...

Երկրի՛ն է պետք

Երկրի՛ն է պետք

Վանո Սիրադեղյանի վերջին հանգրվանի տեղը հենց իր՝ Վանոյի համար որևէ նշանակություն չունի։ Պանթեոնում կլինի թե ուրիշ տեղ, նրա գրականության համար նշանակություն չունի։ Վանոյի նկատմամբ հարգանքը երկրին է պետք, մեզ է պետք։

Եվ հանձնաժողովի՝ պռատ կրթությամբ ոմն նախագահի կարծիքը նրա գրականության մասին, անշուշտ, բնութագրում է միայն պռատին։ Եվ այն, որ հիմա էլ մեջտեղ եք բերել հասարակական պահանջ լինել-չլինելու հարցը, ընդամենը ձեր էությունն է ցույց տալիս՝ փոքրիկ, խեղճ, չկայացած։

Իսկ հիմա հերթով։ 

1․ Արդեն ապացուցել եք, որ երկիր, պետություն հասկացությունները ձեզ համար անհասանելի են։ Ապացուցել եք՝ մեր անկախության 30 տարիներն անդադար փնովելով (պատերազմի, պարտության, Սյունիքի և Արցախի մասին այստեղ չենք խոսի)։ Դուք ատում եք անցյալը, որովհետև անգամ ենթագիտակցորեն հասկանում եք, որ ո՛չ Լևոն, ո՛չ էլ Վանո կդառնաք։ Ձեր վարչապետը, թաղման ոչ այնքան հարգելի՛ հանձնաժողովականներ, Վանոյի ու Լևոնի կողքին գոյատևելու ժամանակ ոչինչ չսովորեց, բայց բոցավառվեց նրա՛նց հաղթելու մոլուցքով։ Չի ստացվել։ Քաղաքական գործիչ, պետության ղեկավար դառնալու համար ուրիշ մտահորիզոն, ուրիշ խորք պետք է ունենալ։ Չունի։

2․ Գրող Վանոյին այս տարվա նոյեմբերի 13-ին կարդում ու կարդացածը տարածում էին երիտասարդները։ Գրող, հրապարակախոս Վանոյի խոսքով էին ողողված հայկական սոցցանցերը հատկապես պարտությունից հետո, որովհետև «Գյադաների ժամանակում» նաև ձեր «Թուլեքի Թագավորությունն է»։ 

Որևէ նորմալ մարդու մտքով անցա՞վ ձեր վարչապետի այնքա՜ն գովազդված գրքից մեջբերում անելը։ Չանցավ։ Որովհետև գրողի գրած չէ, որովհետև երկրի մասին չէ, մարդու մասին չէ։ Որովհետև գրամոլը չի կարող մրցել զտարյուն գրողի հետ։ Եվ գրամոլը դա գիտի։ Եվ գրամոլը նախանձից կուչուձիգ է լինում։ 

3․ Ասում եք՝ հասարակական պահանջ։ Հասարակական պահանջով Եղիշե Չարենց են ոչնչացրել, Բակունց են գնդակահարել։ Հասարակական պահանջով Եղիշե Չարենցը գերեզման չունի։ 

Ասում եք՝ հասարակական պահանջ։ Սովոր եք հասարակության կամ ժողովրդի թիկունքում թաքնվելուն։ Շատ հարմար է։ Որոշումներից խուսափելու լավագույն ձևն է նրանց համար, ովքեր չեն ուզում որևէ հարցում պատասխանատու լինել։  

Մի պահ թվում էր՝ Ռոբերտ Քոչարյանի ցասումից եք վախենում։ Բայց ո՛չ։ Նախկիններն այս անգամ ոչ մի կապ չունեն։ Ընդամենը չկայացածների նախանձն է։ Ուրիշ ոչինչ։

Եզրակացնենք։ Գրող, պետական գործիչ (այո՛, պետական, ոչ թե քաղաքական) Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում, որովհետև դա պետք է երկրին, մեզ, սերունդներին։ 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ