...

Ռուս վերլուծաբանը՝ հայերի և ուկրաինացիների նմանության փնտրտուքներում

Ռուս վերլուծաբանը՝ հայերի և ուկրաինացիների նմանության փնտրտուքներում

Ռուս քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր վերջին եթերում դարձյալ անդրադարձել է հայերին՝ նմանություններ գտնելով 44-օրյա և ռուս-ուկրաինական պատերազմների միջև։ Մասնավորապես նա հեգնել է, թե հայերը առաջին օրերից աղմկում էին՝ խոսքը հաղթական օպերացիաների մասին է, իսկ ադրբեջանցիները զուսպ էին և լուռ։ Ըստ այդմ՝ ուկրաինացիներին նա նմանեցրել է հայերին, որոնք ապատեղեկատվություն են տարածում իրական ռազմական հաջողությունների մասին, իսկ իրենց՝ արդեն հասկացաք։ Նմանություններն այսքանով չեն ավարտվել։ Նա հիշատակել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կազմած «Էրատո» ջոկատը՝ նշելով, որ նույն բանն արել է Ուկրաինայի փոխնախագահի կինը։ Սոլովյովը իր ասածը ներկայացրել է «փաստերով»՝ մեծադիր էկրանին հրապարակելով Աննա Հակոբյանի և զինվորական հագուստով ուկրաինուհու լուսանկարները։

Վերջին օրերին Սոլովյովի հարձակումները հայերի ուղղությամբ մի քիչ անհասկանալի են։ Պուտինյան քարոզչության ծանր հրետանին հրահանգավորվա՞ծ է սա անում, թե՞ պարզապես անձնական նախաձեռնությունն է ձեռքի հետ հիշել հայերին, առայժմ դժվար է ասել։ Մի բան հստակ է․ ռուս հեռուստամեկնաբանը ծանր օրեր է ապրում։ Վերջին հաշվով՝ նա անձնապես է հայտնվել պատժամիջոցների տակ։ Բանն այն է, որ արևմտյան մամուլն արդեն մի քանի օր է վերաթարմացրել է Ալեքսեյ Նավալնիի և նրա թիմի կողմից հրապարակված տեսահոլովակը, որտեղ հետաքննությունն ապացուցում է, որ ​​հեռուստահաղորդավարը երկու վիլլա ունի Իտալիայում՝ Կոմո լճի վրա: Սա բավականին թանկ տարածք է, որտեղ սեփականություն ունեն հոլիվուդյան աստղերն ու մեծահարուստները։ Տեսահոլովակում նրա հարևաններն են, որոնք իրենց բողոքի ձայնը բարձրացրել են այն պահից, երբ նա գնել է գույքը։ Նույնիսկ 2019-ին ստորագրահավաք են սկսել՝ փորձելով տեղական իշխանություններին համոզել, որ Սոլովյովը Իտալիայի քաղաքացիություն չի ստացել և գույքը ձեռք է բերել շրջանցելով օրենքը։ Օրերս հայտնի դարձավ, որ նա չի կարող այցելել Իտալիա և իրավունքներ ունենալ Եվրոպայում գտնվող սեփականությունների մասով։ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուրբաթ օրվա թողարկման ժամանակ ռուս հեռուստամեկնաբանը նեղսրտեց, թե Եվրոպան խախտել է «սուրբ սեփականության իրավունքը»: «Ամեն գործարքի հետ բերում էի իմ պաշտոնական աշխատավարձը, եկամուտը ցույց տվող թղթեր, ամեն ինչ անում էի, խելահեղ հարկեր վճարեցի, ամեն ինչ արեցի, և հանկարծ ինչ-որ մեկը որոշում է կայացնում, որ այս լրագրողը հիմա պատժամիջոցների ցուցակում է: Եվ դա անմիջապես ազդում է ձեր անշարժ գույքի վրա: Սպասեք մի րոպե: Բայց դուք մեզ ասացիք, որ Եվրոպան ունի սեփականության սուրբ իրավունքներ»,- իր ոճով հարցադրում է արել Սոլովյովը: Լավ է գոնե, որ այս ենթատեքստում էլ հայերին չի հիշել։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ