...

Վարչապե՞տ, թե՞ արբիտր՝ հօգուտ Ադրբեջանի

Վարչապե՞տ, թե՞ արբիտր՝ հօգուտ Ադրբեջանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին՝ նշելով, թե դրանց մեջ պետք է տարբերակել էմոցիոնալն ու ռացիոնալը։ Էմոցիոնալի մասին խոսելիս վերջինս հայտարարել է․ «Այս վերջերս շատ կարևոր դիտարկում հնչեցրեց մի վերլուծաբան մեր քննարկման ժամանակ։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո։ Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ` ասենք Երևանը ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ 1994 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»։ 

Հարց է առաջանում՝ «մի վերլուծաբանը» հա՞յ էր, թո՞ւրք, թե՞ վրացի։ Ո՞ր քննարկման ժամանակ է խոսել «մի վերլուծաբանը»՝ դրսո՞ւմ, թե՞ ներսում կայացած ֆորմատի մասին է խոսքը։ Ի վերջո՝ ի՞նչն է այս հայտարարություններում, որ գրավել է Փաշինյանին, ու հիմա էլ նա հանրայնացնում է այս ամենը։ Այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին հրավիրել ենք Հայաստան՝ արբիտր աշխատելու, և հիմա էլ նա անընդհատ Ադրբեջանին է «ճիշտ հանում»։ 

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ գոնե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ բարձրագույն իշխանության որևէ ներկայացուցիչ, առավել ևս՝ Սարգսյանը չի ասել, թե Ղարաբաղի հարցը լուծված է։ Ավելին՝ հիշո՞ւմ եք՝ ինչ աղմուկ բարձրացավ, երբ Սարգսյանը հայտարարեց, թե Աղդամը մեր պատմական հայրենիքը չէ։ Հայ գեներալներն էլ առավելագույնը, որ ակնարկել են՝ Բաքվում չայ խմելն է եղել։ Հիմա ո՞ւմ կամ ինչո՞ւ է մեջբերում Փաշինյանը։ Ադրբեջանի հայտարարությունները անարձագանք թողնե՞լն է արդարացնում, թե՞ թաքուն հրճվում է, որ Ալիևը շաբաթը մեկ նվաստացնում է Հայաստանի քաղաքացիներին։ 

Ինչ վերաբերում է Փաշինյանի ռացիոնալ փաստարկին, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են մեկմեկու տարածքային ամբողջականությունը դեռևս 1992 թ․, ապա հարց է առաջանում՝ բա էդ դեպքում էլ ի՞նչ ենք քննարկում, գլուխ ջարդում։ Երկուստեք հրապարակենք այդ արձանագրությունները (Փաշինյանն ասում է, թե նման արձանագրություններ կան, որոնք հետո հիմք են հանդիսացել Մադրիդյան սկզբունքների համար) և հարցը փակենք այդ մասով։ Թե չէ Փաշինյանը դրել «ջուր է ծեծում», մենք էլ էմոցիոնալ ու ռացիոնալ ենք անում։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1418 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ