...

Ախտորոշումը՝ Վանո Սիրադեղյանի

Ախտորոշումը՝ Վանո Սիրադեղյանի

Մաշված բառերով Վանո Սիրադեղյանի մասին գրել հնարավոր չէ։ Եվ ընդհանրապես, հնարավոր չէ, որովհետև իր տեքստերն են խոսուն, իր գրածն է դառն ու կենդանի։ 

Ուստի ուղղակի կարդանք Վանոյին, տեսնենք մեր ախտորոշումը, տեսնենք նաև, որ հատկապես 90-ականների վերջի և 2000-ականների սկզբի նրա գեղարվեստական արձակը, թեպետ նվիրված էր օրվա խնդիրներին, բայց վերաբերում էր շատ ավելի մեծ ժամանակահատվածի, ավելի ճիշտ՝ ժամանակից դուրս էր։ Այսինքն՝ մեր անցյալն ու ներկան էր, ցավոք, նաև ապագան։

Ահա նրա  «Պատմությունն ընդունել ի գիտություն» փոքրիկ, բայց խիտ հոդվածը, որը հրապարակվել է հեռավոր 1999 թվականին, հրապարակվել է որպես ախտորոշում․

«Հայ ընթերցողը Հրանտ Մաթևոսյան կարդալ չի սիրում։ «Բարձր» ընթերցողը կարդալ սկսեց ռուս- սովետական գրական շրջանակներում Մաթևոսյանի ընդունված լինելու պարտադրանքով, «ցածր» ընթերցողը Հրանտին գիտի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մակարդակով։ Այս էլ պարտադրեց Հենրիկ Մալյանը։

Ասում են՝ գյուղի մասին է գրում։

Հայ ընթերցողը պահանջում է քաղաքի մասին գրականություն, բայց Հայաստանի ունեցած քաղաքի կյանքով ներծծված «Երկիր Նաիրի» չի կարդում։

Որովհետև հայ մարդը ճշմարտություն չի սիրում։

Հայը չի սիրում իր պատմությունը։ Չի սիրում՝ հոգու խորքում համոզմունք ունենալով, որ իր պատմությունը մինչ այսօր կերտել են ուրիշները, և որ ինքն իր սեփական պատմությունը կերտելու հնարավորությունը դեռ չի ստացել, բայց կստանա։

Եվ սպասում է նպաստավոր այդ պահին։

Եվ ետ նայել, բնականաբար, չի սիրում։ Քանզի կկորցնի նպաստավոր պահը։ Ետ չի նայում և չի սիրում Խորենացու «Պատմությունը»։ Պատմիչներից սիրում է Եղիշե, որովհետև Եղիշեն գրում է վերամբարձ ու վերացած…պատմությունից։

Եվ, առհասարակ, հայը սթափ շարադրանքից դիվոտում է։

Մեր ժողովուրդն իր գիտակցական կյանքի երկու հազարամյակում երկու մեծ գիրք է տվել՝ Խորենացու «Պատմությունն» ու Չարենցի «Երկիր Նաիրին» ու երկուսն էլ կարդալ չի սիրում, սիրում է այդ երկուսի միջեւ ընկած 1500 տարվա ժամանակամիջոցում ստեղծված ամենայն բանաստեղծական, թախծոտ, սիրուն, լալահառաչ բան։

Հայ մարդը պատմությունը կամ սիրում, կամ ատում է, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն։

Եվ հետևաբար մեր սիրած գրականությունը կանացի գրականությունն է, մի ծայրում՝ հայրենիք, մյուս ծայրում՝ «Մատյան ողբերգության»։

Տղամարդկային սկիզբը վտարված է մեր գրականությունից, պատմության մեր ընկալումից, հետևաբար՝ և՛ քաղաքականությունից, և՛ գաղափարաբանությունից։

Եվ մեր հոգիներում թնդում է գեղեցիկ, հիստերիկ սեր առ կորուսյալ Հայրենիք»։

Կարդացի՞ք։ Դե հիմա հիշե՛ք՝ ինչպես էիք դիվոտում հենց իրենից՝ Վանոյից։ Հիշե՛ք, որ անգամ մեզ պատած հրեշավոր աղետի պայմաններում ենք սթափ խոսքից խրտնում-դիվոտում։ Հիշե՛ք ու լսե՛ք ձեր մտավորականներին, թաց աչքերով հրճվե՛ք լալահառաչ խոսքերից, արդարացրե՛ք ձեր նմանությամբ և կերպարով ընտրված առաջնորդներին, որոնց անունները՝ Նիկոլ Փաշինյան կամ Ռոբերտ Քոչարյան, որևէ էական նշանակություն չունեն։ 

Կարդացե՛ք ու հասկացե՛ք վերջապես, որ աղետը դուք՝ տղամարդ ձևացող քաղքենիներդ, բերեցիք երկրիս գլխին, երբ վտարեցիք սթափ խոսքը, երբ երիտասարդներին և երեխաներին ներարկեցիք ձեր բարդույթավորված, տկար ու պռատ, ազգը, պետությունը կործանող «ազգային գաղափարախոսության» թույնը։

Չեք կարդալու, կարդաք էլ, չեք հասկանալու, հատուկենտ հասկացողներն էլ չեն խոստովանելու սեփական սնանկությունն ու մեղքը։

Բայց Վանոն տվել է մեր ախտորոշումը։ Հուսանք, որ կկարդան, չեն դիվոտի, դառնությունից չեն խրտնի նրանք, ում պետք է իրական հայրենիքը։

Կրկնենք՝ կարդացե՛ք Վանո Սիրադեղյան։ Կարդացե՛ք որպես հայերենի դաս, կարդացե՛ք որպես գեղարվեստ ու գաղափար։ Կարդացե՛ք մանրամասն, տող առ տող, բառ առ բառ։ Կարդացե՛ք, որովհետև թե՛ իր, թե՛ մեր մասին ոչ ոք իրենից լավ չի պատմելու։

Զարուհի Գաբրիելյան                       

ՎԱՐԿԱՆԻՇ

   1935 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ