...

Թափ կտա մատն ու թաշկինակը

Թափ կտա մատն ու թաշկինակը

«Ամբիոնին չէի մոտենա, եթե հարցի մեջ չլիներ հերթական պնդումը, որ մենք Արցախի 75%-ը թողել ենք թշնամուն։ Պաշտոնապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենք դիրքորոշում հայտնեն․ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի։ Միանգամից ասեմ արձագանքս՝ եթե Սանասար է, և ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչո՞ւ են քսան տարի բանակցել այդ տարածքներն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Ընդ որում, դա արել են հրապարակային։ Ձեր ընդունած Մադրիդյան սկզբունքներում գրվել է, որ յոթ շրջանները վերադարձվում են Ադրբեջանին։ Հիմա ասեք՝ այ դավաճաններ, այդ հողերն ինչո՞ւ եք գնացել․․․հայրենիքը դրել եք սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք։ Ասեք պաշտոնապես՝ հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է, և ոչ Կուբաթլի։ Եթե հաստատեք, ապա Արծվիկ Մինասյանի ասած հոդվածով՝ հայրենիքի դավաճանության, ձեր երկու լիդերների հանդեպ պետք է քրեական գործ հարուցվի։ Այն, ինչ ուզում եք բեմադրել մեր հանդեպ, պետք է ձեր հանդեպ արվի։ Հերիք է գաք այստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք»,- երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ռեպլիկին, թե վերանայեք ձեր տոնայնությունը և մատ թափ մի տվեք, որովհետև օրենսդիր եք և պարտավոր եք պատասխանել հարցադրումներին, վարչապետը հակադարձեց․ «Եթե դուք օրենսդիր եք, դա չի նշանակում, թե տակից, գլխից կարող եք ամեն ինչ խոսել։ Պարզ հարց տվեցի։ Ով ինձ ասի, որ ես հող եմ հանձնել, ես այդ մարդու հետ մատով եմ խոսալու և մատով եմ խոսացել։ Ձեր չափն իմացեք։ Պետք լինի՝ թափ կտամ մատս»։ Ապա հնչեց վերջին ակորդը՝ «Ուրիշ բան էլ թափ կտամ»։  

Երևի խոսքը թաշկինակի մասին է։ Չհամարձակվեք ուրիշ բան մտածել։ Ուրիշ բան մտածողները փչացած են, խարխլում են պետականության հիմքերը, ջուր են ցնում թշնամու ջրաղացին, ատելություն են տարածում և չեն մտածում երկրի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Ի վերջո, ուրիշ բան մտածողները ռոբականներ կամ սերժականներ են, որոնց գերագույն նպատակը հայ ազգի ընտրված, լեգիտիմության բարձր տոկոս ունեցող վարչապետին սևացնելն ու նրան հեռացնելու գնով վերստին իշխանությունը բռնազավթելն է։ Մեր մատ ու թաշկինակ թափահարող վարչապետի կողքին պետք է կանգնենք այս ծանր շրջանում, աջակցենք, որ նրա մատները չհոգնեն ու դրանք թափահարելու անհարկի անհրաժեշտություն չառաջանա, պիտի մտածենք, որ նրա գրպանից անպակաս լինի թաշկինակը, որ երբ վրա հասնի թափահարելու պահը՝ ժամանակ չկորցնի թաշկինակի փնտրտուքներում։ Թող թափահարի, ազգն էլ կծափահարի, որովհետև իսկապես աննախադեպ է ունենալ թափ տվող վարչապետ։ Այսպիսի բաներ 100 տարին մեկ են լինում։

Հ․ Գ․ Ռոբերտ Քոչարյանը բոլորովին վերջերս խոստացավ քոքից մաշել Փաշինյանի վարկանիշը։ Ուրիշ զբաղմունք պետք է գտնել Քոչարյանի համար։ Փաշինյանն ինքն իր վարկանիշը քոքից մաշում է։ Վերջում թափ տալու բան էլ չի մնալու։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1666 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ