Քաղաքական ուժերի հայտարարությունները՝ Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը վերանայելու կամ միակողմանիորեն չեղարկելու մասին։
ՔՊ

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության անգազ քաղաքացիներ։
Նախ ասեմ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մե՛նք ենք որոշում, թե ինչքան և ինչ գնով գազ ձեռք բերենք Ռուսաստանից։ Դուք ո՞վ եք, արա՛, որ մեզ վաճառվող գազի գին որոշեք։ Գազի գինը որոշում է մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես, դո՛ւ ես, դո՛ւ ես։ Բայց ես ուզում եմ հայտարարել նաև, որ գազամուղը թոկ էր՝ կապված մեր ինքնիշխանության վզին։ Բա մեզ պե՞տք էր այդ ռուսական դժբախտ-դժգույն գազը։
Եվ ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ մենք ոչ թե ռուսական գազն ենք կորցնում, այլ վերագտնում ենք 29 743 քառակուսի կիլոմետր տարածքում աթար վառելու մեր ինքնիշխան իրավունքը։
«Ուժեղ Հայաստան»

Սիրելի ժողովուրդ։ Փոքրիկ խմբակը հասավ նրան, որ եղբայրական Ռուսաստանը թանկացնում է գազը։ Բայց համբերեք, քիչ մնաց։ Ուժեղ Հայաստանում մենք անելու ենք այնպես, որ գազի շոտչիկները ցույց տան զրո ծախս։ Մենք նաև ընդունելու ենք «Սաֆարովից գազի գնումը կանխարգելելու օրենք» և թույլ չենք տալու, որ Ադրբեջանից 300 000 խորանարդ մետր գազ լցվի Հայաստան։
«Հայաստան» դաշինք

Սիրելի ժողովուրդ։ Երբ իմ օրոք Հայաստանի գազային ցանցը պարտքի դիմաց նվիրում էի իմ լավ բարեկամ Վլադիմիր Վլադիմիրովիչին, ես զուգահեռաբար նաև Իրանի հետ գազամուղ կառուցեցի։ Ճիշտ է, պոլ-դույմ տռուբայով, բայց դուք երևի չգիտեք, որ այդպիսի մի սարք կա՝ կոչվում է «կլիզմա», որով կարելի է փչել և ցանկացած տռուբա լայնացնել։
Բայց ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Իմ օրոք Ռուսաստանը երբեք գազի գինը չի բարձրացրել։ Հենց որ ուզեցել են բարձրացնեն՝ գույք-բան եմ տվել, թեման փակվել է։ Հիմա է՛լ եմ պատրաստ։ Կարող եմ, օրինակ, որպես գույք էս կլոուններին հանձնել, իսկ մինչև գործարքը կնքելը տղայիս կասեմ՝ ջեբի ծախսի փողերից մի քանի ամսով կփոխհատուցի գազի թանկացումը։
ԲՀԿ

Ա՛յ ձեր ցավը տանեմ, Գագիկ Ծառուկյանը ինչ անում ա՝ ժողովրդի համար ա անում։ Մենք պիտի բոլորի հետ լավ ըլնենք, որ ասենք թե համապատասխան՝ համ էժան գազ ունենանք, համ էժան կարտոշկա։ Ու դա առաջին հերթին պիտի Նիկոլ Փաշինյանին հետաքրքրի, որովհետև կարտոշկով պեռաշկի ի՛նքն ա սիրում։ Իսկ եթե ապացուցի, որ չի սիրում՝ ես իմ խոդով կմտնեմ առյուծիս վանդակը։
«Նոր ուժ»

Վերջը Նիկոլն էնքան բզբզեց՝ ռուսները գազը թանկացրեցի՞ն։ Արա՛, ոնց եմ ես ձեզանից զզվուուուուուում․․․
ՀԱԿ

Սիրելի հայրենակիցներ։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ միայն մի անգամ է ծանրագույն էներգետիկ ճգնաժամ եղել, և այդ ճգնաժամը հաղթահարել է մեր քաղաքական ուժը։ Այնպես որ՝
Զուր մի՛ մեղադրեք այդ գազամուղին, եկեք և ընտրեք խելամիտ ուղին։