...

Տուրիստական գործակալությունները ծանր վիճակում են

Տուրիստական գործակալությունները ծանր վիճակում են

Հակաճգնաժամային ծրագրից չեն կարողանում օգտվել

Տուրիստական գործակալությունները հակաճգնաժամային փաթեթներից չեն կարողանում օգտվել՝ դժգոհում են ոլորտի ներկայացուցիչները:

«Ռիմա Թրավել» տուրիստական ընկերությունը 2 անգամ դիմել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու պետական աջակցության ծրագրին, երկու դեպքում էլ մերժում է ստացել:

Չի կարողացել ծրագրից օգտվել, քանի որ ոլորտում արդեն 23 տարի գործող ընկերության տարեկան շրջանառությունը 24 մլն դրամի չի հասնում: Իսկ կառավարությունը որոշել է պետական աջակցության մեխանիզմներ մշակել այն ՓՄՁ-ների համար, որոնց տարեկան շրջանառությունը 2019-ի ընթացքում կազմել է 24-ից մինչև 500 մլն դրամ: Այն ընկերությունները, որոնք կորոնավիրուսի տարածման ժամանակ ու դրանից առաջ (հունվարի 1-ից ապրիլի 1-ը) չեն կրճատել աշխատակիցներին, պետությունից գումար կստանան նրանց աշխատավարձ վճարելու համար։    

«Տուրիստական գործակալությունների համար այդ ծրագիրը սխալ է մշակված: Դա մեզ բացարձակ չի վերաբերում: Ինչո՞ւ, որովհետև մեր շրջանառությունը համարում ենք մեր միջնորդավճարը: Ամբողջ փաթեթներից չունենք այդքան տոկոսներ, որպեսզի մեզ մոտ շրջանառություն երևա: Մենք վճարում ենք մեր միջնորդավճարի շրջանառությունը: Շատ չնչին միջնորդավճար ենք ունենում: Դա է խնդիրը, որ զբոսաշրջային գործակալությունը չունի մեծ շրջանառություն, և ոչ ոք չկարողացավ այդ ծրագրից օգտվել: Մշակված ծրագիրը պետք է քննարկվեր զբոսաշրջային գործակալությունների հետ կամ Տուրիզմի ֆեդերացիայի հետ»,- «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց «Ռիմա Թրավել» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը:

Ներգնա տուրիզմը կաշխուժանա

Սա վիրուսի հետևանքով ամենաշատ տուժած ոլորտի տնտեսական հետևանքները չեզոքացնելու մասին:
Իսկ հիմա, երբ սահմանափակումները հանվել են, արդեն խոսվում է զբոսաշրջային հոսքերի մասին: Ոլորտի մասնագետները առաջիկայում շարժ տեսնում են ներգնա զբոսաշրջության ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսումներով՝ ներքին տուրիզմի ոլորտում այս տարի լուրջ շարժ կունենանք:

Ռիմա Խաչատրյանը ևս վստահ է, որ ներքին զբոսաշրջության աճ կունենանք: Գործակալությունն այս օրերին հարցումներ է ստացել, զանգահարում են և հետաքրքրվում սպասվող տուրերով: Նույնիսկ արդեն հանգստացողներ ունեն:

«Կարծում եմ՝ այս տարի էլ հանգստացողներ կլինեն: Այս շրջանում գնում են հիմնականում Դիլիջան: Լոռիում՝ Ստեփանավանում, սոճիների փոշոտման շրջանն է: Շատերն ուզում են գնալ Դենդրոպարկ: Շատ մարդիկ այս շրջանում գնում են նաև առողջարաններ: Բայց այս տարի նախորդի համեմատ հաճախորդների քանակը պակասել է»,- ասաց նա:

Ըստ Խաչատրյանի, սակայն, զբոսաշրջության ներքին հոսքերից զբոսաշրջային գործակալությունները չեն շահի: Նրա խոսքով՝ այսօր 1000-ից ավել զբոսաշրջային գործակալություններ են գործում, որոնցից 90 տոկոսը վարձակալությամբ են աշխատում: Այս ընթացքում գումար չեն աշխատել, նրանց հետագա գործունեությունը հարցականի տակ է:

«Տուրիստական ընկերություններն ավելի շատ կվնասվեն: Կարծում եմ, որ շատ տուրիստական ընկերություններ այս ժամանակահատվածում նաև կփակվեն: Այսօր զբոսաշրջության ոլորտում եկամուտ չկա, ինչպե՞ս կարող են իրենց վարձը վճարել: Շատ տուրիստականներ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը: Ի՞նչ եք կարծում 1000-ից ավել տուրիստական ընկերությունները կկարողանան եկամուտ ստեղծել: Չեն կարող, որովհետև մենք սպասարկում ենք պետական սոցիալական փաթեթ: Հաճախորդն ասում է՝ կլինի՞ սոցիալական փաթեթը ձևակերպեմ ձեր գործակալությունում, իսկ մնացածը վճարեմ հյուրանոցում: Այստեղ զբոսաշրջային զարգացման մասին խոսք լինել չի կարող: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ պետք է կարողանան աշխատել տուր օպերատոր և տուրիստական գործակալություն, ոչ թե հաճախորդ և հյուրանոց: Պետք է պետական աջակցություն լինի տուրիստական գործակալություններին, որ նրանց այս ծանր իրավիճակից փրկեն»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Ի՞նչ սպասել օդային սահմանները բացելուց հետո

Վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ բոլոր երկրներն անկախ կորոնավիրուսից մտածում են օդային հաղորդակցությունը բացելու մասին։ 

«Առաջիկայում Հայաստանի օդային հաղորդակցությունը ևս կբացվի և կտեսնենք, կարող է և գան, կարող է մարդիկ սկսեն կորոնավիրուսին վերաբերվել այնպես, ինչպես սովորական գրիպին։ Անորոշ է, բայց նաև չի բացառվում, որ ընդհանրապես չգան»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մենք նաև տուրիստական հոսքի աղբուր երկիր ենք և այս տարի կարող ենք տուրիզմը կազմակերպել Հայաստանի ներսում, և այդ առումով տուրիստական ենթակառուցվածքը պատշաճ կծանրաբեռնվի։

«Ռիմա Թրավել» զբոսաշրջային գործակալության տնօրենի կարծիքով, եթե օդային սահմանները բացվեն, ավելի շատ զբոսաշրջիկ Հայաստանից դուրս կգա: Չնայած պանդեմիայի տարածմանը՝ Հայաստանում կան քաղաքացիներ, ովքեր արդեն Եգիպտոսի և Թաիլանդի փաթեթներ են ուզում:

«Ավելի շատ արտագնա տուրիզմը կզարգանա, քան ներքինը: Արդեն քաղաքացիների հարցումներից այդպես է ստացվում: Բայց մի կողմից, եթե մարդիկ գումար էին հավաքել հանգստի մեկնելու համար, այս ընթացքում չաշխատեցին, ծախսեցին, հետևաբար, ցանկություն ունենալու դեպքում էլ ֆինանսապես ի վիճակի չեն լինելու մեկնել»,- եզրափակեց նա:

Փորձագետների հաշվարկով՝ տուրիստական ​​գործակալությունները լավագույն դեպքում կկարողանան վերականգնել իրենց եկամուտները հաջորդ տարվա ապրիլից ոչ շուտ: Որոշ կանխատեսումներով մեր երկրում լավագույն դեպքում այցերը կվերսկսվեն ոչ շուտ, քան ամռան վերջին կամ սեպտեմբերի սկիզբին: 

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ