...

Բա դո՞ւք

Բա դո՞ւք

ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Արցախի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես վերջինս հայտարարել է․ «Բա այսօր ի՞նչ ունենք: Այդ փաստաթղթով յոթ շրջան պետք է հանձնվեր, ենթադրենք իրենց մեկնաբանությամբ ոչինչ մենք չէինք ստանա, իսկ հիմա հանձնել ենք երկու անգամ ավելի շատ տարածք, զոհել ենք հինգ հազարից ավելի զինվորների, ջախջախել ենք մեր բանակը, դարձել ենք կապիտուլյացիայի ենթարկված ժողովուրդ ու պետություն: Կարելի՞ է սրանք իրար հետ համեմատել: Եվ կարո՞ղ եմ արդյոք ես եզրակացնել, որ միայն այն պատճառով, որպեսզի վարկաբեկի նախկիններին կամ նախկին բանակցային պրոցեսը, գնացել են ավանտյուրայի: Իրավունք ունե՞մ այդպես մտածելու: Ավանտյուրա չի, բա ի՞նչ է»: 

Սերժ Սարգսյանը ահագին հումանիստ է։ Սահմանափակվում է «ավանտյուրիստ» բնորոշմամբ, ապա զուգահեռներ անցկացնում իր և Նիկոլ Փաշինյանի միջև՝ նշելով․ «Ի՞նչ է նշանակում՝ բա ես ոնց գնայի խաղաղ լուծման, եթե ինձ զեկուցում են Անվտանգության խորհրդի նիստում, որ մենք «ոչ մի քայլ հետ» սկզբունքով ենք կռվելու: Բա իր կարծիքով ի՞նչ պետք է ասեին պատասխանատուները: Պետք է ասեին, որ հենց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, մենք փախչելո՞ւ ենք»: Հիմա Սերժ Սարգսյանն էլ ասում է, թե կապ չունի՝ ով ի՞նչ է ասել։ «Այսինքն՝ ի՞նչ է նշանակում այսպես են ասել: Իրեն թվում է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ ինձ ասողներ չեն եղել, որ պետք չէ դադարեցնել, գնանք և այլն. եղել են: Հրապարակային դաշտում էլ կային այդպիսիք: Այն ժամանակ էլ, հիմա էլ կան: Ես ի նկատի ունեմ՝ ոչ միայն հրապարակային դաշտից: Բա ղեկավարը նրա համար է, որպեսզի ընդունի որոշումներ, որ, ինչպես ասում են, իր վզով է, որ կարողանալու է դա իրականացնել»: Հետո էլ համաձայնում է լրագրողի այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ իրեն կմեղադրեն դավաճանության մեջ։ «Իրենք քողարկված, ինչպես ասեմ, ոչմիթիզականություն էին խաղում»,- եզրափակում է ՀՀԿ առաջնորդը:

Սերժ Սարգսյանը լավ է պատկերացնում ղեկավարի գործառույթները, երբ սկսում է խոսել ուրիշի մասին։ Բա հարց է առաջանում՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ինքը «վիզ չվերցրեց» գնալու Արցախի հարցի կարգավորմանը, այլ նախընտրեց զիջել իշխանությունը։ Չէ՞ որ մամուլն այն ժամանակ էլ գրել էր, թե գնացել է Ստեփանակերտ ու փորձել է համոզել արցախցիներին՝ ընդունելու 7 շրջանները վերադարձնելու պլանը։ Դիմադրությունը կոտրելու համառություն, սակայն, Սարգսյանը չի դրսևորել։ Ասել է, թե հիմա Կարս-Կարս եք երգում, հետո մի օր էլ Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու։ Ըստ էության՝ Սարգսյանն էլ է վախեցել դավաճանի պիտակից և արել է նույն բանը՝ քողարկված ոչմիթիզականություն է խաղացել։ Տարբերությունը թերևս այն է, որ Փաշինյանը լեգիտիմ է եղել, իսկ Սարգսյանը՝ ոչ։ Ասել է թե՝ Փաշինյանը ժողովրդի աջակցությամբ է խաղացել ու գնացել ավանտյուրայի, Սարգսյանը՝ առանց աջակցության։ Ինչ խոսք, Փաշինյանի ավանտյուրայի մասշտաբներն ու գինը համեմատելի չեն Սարգսյանի արածի հետ, բայց փաստը մնում է փաստ, որ Սարգսյանն էլ «վիզ չի վերցրել» լուծման գնալու։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2071 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ