...

Վանո Սիրադեղյանը կրկին երևակեց ձեր հիվանդությունները

Վանո Սիրադեղյանը կրկին երևակեց ձեր հիվանդությունները

Երբ Վանոն գրում էր, թե «մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում», փորձում էր պետությունը պաշտպանել: Բայց երկիրը ոչ միայն պատանդ մնաց իր հիվանդ զավակների սանձարձակ երևակայության ձեռքում, այլև հայտնվեց այնպիսի անդունդում, որից ելք գտնել գրեթե անհնար է: 

Վանոն այսօր էլ իր մահվան լուրով երևակում է այն փաստը, որ հիվանդներն անբուժելի են:

Գույժից անմիջապես հետո ֆեյսբուքյան տարածքը ողողվեց արձագանքներով: Այդ գրառումները ցույց են տալիս կարծիք հայտնողների կրթության և բարոյականության մակարդակը: Ուղղագրական, կետադրական և ոճական սխալների մասին խոսելն ավելորդ է. դրանք շատ-շատ են: Մեր ակտիվ հանրության բարոյականության մակարդակը նույնպես կասկած չի թողնում. Բարոյականությունն ուղղակի մեռած է: Եվ սա մենք գիտենք, քանի որ առաջին անգամը չէ, որ մահվան լուր լսողներն ուրախության, թշնամանքի, զազրախոսության ռեկորդներ են սահմանում: 

Սակայն հայհոյախոսությունը, մահվամբ ուրախանալը և այլոց մահ մաղթելը թողնենք գրառումներ անողների խղճին և անդրադառնանք մի ախտի, որի զոհն է մեր երկիրը: 

90-ականների ծանր, բայց հաղթական տարիները, այդ ժամանակվա իշխանության նվաճումները չնկատող, բայց մանր-մունր վրիպումներից կառչող մեր քաղքենին ատում է հայկական պետությունը: Եվ Վանո Սիրադեղյանի՝ պետական ինքնատիպ և հզոր գործչի մասին սրանց «կարծիքը» նույնանում է պետության նկատմամբ վերաբերմունքի հետ: Այսպես, եթե մեկի ցավակցական գրառման մեջ նշված է, որ Վանոն պետական գործիչ էր, ապա մեկնաբանություններում կարդում ենք՝ «մեր չպետության հիմնադիրներից է», «երեսուն տարի պետություն չենք ունեցել», «էդ մարդասպանը պետությունը քանդեց» և այլն: 

Վանո Սիրադեղյանը 20 տարուց ավելի վտարանդի էր: 20 տարուց ավելի դուք առանց նրա «կերտում էիք» ձեր պետությունը: Ընտրում էիք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանին: Կասեք՝ Ռոբերտին ու Սերժին չենք ընտրել: Պատասխանենք՝ ընտրել եք: Դուք, ձեր ընկերներն ու բարեկամներն են եղել այն կեղծարարների կուռ շարքերում, որոնք որոշել են ընտրությունների ելքը: Դուք, ձեր ընկերներն ու բարեկամներն եք դարձել Նիկոլ Փաշինյանի հենարանը, դուք եք մարսել պարտությունն ու հազարավոր երիտասարդների մահը: Սա՛ է ձեր ընտրությունը: 

Ձեր, ձեզնից ծնված քաղքենի մտավորականությունն է թունավորել, հիվանդացրել նաև այն երիտասարդների ուղեղը, որոնք պատկերացում անգամ չունեն, թե ինչ էր կատարվում 90-ականներին: Եվ այդ թույնի հետևանքն է այսօրվա վիրավոր պետությունը: 

Ընթերցողներին ներկայացնենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը: Կրթության և գիտության նախկին նախարարը փորձում է շատերից բարձր երևալ՝ պնդելով. «Ես ոչ մեկ եմ նրան գնահատականներ տալու համար»: Նա հիշում է, որ այն ժամանակ դասի ոտքով էր գնում, տալոնով հացի հերթ էր կանգնում, նախանձում էր «Պռոստո Մարիայի հետ կայֆերին», բայց չի հիշում, որ պատերազմ էր: Ա. Աշոտյանը գնահատական է տալիս. «Նրան լուրջ մտավորական համարել եմ, արտառոց գրող՝ ոչ»։ 

Ափսոս, որ մեր նախկին նախարարն այդպես էլ հայերեն չսովորեց, թե չէ կիմանար՝ Վանո Սիրադեղյանը ոչ թե արտառոց, այլ բացառիկ գրող է: Իսկ արտառոց լինում է, օրինակ, ՀՀԿ ջանքերով ընդունված սահմանադրությունը, որ, ինչպես պարզվեց, Նիկոլ Փաշինյանի հագով էր: Կիմանար, որ արտառոց էր իրենց իշխանությունը, որի օրգանական շարունակությունն իմքայլականներն են: Իսկ գրողները լինում են տաղանդավոր, հանճարեղ, բացառիկ:

Վերջում նորից մեջբերում անենք Վանո Սիրադեղյանից. «Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է» ։

Ցավոք, հայ արտառոց բանականությունն այդպես էլ չհասկացավ այս պարզ ճշմարտությունը…

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ