...

Սրանք «պայմանական երկրաշարժի» սցենարից շեղվողը չեն

Սրանք «պայմանական երկրաշարժի» սցենարից շեղվողը չեն

Ադրբեջանում համարյա ամիսը մեկ զորավարժություններ են անցկացվում, որոնց սցենարները մոտավորապես նույնն են՝ իրենց վրա հարձակվում են, իրենք անցնում են հակահարձակման, և այլն։ Բայց այնպես չէ, որ Հայաստանում վարժանքներ չեն անցկացվում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ առաջիկայում մեզ մոտ նույնպես վարժանքներ կանցկացվեն, որոնց սցենարը հետևյալն է․ Հայաստանում տեղի է ունենում «պայմանական երկրաշարժ», և Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի, Հյուսիսային Մակեդոնիայի ու Չեռնոգորիայի փրկարարներն արագ ժամանում են՝ փրկելու փլատակների տակ մնացածներին։ Չէ, ոչինչ չենք ակնարկում։ Պարզապես Եվրամիության դիտորդները հայտարարում են, որ եթե գարնանը Ադրբեջանը չհարձակվի՝ իրենք իրենց առաքելությունը հաջողված կհամարեն։ Իսկ ՌԴ արտգործնախարարությունը հայտարարում է, թե Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման առաջարկն ուժի մեջ է, Սերգեյ Լավրովն էլ մեկնում է Թուրքիա, որտեղ առանց մեզ քննարկվելու են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ու հաղորդակցության ուղիների վերաբացման հարցերը։ Ի՞նչ է տեղի ունենում։ Չլինի՞ արտաքին ուժերը Հայաստանի շուրջ ինչ-որ լուրջ պրոցեսներ են գեներացնում՝ հանրության ուշադրությունը Ալենչոյից շեղելու նպատակով։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա տպավորությունն այնպիսին է, որ իսկապես էլ ինչ-որ նոր պրոցեսներ են սկսվել։ Ու դրա վերաբերյալ առաջին ակնարկը, որքան էլ տարօրինակ է, հնչում է Արցախից։ Լաչինի միջանցքի փակումից հետո փաստացի իշխանությունն այնտեղ պատկանում է ռուս խաղաղապահներին, որոնք, ըստ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի, «վերջին օրերին որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել» որոշ քաղաքացիների։ Ընդ որում՝ քանի որ «գործընթացը վերահսկողության տակ պահելու» անհրաժեշտություն է առաջացել, պետնախարարը հայտարարել է, որ այսուհետ Արցախից Հայաստան մեկնել հնարավոր կլինի միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, բայց՝ միայն խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության կենտրոնի թույլտվությամբ, իսկ բուժման կարիք ունեցողների ելքի թույլտվությունը պիտի տա առողջապահության նախարարությունը։ Մի խոսքով՝ Արցախից Հայաստան մեկնելու նոր «ընթացակարգ» է սահմանվել, և այդ խստացումները հազիվ թե իրականացված լինեն առանց ռուսական կողմի «հուշման»։ 

Ուշադրություն դարձրեք՝ «ադրբեջանցի բնապահպաններն» առանձնապես դեմ չեն, որ մարդիկ Արցախից գան Հայաստան, բայց հակառակ ուղղությամբ շարժը բացառում են։ Ռուս խաղաղապահներն ու Արցախի իշխանություններն էլ, հակառակը, Արցախից Հայաստան գալն են բարդացնում։ Թե ինչու՝ հասկանալի է։ Որովհետև Արցախում հայկական բնակչության գոյությունը Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ չի մտնում (նա հույս ունի, որ Արցախի վերջնական հայաթափումից հետո «միջանցքների հարցը» մեջտեղից դուրս կգա, «խաղաղության դարաշրջանն» էլ կբացվի), իսկ ռուսական ծրագրերի մեջ՝ մտնում է։ Դրա համար էլ ռուսները փորձում են Արցախի իշխանությունների հետ միասին գոնե առժամանակ արտագաղթի ալիք թույլ չտալ, իսկ Նիկոլ Փաշինյանն առավելապես հայ-ադրբեջանական սահմանի «ճշգրտումների» մասին է խոսում։ Եվ գերադասում է ոչ թե կանխարգելել «պայմանական երկրաշարժը», այլ վարժանքներ իրականացնել «պայմանական ողջ մնացածներին» փլատակների տակից վարպետորեն դուրս բերելու սցենարով։ Երևի համարելով, որ Արցախում «պայմանական երկրաշարժն» այսպես թե այնպես արդեն տեղի է ունեցել, ընդ որում՝ ո՛չ իր մեղքով։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3079 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ