Այսուհետ Հայաստանում օրենքով կարգելվի սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության, ինչպես նաև օտարերկրյա հեռուստածրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
«Փոփոխությունները միտված են քաղքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվության սահմանափակմանը», հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«ՉԻ»․ Լավ է, իհարկե, որ քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը կսահմանափակվի։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի և մյուս ՔՊ-ականների ելույթներն այլևս չեն ցուցադրվի, որովհետև դրանց հեռարձակումից հետո Հայաստանում կատվախոտի (վալերիանկա) սպառման ծավալները կտրուկ աճում են։
Բայց ուշադրություն դարձրեք մեկ այլ սահմանափակման վրա՝ օրենքով արգելվելու է նաև «օտարերկրյա հեռուստածրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը»։ Այլ կերպ ասած, գործնականում կարող է արգելվել ցանկացած օտարերկրյա լրատվամիջոցի՝ Հայաստանի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության տարածումը, որովհետև ցանկացած դեպքում դա հնարավոր կլինի ներկայացնել որպես միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին։
Ի դեպ՝ մինչև հիմա նման սահմանափակում կար միայն Հյուսիսային Կորեայում։ Այնտեղ նույնիսկ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չէր ցուցադրվում, վերջում էլ լուրերի թողարկմամբ հայտնում էին, որ իրենց հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն։ Հիմա նման սահմանափակում մտցվեց նաև Հայաստանում։ Եվ թող սրանից հետո հայաստանյան որևէ լրատվամիջոց համարձակվի, օրինակ, մեջբերել օտարերկրյա որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակում Հայաստանի մասին։ Անմիջապես օրենքի շրջանակներում շանսատակ կանեն։