տարածքները ժառանգություն է ստացել, ոնց ուզի, այդպես էլ կվարվի:

Երկրորդ պահն էլ այն է, որ Սեյրան Օհանյանը դեսպանին հարցնում է մի բան, որի պատասխանը Կոպիրկինը չի ասի, եթե անգամ իմանա: Որովհետև եռակողմ համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները գաղտնի են ընթանում, և դեսպանից այդ բանակցությունների վերաբերյալ մանրամասներ կորզելն այնքան էլ պատեհ բան չէ: Դեսպանը չէ, որ մեզ պիտի դրա մասին հայտնի: Չնայած, մյուս կողմից, բա ո՞ւմ հարցնեն:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   711 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ