...

ԱԱԾ-ը մտածում է, «Իմ քայլը» հավաքագրում է

ԱԱԾ-ը մտածում է, «Իմ քայլը» հավաքագրում է

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ը հանդես է եկել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով խստացվում է սփյուռքահայերի՝ քաղաքացիություն ստանալու կարգը։ ԱԱԾ-ն առաջարկում է ազգությամբ հայ օտարերկրացիներին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պարտադիր պայման սահմանել Հայաստանում վերջին 2 տարվա ընթացքում առնվազն 60 օր բնակվելու պահանջը: ԱԱԾ-ը հայտնել է, որ նման նախագիծ են առաջարկել, քանի որ պարզվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերը Հայաստանում գույք չեն գնել, տնտեսական գործունեություն չեն ծավալել, նույնիսկ Հայաստան չեն այցելել: Եղել են նաև դեպքեր, երբ ՀՀ անձնագրերը օգտագործել են միայն այլ պետություններ ճամփորդելու հնարավորություն ստանալու համար։

Հայտարարությունից հաշված օրեր անց՝ երեկ, հայտարարվել է «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում։ Ծրագիրը ներկայացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է․ «Նախարար Ռոբերտ Խաչատրյանն իր խոսքում անդրադարձել է ծրագրի հիմնական առաքելությանը, այն է՝ Հայաստան բերել սփյուռքի տաղանդավոր մեր հայրենակիցներին, նրանց ներուժով, նոր գաղափարներով ու ակտիվ գործունեությամբ նպաստել հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանը»։ «Իմ քայլը» հիմնադրամը, որ չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, ուրիշ էլ ո՞ր ծրագրի շրջանակում, եթե ոչ «Ներուժ»-ի, պետք է կանգներ կառավարության կողքին, սատարեր և համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կրկին, արդեն 3-րդ տարին իրագործեր այս ծրագիրը»,- իր հերթին ասել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայրապետյանը։  

Տուն-տունիկ են խաղում տղաները։ Մի օր Փաշինյանի կառավարությունը խստացնում, ավելի որոշակի՝ գրեթե անհնար է դարձնում սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցը, հաջորդ օրը Փաշինյանի տիկնոջ հիմնադրամը առաջնահերթություն է դիտարկում սփյուռքահայերին Հայաստան բերելը։ Մի օր մուննաթ են գալիս, թե քաղաքացի են դառնում ու Հայաստան էլ չեն գալիս, հաջորդ օրն ասում են, թե չափազանց կարևորում են սփյուռքի մարդկային կապիտալի կուտակումը Հայաստանում։ Եթե ներսում կուտ տալ-կուտ ուտելու ոճը «աշխատում է», ապա սփյուռքահայերն այս իմաստով ահագին խորամանկ են։ Նրանց հատկապես հիմա դժվար է ֆռռացնել։ Բայց սա, մեծ հաշվով, ներսի լսարանի համար է՝ դրսի ներուժի գովազդային ընդմիջումով։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ