...

Տեր Աստված

Տեր Աստված

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մտավախություն ունենք, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և ահա մենք կանարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Աբսուրդ է այս մասին խոսելը: Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»:

«ՉԻ». Փաշինյանի այսօրվա ասուլիսի միակ օգուտն այն է լինելու, որ Հայաստանում կտրուկ ավելանալու է հավատացյալների թիվը:

Հա, բան ենք ասում. իր ամեն խոսքից հետո մարդ ակամա բացականչում է՝ Տեր Աստված: 

Փաստորեն, պետության ղեկավարը Ադրբեջանի վարած քաղաքականության փաստաբանն է դարձել: Բացատրում է, թե ինչու է Ադրբեջանն այդպես ագրեսիվ գործողություններ իրականացնում ու ինչու է նրան հաջողվում Արևմուտքում «սղղացնել» այդ գործողությունները: 

Ու պարզվում է, որ մեղավորը Ռուսաստանն է: Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում: Առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ամենաբարձր մակարդակով որակվեց սպառնալիք ՀՀ անվտանգությանը: Պապյանն ասեր սա կամ Շիրինյանը, կասեինք՝ հա, դե ոչինչ, իրենց փեշակն է:

Բայց սա հայտարարել է պետության ղեկավարը: Կապ չունի, թե ինչ ենթատեքստով է ասել: Իրականում հենց սա էլ ցանկացել է ասել և ասել է: Բայց չի ասել. եթե Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, այդ դեպքում ո՞ւմ ռազմական ներկայությունն է երաշխավորելու է ՀՀ անվտանգությունը: Չնայած՝ կարող է շուտով դա էլ ասի: 

Քանի կար, այս իշխանություններն իրենց բերած դժբախտությունների մեղավոր էին համարում նախկիններին, գործող ու չգործող ընդդիմությանը, գեներալիտետին, հիմա արդեն միջազգային մակարդակի պատասխանատուներ են հայտնաբերում:

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները լարված համարելը քիչ է: Այդ հարաբերությունները թևակոխում են ավելի բարդ փուլ: Գնանք նորից աղոթելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ