...

Շուտ ասած լիներ՝ տղերքը ողջ կլինեին

Շուտ ասած լիներ՝ տղերքը ողջ կլինեին

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր թողած ժառանգությունից Արցախը հայկական տարածք էր մնալու, արդյոք սա չի՞ հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականին Սարգսյանը Արցախը թողել է դուրս բանակցային սեղանից, ՀՀ վարչապետը հայտարարել է․ «Ուշադրություն դարձրեք, երբ տեսա այդ հայտարարությունը, զարմացա, որովհետև այդ նախադասությունն ուղղակի նախադասություն չէ, դա ճշգրիտ մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, որը նախագահի պնդմամբ՝ Արցախը պետք է լինի հայկական, ինչն է խնդիրը, զարմացա, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հետո ասում էր՝ Արցախը պիտի լիներ հայկական, ես համաձայն չեմ այս մտքին։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ի՞նչ է նշանակում պետք է լինի հայկական, ժողովրդի կազմը նկատի ունե՞ք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական բնակչություն»։

Կարծում ենք՝ այս շաբաթվա մեջ Նիկոլ Փաշինյանին վերծանողներ կգտնվեն, և մենք վերջապես կհասկանանք, թե ինչ է ուզում ասել վարչապետը։ Մինչ այդ կարող ենք ենթադրել։

Ենթադրություն 1։ Վարչապետն ուզում է համոզել, որ Արցախը չէր կարող լինել հայկական։ Բա որ էդ խելքին էր՝ ինչո՞ւ էր հայտարարում՝ Արցախը Հայաստան է և վերջ, կամ ինչո՞ւ էր պատերազմի օրերին բոցաշունչ հայրենասիրական ելույթներով 18-ամյա պատանիներին ուղարկում զոհվելու։  

Ենթադրություն 2։ Փաշինյանը համաձայն չէ ու չէր Սերժ Սարգսյանի այն մտքի հետ, որ Արցախը պիտի լիներ հայկական։ Այս դեպքում՝ ի՞նչն էր խանգարում Նիկոլ Փաշինյանին հայտարարել, որ Արցախը չի կարող լինել հայկական։ Երևի՝ անձի երկվությունը։ 

Ենթադրություն 3։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական․ սա Փաշինյանի ձևակերպված համոզմունքն է։ Էդ դեպքում Լավրովի պլանը գտնված լուծում էր։ Ե՛վ Փաշինյանի սրտով կլիներ, և՛ միջազգային հանրության համար ընկալելի կլինեինք, և՛ կբացառեինք ազգային ողբերգության այս մասշտաբները։  

Ենթադրություն 4։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, որովհետև ունենալու էր հայկական և ադրբեջանական բնակչություն։ Ասենք թե՝ ունենալու էր։ Բա պետությունն ու պետական քաղաքականությունն ինչի՞ համար է, որպեսզի այսօրինակ մարտահրավերները գիտակցելով՝ կարողանա շրջանցել կամ զսպել սպասվելիք ճգնաժամերը՝ դեմոգրաֆիականից մինչև տնտեսական։ Բա պետություն կառավարելը հո ֆեյսբուքում լայվ անելը չէ, լայվի տակի «վատ քոմենթները» հեռացնելը և «ուտեմ մռութդ» քոմենթներից թուլանալ ու հաճույք ստանալը չէ։ Չնայած՝ ումից ինչ ենք պահանջում։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ