...

Սերժ Սարգսյանի «ինադու» քվեարկել են

Սերժ Սարգսյանի «ինադու» քվեարկել են

«Իր սեփական կետից սկսելով, Նիկոլին թվում էր, թե Սերժ Սարգսյանի ինադու «լավ» գործ է անում: Նա այդպես էլ չհասկացավ, որ նման ինքնահավան տգիտությամբ, դավադիր հանցանք գործեց ողջ հայ ժողովրդի հանդեպ: Չհասկացավ, որ իր հիմար ամբիցիաների պատճառով, հայ ժողովուրդը ստիպված եղավ զոհել 5000-ից ավելի կյանքեր, հանձնեց հսկայական ռազմավարական տարածքներ, խարխլեց ողջ անվտանգային միջավայրը, ծանր հարվածի տակ դրեց Հայաստանի ներկան ու զարգացման հեռանկարները: Ահա, թե ինչ է նշանակում փողոցից «գտած» վարչապետը, որին իշխանության է բերում կրթական ցենզ չունեցող, խաբված ամբոխը»,- իր երկար ֆեյսբուքյան ստատուսի վերջում գրել է ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:

Մի քիչ չափազանցված է, թե արել է Սերժ Սարգսյանի «ինադու»։ Ազնիվ պետք է լինել՝ արել է, որ հանկարծ ըստ իր խելքի՝ ազգը նրան դավաճան չհռչակի։ Արել է, որովհետև իր իսկ խոստովանությամբ՝ իրեն ավելի հեշտ է եղել գժի տեղ դնելը, քան գործելուց առաջ մտածելը։ Վերջին հաշվով, դրա մասին Սերժ Սարգսյանն ինքն է համապատասխան ձայնագրությունը հրապարակայնացրել։ Հիշեցնենք այդ ձայնագրության ամենակարևոր հատվածը․ «Նրանք (Պուտին, Նազարբաև և Լուկաշենկո) ինձ ասացին, որ ես ժողովրդական մեծ վստահություն ունեմ, սա պատմական շանս է ինձ համար, որ Ղարաբաղի հարցը լուծեմ։ Այդ լուծումը նույնն էր, ինչը Լավրովի պլանում էր` զորքերը հետ քաշվեն, իրենք էլ կգան, ճանճ չի տզզա։ Ես ասում եմ, որ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշտման հնարավոր չէ լուծում»: Ապա Պուտինը ասում է Փաշինյանին, որ Իլհամ Ալիևն էլ է հասկանում, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։ «Ես ասացի` եկեք դա գրենք թղթի վրա, ես տանեմ ժողովրդին ցույց տամ, ասեմ` սենց առաջարկ ունենք։ Նա ասաց` սենց նյուանս կա, Ալիևն իմ հազար տարվա ընկերն ա։ Ասեցի` այսինքն դուք չեք ուզում, որ նա իր ազգի դավաճանը լինի, ե՞ս պիտի ազգի դավաճան դառնամ։ Շատ սուր իրավիճակ էր։ Ինձ դնում էին շրջանակների մեջ։ Ես հասկացա, որ պետք է դուրս գալ դրանից` թեկուզ ինձ գժի տեղ դնելով, թեկուզ նեադեկվատ թվալով»։

Ինչ վերաբերում է փողոցից «գտած վարչապետին», ապա ՀՀԿ-ի պաշտոնավարման տարիներին այնքան մարդ փողոցից նշանակվեց պաշտոնի ու դարձավ միլիոնատեր, որ «կրթական ցենզ չունեցող ամբոխի» համբերությունը հատեց։ Ի դեպ՝ վերջին խորհրդարանական ընտրություններն էլ փաստեցին, որ «ամբոխը» հեչ էլ իրեն խաբված չի համարել, ճիշտ հակառակը՝ մինչև վերջ տեր է կանգնել իր ընտրությանը։ Իսկ այ ՀՀԿ-ն խաբվել է՝ կարծելով, թե պատերազմը սրբել է մարդկանց հիշողությունը։ Պատերազմից առաջ էլ, հետո էլ՝ «ամբոխը» մի հարցում միասնական է եղել՝ քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի «ինադու», եթե անգամ այդ գինը լինելու է հայրենիք չունենալը։ Էնպես որ գործընթացները պատճառահետևանքային տրամաբանությամբ դիտարկելիս ամեն ինչ իր տեղն է ընկնում, և էստեղ կրթական ցենզի մասին հիշատակելը ավելորդ թիթիզություն է։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1554 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ