...

Թռչնագրիպի ժամանակ համաշխարհային զբոսաշրջային այցերի աճ է գրանցվել

Թռչնագրիպի ժամանակ համաշխարհային զբոսաշրջային այցերի աճ է գրանցվել

Ծաղկաձորի տուր փաթեթները չեղարկվում են

Երեկ 2 հոգի չեղարկել են Ծաղկաձոր հանգստի մեկնելու իրենց պատվիրած տուր փաթեթները, «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ռիմա թրավել» զբոսաշրջային գործակալության տնօրեն Ռիմա Խաչատրյանը

«Մեզ մոտից «Մուլտի Ռեսթ հաուս» հյուրանոց չեղակում կատարվեց: Էլի նմանատիպ դեպքեր ունենք: Չեղարկվում են ոչ միայն Ծաղկաձոր հանգստի մեկնելու տուրերը»,- փոխանցեց զբոսաշրջային ընկերության տնօրենը:

Կորոնավիրուսի պատճառով հրաժարվում են նաև արտասահման մեկնելուց: Եվրոպայի ուղղությամբ բոլոր ամրագրումներն այս օրերին չեղարկվել են:  

«Զբոսաշրջիկները խուճապի են մատնվել: Մենք ունեինք Իտալիայի տուր փաթեթներ, որոնք 2-3 օր առաջ չեղարկվեցին:Պետք չէ խուճապի մատնվել, ես խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ»,- ասաց նա:

Բայց հորդորը դեռ տեղ չի հասնում, որովհետև զբոսաշրջիկներն անգամ չեն ուզում տաք երկիր հանգստի մեկնել այն դեպքում, երբ կա պնդում, թե վիրուսը բարձր ջերմաստիճանի ժամանակ ոչնչանում է:

«Ես զբոսաշրջիկներ ունեմ, ովքեր չեն ուզում մեկնել Եգիպտոս: Ասում են, եթե 25 աստիճան լինի ջերմաստիճանը, վիրուսը չի կարող զարգանալ: Ես կարծում եմ, որ Եգիպտոսը, Դուբայն այս ընթացքում օգուտ են զբոսաշրջիկներին: Անընդհատ վիճակը լարվում է: Տուրիստները ամեն րոպե զանգում են և անհանգստացած հարցեր են տալիս»,- նշեց Ռիմա Խաչատրյանը:

Նոր կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին և նրա հետ շփումների մեջ մտած ավելի քան 30 անձ այս պահին գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ 

Մասնագետի կարծիքով՝ կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին հյուրանոցում մեկուսացնելը չպետք է ազդի Ծաղկաձորի այցելությունների վրա: Հյուրանոցը բարձր վայրում է տեղակայված, գրեթե առանձնացված մի տարածքում, որը գրեթե ոչ մի զբոսաշրջիկի չի խանգարում:

Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիներին Ծաղկաձորում մեկուսացնելը սխալ որոշում չի համարում նաև Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը: Ասում է՝ կարևորն այդ մարդիկ մեկուսացված են և տարբերություն չկա, թե որտեղ են, քանի որ տարածքը փակ է: Խուճապային տրամադրությունների իմաստն էլ չի հասկանում: Ավելին, ըստ մասնագետի, սա Ծաղկաձորը գովազդելու ևս մեկ քայլ է:

«Լավ միտք եմ համարում: Ինչ-որ տեղ լավ ներկայացնելու դեպքում լավ գովազդ կարելի է դիտարկել: Դա նաև մարդասիրական մոտեցում է, երբ մարդկանց տանում ես, կարանտինում պահում ես ոչ թե մի հատ հիվանդասենյակում, այլ Ծաղկաձորում՝ բարձրադիր վայրում»,- նկատեց նա:

Կորոնավիրուսն ու զբոսաշրջությունը

Այդուհանդերձ, Տուրիզմի ֆեդերացիայի նախագահը չի բացառում, որ զբոսաշրջիկներ կլինեն, ովքեր կխուսափեն այցելել Ծաղկաձոր: Պարզում են, թե դեպի Ծաղկաձոր կամ այլ զբոսաշրջային վայրեր մեկնելու որքան փաթեթներ են չեղարկվել:

«Մարդկանց մոտ զգուշություն կլինի: Պետք է կարողանանք մարդկանց պարզապես իրավիճակը ճիշտ ներկայացնել: Չեղարկումներ բոլոր դեպքերում կլինեն՝ հանգստի մեկնելուց խուսափողներ այս օրերին կլինեն»,- նշեց Ապրեսյանը:

Կորոնավիրուսը հարվածում է զբոսաշրջությանը՝ իր հերթին հավելեց Ռիմա Խաչատրյանը՝ նշելով, որ այն նաև ֆինանսական լուրջ հետևանքներ է թողնելու:

Մեխակ Ապրեսյանը չի կարծում, թե հետևանքները շատ լուրջ կլինեն: Հիշեցնում է՝ մի քանի տարի առաջ էլ Թռչնագրիպն էր աշխարհում մոլեգնում, բայց պարադոքս՝ չազդեց զբոսաշրջության վրա:

«Այդ տարի, սակայն համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվն ավելի բարձր է եղել նախորդ տարիների համեմատ: Հիվանդություն է, թվում է, թե այցերը պետք է քիչ լիներ, բայց աճ է գրանցվել և նախորդ տարիներից էլ բարձր է եղել»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2675 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ