...

Սիմ-սիմ, դե բացվիր, էլի

Սիմ-սիմ, դե բացվիր, էլի

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ծավալուն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրներին: Նա մասնավորապես գրել է. «Այս տարածքում փոքր խնդիր դնել և գոյատևել անհնարին է։ Մեծ խնդիրը՝ համաշխարհային ազգ դառնալը, պահանջում է մեծ լարվածություն, բայց նաև ապահովում է մեծ արդյունքներ, որոնց պտուղները պետք է հասանելի լինեն մեր ողջ ժողովրդին։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում գոյատևումն ու զարգացումը։

Փոքր նպատակների ձգտելով՝ ոչ մի բանի չենք հասնի։ Մեծ նպատակների ձգտելով՝ փոքր հարցերն ինքնաբերաբար կլուծվեն։ Սա է խնդիրը»:

«ՉԻ». Թվում է, թե 2020-ի պատերազմը պետք է փակեր հայկական ռոմանտիզմի էջը, ստիպեր հետադարձ հայացք գցել վերջին 25 տարվա պատմությանը, վերլուծել, հասկանալ, թե ինչն ի վերջո հանգեցրեց այս դժբախտություններին, սթափ ու ռացիոնալ լուծումներ առաջարկել...

Մեր երկիրը, Հայաստանը, Արցախը անդունդի եզրին են, մարդը էլի համաշխարհային ազգից է խոսում: 1998-ից հետո մեր բոլոր իշխանությունները հենց այդ համաշխարհային ազգի տեսլականով էին տառապում, իրատեսության փոխարեն երազանքների մեջ էին ընկել, ոչ միայն իշխանությունները, այլ նաև՝ գիտական միտքը, մտավորականությունը: 

Բերել, հասցրել են էս վիճակին ու փոխանակ հաշվի առնեն նոր իրողությունները, մեր ունեցած ռեսուրսները, տեսնեն՝ այս իրավիճակում առավելագույնը ինչ կարող ենք անել, ինչպես խուսափենք նոր կորուստներից, նոր դժբախտություններից, նորից այդ դժբախտությունների հիմքում ընկած տեսլականն են առաջ բերում: 

Չգիտենք, էլ ի՞նչ պետք է լինի, որ մեկը՝ Վազգեն Մանուկյանը, հասկանա. մինչև համաշխարհային ազգ դառնալը նախևառաջ պետք է նորմալ ազգ դառնալ: Վազգեն Մանուկյանի համար սա փոքր հարց է, չգիտես ոնց որոշել է, որ ինքն իրեն կլուծվի: 

Դե, եթե այդպես է, միանգամից տիեզերական ազգ դառնալու խնդիր դնենք, որ երկրագնդում մեր բոլոր հարցերը ինքնաբերաբար լուծվեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   757 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ