«Մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունները, որոնք գտնվում են մեր երկրում, նույնպես համապատասխանեն ժողովրդավարության և թափանցիկության կանոններին, և դա ընդհուպ կարող է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարց առաջացնել», ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Ի՞նչ քաղաքական մրցակցություն, ի՞նչ ավելորդ թիթիզություններ, իսկական ժողովրդավարությունը սա՛ է, երբ իշխող քաղաքական ուժն ինքն է որոշում, թե մյուս քաղաքական ուժերից որոնք պիտի մասնակցեն ընտրություններին, և որոնք՝ հռչակվեն «ժողովրդավարության և թափանցիկության կանոններին չհամապատասխանող» ու զրկվեն ընտրություններին մասնակցելու իրավունքից։
Այ օրինակ՝ ՔՊ-ն շատ ժողովրդավարական կուսակցություն է։ Ղեկավար կառույցների անդամներն իրենք են որոշում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ոտքի կանգնեն ու ծափահարե՞ն, թե՞ սկսեն ծափահարել ու միայն ծափահարելու ընթացքում ոտքի կանգնեն։ Ավելին․ իրենք են որոշում, թե ինչ չափեր պիտի ունենա Նիկոլ Փաշինյանի՝ իրենց աշխատասենյակների պատերից կախված լուսանկարը (ԱԽՔ-ն ասել է, չէ՞, որ կարևորը՝ մեր պատերից կախված նկարները հարևանների մոտ միայն դրական էմոցիաներ առաջացնեն)։ Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա ՔՊ-ում այդ հարցը վաղուց լուծված է։ Բարեխիղճ գործարարներն իրենց կամավոր նվիրատվությունները ՔՊ գրասենյակներ են բերում բացառապես թափանցիկ տոպրակներով։