...

Տեմպը չթուլացնես, Սոնա ջան

Տեմպը չթուլացնես, Սոնա ջան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն այսօր բողոքի ակցիա է անցկացրել Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում, ընդդեմ այնտեղ տեղադրված Մահաթմա Գանդիի արձանի: «Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր»,- ասել է նա և փորձել «արյան խորհրդանիշ» տոմատի հյութ լցնել Գանդիի արձանի վրա:

«ՉԻ». Բայց ապրի Սոնա Աղեկյանը: Ամեն ինչի դեմ պայքարում է. պատվաստումների դեմ պայքարում է, քանի որ դրանց մեջ չիպեր կան, դիմակներ կրելու դեմ պայքարում է, շաբաթը մեկ համաշխարհային հերթական դավադրությունն է բացահայտում:

Բայց պատկերը ամբողջական չէր լինի առանց Գանդիի: Հատկապես այս պահին մեզ ինքն էր պակասում: Միայն թե, եթե Սոնան պայքար է սկսել արձանների դեմ, նրան ասենք, որ Երևանում մի շարք կասկածելի այլ արձաններ էլ կան, որոնց դեմ պայքարելը անհրաժեշտություն է:

Օրինակ՝ Նժդեհի հրապարակում մինչև հիմա Սուրեն Սպանդարյանի արձանը կանգուն է: Այ, նրա դեպքում տոմատի հյութը կսազեր, որովհետև կարմիր բոլշևիկ էր ու ռուսական դավադիր ծրագրի մասնակից:

Փարաջանովի արձանն էլ է հալաբուլա երևում. չէ, ոչ թե այլասերվածության, այլ մարդը «Նռան գույնն» է նկարահանել, իսկ նռանը գույնը կարմիրին խփում է, նաղդ տոմատի գործ է բացվում:

Բա Միքայել Նալբանդյանի արձա՞նը: Գրել է՝ «Յուր քաջ որդոց սուրբ արյունով»: Արյուն, այսինքն՝ տոմատի հյութ: 

Առայժմ այս արձաններով սահմանափակվենք: Թե պետք է, մյուս արձանների տոմատապատման հիմքերն էլ կներկայացնենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   627 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ