ՀՀ Ազգային ժողովը, ավելի ճիշտ՝ ՔՊ խմբակցությունը, երկրորդ և վերջնական ընթերցմամբ աջակցել է «Շողակաթ» հեռուստաալիքին հանրային հասանելիությունից զրկելու վերաբերյալ իշխող «ՔՊ» խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը։
Փոփոխությունների հեղինակներն են եղել իշխող «ՔՊ» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։
«ՉԻ». Բայց կյանքն ինչ բան է: Երբևիցե որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողը հանդես կգա լրատվամիջոց փակելու նախաձեռնությամբ:
Իսկ որևէ մեկի մտքով կանցնե՞ր, որ Քոչարյանի օրոք Ա1+-ը փակելու առթիվ ցույցերի կազմակերպիչներից մեկը հետագայում մեկ այլ լրատվամիջոց փակելու «ֆաս» հրաման կտա: Հա, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է:
Մի հատված ենք ներկայացնում 2004 թվականի ապրիլի 3-ին լույս տեսած «Հայկական Ժամանակ» օրաթերթի հոդվածներից մեկից:
««Ա1+»-ի փակման երկրորդ տարելիցին նվիրված երթը եւ հանրահավաքը լիովին տեղավորվեցին միջոցառման նախաձեռնող խմբի եւ իրավապահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում:
««Ա1+»-ի փակումը խորհրդանշական իրադարձություն էր, որը մեզ բոլորիս ազդարարեց, թե ինչ են մտածում ՀՀ իշխանությունները խոսքի ազատության մասին»,-իր ելույթում նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Կարելի է արձանագրել, որ այս պնդումները եւս դարձել են հանրահայտ ճշմարտություն եւ ապացուցելու կարիք չունեն: «ՀԺ»-ի գլխավոր խմբագրի ասելով՝ այս միջոցառման նպատակը ոչ միայն «Ա1+»-ի, այլ նաեւ փակված մեկ այլ հ/ը-ի՝ «Նոյյան Տապանի» իրավունքները պաշտպանելն է: Եվ ընդհանրապես. «Պաշտպանում ենք նաեւ մյուս հեռուստաընկերությունների իրավունքը, որոնք ունեն ցանկություն ազատ լինելու, բայց չունեն հնարավորություն: Մենք պայքարում ենք, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները համընկնեն»,- ասում է Ն.Փաշինյանը: «Բոլոր նրանք, ովքեր պայքարում են խոսքի ազատության համար, պայքարում են օրենքի շրջանակներում, եւ սա նրանց բնույթն է»:
Նիկոլ Փաշինյանն է ասել: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է իշխանությունը այլասերում, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում բացարձակապես: Էս մենք չենք ասել, այլ անգլիացի պատմաբան Ջոն Ակտոնը: Որ իրազեկ մատնիչներն իմանան, թե ում դեմ պիտի քրգործ հարուցվի: