...

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը

Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այն, ինչ ծրագրել էր Սերժ Սարգսյանը

SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ ՀՀ իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ՝ նախարարներ, պատգամավորներ, պետական համակարգի այլ չինովնիկներ, երեկվանից այս լուրը տեղադրում են սոցիալական մեդիայի իրենց էջերում՝ երախտիքի խոսքեր հայտնելով այսօրվա գործող վարչակարգին։ Մինչդեռ այս գործընթացը սկսվել է դեռ նախկինների օրոք, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, իսկ գաղափարը ծաղրի է ենթարկվել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստորև ներկայացվելիքը ապացուցելու է գալիս առնվազն երկու բան․  

1․ Նիկոլ Փաշինյանը ավարտին է հասցրել այն, ինչ ծրագրել և այդ իմաստով շոշափելի քայլեր էին իրականացրել նախկինները, մասնավորապես Սերժ Սարգսյանն ու նրա կառավարությունը։  

2․ Սրանից ուղիղ տասը տարի առաջ ընդդիմադիր Փաշինյանը ծաղրում էր տիեզերքում արբանյակ ունենալու ծրագիրը՝ այն որակելով «նյուվասուկիական», որն արվում է «ՀՀ իրական պատկերը թաքցնելու համար»։ Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տրամագծորեն հակառակը՝ «Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»։ Գուցե իր իսկ բառերով ասած՝ ՀՀ իրական պատկերը թաքցնելու համա՞ր։ Հիմա ամեն ինչ հերթով։

Տիեզերական գործունեության դարաշրջան․ Վարչապետ Տիգրան Սարգսյան, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան 

2013 թ․, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր էր, ծաղրի է ենթարկել սեփական արբանյակի թողարկման գաղափարը, որը ներառված է եղել 2012 թ․ ՀՀ բյուջեի կատարողականում։ Մեջբերենք Նիկոլ Փաշինյանի ելույթի համապատասխան հատվածը․ «Բյուջեի կատարողականում գրված է բառացիորեն հետևյալը։ Մեջբերեմ՝ «Սեփական արբանյակի թողարկման և այն Հայաստանին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում ստեղծվել է «Արմկոսմոս» ՓԲԸ»։ Ինչպես արդեն հասցրիք կռահել, ՀՀ-ն միանգամայն լեգիտիմ կարգով տեղ է զբաղեցրել մոլորակի տիեզերական պետությունների շարքում, և սրանում որևէ չափազանցություն չկա։ Մեջբերում եմ կրկին բյուջեի կատարողականը՝ «2012թ. դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում Հայաստանը կոնսենսուսով ընտրվել է ՄԱԿ-ի բաց տիեզերքի օգտագործման կոմիտեի լիիրավ անդամ»։ Սա գրված է մեր բյուջեի կատարողականում։ Եթե հաշվի առնենք, որ սփյուռքի նախարարը առաջին հայաստանցի տիեզերագնացի հարցը դեռևս 2011թ. էր լուծել, հասկանալի է, որ տիեզերքը նվաճած գերտերությունները հասկացան, որ ի դեմս Հայաստանի հրապարակ է իջնում լրջագույն մրցակից իրենց համար»։ 

Մինչ Նիկոլ Փաշինյանը ծաղրում էր այս գաղափարը, Հայաստանը սեփական արբանյակի թողարկման և այն ՀՀ-ին հատկացված գեոստացիոնար ուղեծրում տեղակայելու նպատակով 2012 թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգում արդեն ստեղծել էր «Արմկոսմոս» փակ բաժնետիրական ընկերությունը: Ավելին՝ 2013 թ․ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը գեոստացիոնար ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման նպատակով համապատասխան միջազգային հայտ է ներկայացրել Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ՀՄՄ): ՀՄՄ-ի կողմից ուղեծրային դիրքի իրավունքի գրանցման և հետազոտական աշխատանքների ավարտից հետո նախատեսվել է բանակցություններ սկսել արբանյակի նախագծման և կառուցման, ֆինանսավորման աղբյուրների և արբանյակի արձակման ժամկետների վերաբերյալ: Նույն տարվա հունիսին հայտարարվել է, որ Հայաստանը ծրագրում է տիեզերք ուղարկել Armsat անվանմամբ սեփական արբանյակը: Որպես ծրագրի արժեք նշվել է մոտավորապես 250 միլիոն դոլար: Պետությունը հայտարարել է, թե ներգրավելու է մասնավոր ներդրողների։ Հիշեցնենք, որ այդ տարիներին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր։ 

Տիեզերական գործունեության դարաշրջան․ Վարչապետ Կարեն Կարապետյան, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյան 

Տիեզերքի հետ կապված ծրագրի մասով երկրորդ հիշատակումը Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հենց կոնկրետ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին է առնչվում։ 2017 թ․ ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է եղել որոշման նախագիծ, որով նախատեսված է եղել հիմնադրել «Գեոկոսմոս» անվանունով ՓԲԸ, որը «աշխատունակ վիճակի է բերելու» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանը»:

Ընկերության 100 տոկոս բաժնետեր է հայտարարվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Որոշման նախագծի ընդունումը, ըստ կառավարության, պայմանավորված է եղել Հայաստանի պաշտպանության նախարարությանը «ամրացված» Երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայանի շահագործումը կարգավորելու անհրաժեշտությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 419 միլիոն ՀՀ դրամ, որից 300 մլն ՀՀ դրամը նախատեսված է եղել ընդունիչ կայանի արդիականացման, շահագործման սկզբնական փուլի և տարածքի կապիտալ վերանորոգման համար: Ընդունիչ կայանը հետագայում ամրակցվելու էր ստեղծվող ընկերությանը: Այն գերատեսչություններին մշակված տիեզերալուսանկարներով, ֆոտոփաստաթղթերով, թվային և անալոգային քարտեզներով, երկրատեղեկատվական տվյալներով պետք է ապահովեր: Ընդունիչ կայանի արդիականացման և շահագործման մեջ դնելուց հետո իրականացվելու էին Հայաստանի տարածքի ժամանակակից մեթոդներով քարտեզագրական աշխատանքներ: Որոշման նախագծում նշվել է, որ կայանի շահագործումը կնպաստի ՌԴ «Ռոսկոսմոս» և այլ տիեզերական գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Արդեն 2017 թ․ դեկտեմբերին ՀՀ կառավարությունը նույն թվականի նոյեմբերին հիմնադրված «Գեոկոսմոս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրել է ավելի քան 300 մլն դրամ: Միջոցների տրամադրման նպատակ է հռչակվել ապահովել «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի ընդունիչ կայանի ծրագրատեխնիկական համալիրի աշխատունակ վիճակի բերելու համար արդիականացման և շահագործման կառավարման կարգավորման պայմաններ: «Իրավական ակտի ընդունման արդյունքում կիրականացվի Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ տարածքների օպերատիվ հետախուզման համար (տիեզերալուսանկարների օգտագործմամբ) պայմանների ապահովումը»,- հայտարարել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նկատենք, որ «Գեոկոսմոս» ընկերության համար նախկին իշխանությունների ժամանակ ձեռք են բերվել 108 քմ արտադրատարածք, երկրի հեռահար զոնդավորման տվյալների ընդունիչ կայան, համակարգիչներ, գրասենյակային կահույք, նաև մեկ ռուսական արտադրության մարդատար ավտոմեքենա՝ ԳԱԶ 31-010 մակնիշի: Ավելին հայտնի չէ, որովհետև այն ժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեությունը գաղտնի է պահվում։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր։

Գոհար Վեզիրյան  


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2302 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ