Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր խրամատում վազող զինվորի և երկու առանձնատան լուսանկար և գրել. «Գիտեք ինչու՞ պարտվեցինք պատերազմում։ Որովհետև, օրինակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ըստ մամուլի հրապարակումների ունի այսպիսի առանձնատներ, իսկ մեր խրամատները ունեին այսպիսի տեսք՝ իր ՊՆ եղած ժամանակ»:
Media.am-ը պարզել է, որ խրամատում վազող զինվորի լուսանկարն արվել է 2020 թվականին՝ գործող իշխանության օրոք։ Դա նախարարությունում Սեյրան Օհանյանի պաշտոնավարելուց մոտ չորսը տարի անց էր։
«ՉԻ». Գևորգ Պապոյանը երևի զգացել էր, որ մի լավ ազգափրկիչ գրառում անելու ժամանակն է։ Ու մտածեց՝ էկոնոմիկայով ժողովրդին չես հուզի, բայց եթե մի հատ խրամատ ու մի հատ վիլլա դնես իրար կողքի՝ համեմես Սեյրան Օհանյանով, ֆեյսբուքը կտաքանա։
Բայց վիլլայի փոխարեն սիլլա է ստացվել, ինքն իր երեսին:
Այսինքն՝ ըստ նախարարի տրամաբանության՝ խրամատը հին է, բայց մեղավորը՝ ավելի հին։ Դե որ էդպես է, ինչի՞ չեք մեղադրում նաև Սասունցի Դավթին, թե բա՝ էս ինչ լուռ նստեցիր, խրամատ չպահեցիր։
Սա, փաստացի, դարձել է նոր իշխանական օրենք՝ «Պատմական հեռավորությունը չի ազատում պատասխանատվությունից»։ Անգամ եթե խրամատը քո օրոք է փորվել, դրա որակի պատասխանատուն նախկինն է, որովհետև նախկին է։ Իսկ երբ ասում են՝ «բա էդ 4 տարին ի՞նչ էիք անում», պատասխանը պարզ է. «նկարներ էինք փնտրում՝ Սեյրանին կապելու ամեն ինչի հետ»։
Մի խոսքով «մենք պարտվեցինք, որովհետև Սեյրանն առանձնատուն ուներ», բայց ոչ մի բառ՝ թե 2020-ի խրամատը ով էր կառավարում։ Որովհետև մեղավոր փնտրելն ավելի հեշտ է, քան խրամատ փորելը։