...

Թոկից փախածների իշխանությունը

Թոկից փախածների իշխանությունը

Ռուսաստանցի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է Ուկրաինայի օրինակով «հատուկ ռազմական գործողություններ» սկսի նաև Հայաստանում, բնականաբար, մեզանում մեծ ռեզոնանս է առաջացրել։

Այն, որ Սոլովյովը, մեղմ ասած, գլուխը պատովն է տվել, հասկանալի է։ Փոխարենը՝ անհասկանալի է Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Որևէ կերպ այդ խայտառակությանը հակազդելու փոխարեն իշխանական պատգամավորները, տարատեսակ չինովնիկներն ու տարբեր տրամաչափի քարոզիչներն աղմուկ են բարձրացրել, թե բա ինչո՞ւ ընդդիմությունը ձայն-ծպտուն չի հանում։ Սրանք այնքան են ոգևորվել Նիկոլի աչքը մտնելու արտահերթ հնարավորությունից, որ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» Սոլովյովի հայտարարության առթիվ հայաստանյան ընդդիմության «երեսին թռնող» ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ազգանունը «Հակոբյան»-ի փոխարեն գրել է «Սոլովյան»։ 

Բայց խնդիրը դա չէ։ Չհասկացանք՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնչեցվող արտաքին սպառնալիքներին ընդդիմությո՞ւնը պիտի պատասխանի։ Բա դուք ինչացո՞ւ եք, որպես ի՞նչ եք բազմամիլիոնանոց աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանում և կերկոխ խոճկորների նման զկռտում ձեր իշխանական կաբինետներում։ Իսկ եթե վաղն էլ, Աստված չանի, հանկարծ Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիա իրականացվի, կարո՞ղ է էլի ընդդիմության վրա «մուննաթ գաք», թե «բա ինչո՞ւ երկրի պաշտպանությունը չեք կազմակերպում, էդքան դուխ չունե՞ք»։ Լսե՛ք, եթե ձեր պատկերացմամբ՝ Հայաստանն ընդամենը ձեր տռճիկ տալու տարածքն է, իսկ պետական հարցերով ընդդիմությունը պիտի զբաղվի, ուրեմն բարի եղեք՝ փասա-փուսաներդ հավաքեք ու սուսուփուս չքվեք ասպարեզից, իսկ հաջորդ իշխանություններն արդեն կիմանան՝ ում ինչպես պատասխանել։

Թե չէ մի ունիվերսալ տխմարություն եք սովորել ու արտասանում եք ցանկացած իրավիճակում՝ «Արցախը մեր ինքնիշխանության վզին թոկ էր», հիմա՝ «Եկեղեցին թոկ է», «ընդդիմությունը թոկ է», «պատմությունը թոկ է», «Սփյուռքը թոկ է», վաղն էլ երևի՝ «Սյունիքը թոկ է», «Սևանը թոկ է»․․․ Դուք էլ երևի թոկից փախածներն եք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   52 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ