...

Վենետիկի հանձնաժողովը ակնաբույժի կարիք ունի

Վենետիկի հանձնաժողովը ակնաբույժի կարիք ունի

Հ1-ի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանգամանորեն ներկայացրեց հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխություններին վերաբերող հիմնական թեզերը:

Հարցին՝ եթե դուք վստահ եք այդ թեզերի իրավացիության մեջ, ինչո՞ւ փաստաթուղթը չեք ուղարկում Վենետիկի հանձնաժողով, «եվրոպացիները էլ չգիտեն ոնց ակնարկեն, որ բերեք մի հատ կարդանք»՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել եվրոպացի բազմաթիվ գործընկերների հետ և կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաև եվրոպացի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրել, որ իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ մենք գործ ունենք՝ կապված տրանսֆորմացիոն երևույթի հետ, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի հայացքի ներքո ու մինչև այդ հարցին մենք անդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում՝ եվրոպացի մեր գործընկերների: Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար, թե ինչպես ենք մոտենալու այդ խնդրին»: 

Նախ կարճ հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հ. Թովմասյանի կարիերայի «գերմանական տարիները»` 2001-2010թթ. նա եղել է Գերմանիայի տեխնիկական համագործակցություն ընկերության (GTZ) «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի իրավաբան, իսկ 2010 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին` նույն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի իրավախորհրդատու: Այնպես որ` Գերմանիայում լավ գիտեն, թե ով ու ինչացու է Թովմասյանը: 

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ապա խորհրդատվական այս մարմնի կեցվածքը՝ մասնավորապես ՍԴ-ն ֆորմատ անելու իշխանության ջանքերի հանդեպ, խիստ կասկածահարույց է: Սա այն նույն հանձնաժողովն է, որը դեռևս սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ իր նախնական կարծիքում (Ստրասբուրգ, 2015 թ, սեպտեմբերի 10) «Հատուկ նկատառումներ» խորագրի ներքո անդրադարձել էր ՍԴ-ի կազմին ու կազմավորման կարգին: Այն, որ ՍԴ-ն բացկացած է լինելու 9 դատավորներից, որոնց ընտրելու է ԱԺ-ն, Բուքիքիոյի ղեկավարած հանձնաժողովին հիացրել էր. «Այսպիսի համակարգը ՍԴ-ի համար ապահովում է անհրաժեշտ ժողովրդավարական լեգիտիմություն»: Բուքիքիոականները նաև գովեստի էին արժանացրել այն, որ ՍԴ-ն իր կազմից է ընտրում ՍԴ նախագահ և փոխնախագահ, և որ վերջիններս ընտրվում են 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: «Սա լավ երաշխիք է դատարանի անկախության համար»,- եզրահանգել էին կարծիքի հեղինակները` տողատակերում ակամա խոստովանելով գործող ՍԴ-ի կախյալ լինելու մասին: Այս հոյակապ կարգավորումներին հավանություն տալով, վենետիկցիները երևի չէին էլ ենթադրել, որ հենց հերթը հասնի դրանք տեքստից գործի վերածելուն, Սերժ Սարգսյանն ու նրա իրավական սպասարկուները դիմելու են ավանտյուրայի` հավակնելով այդ ոլորտում հայտնիներից մեկի` իտալացի Կոնչինո Կոնչինիի հռչակին:

Հետաքրքիր է, որ այս նույն վենետիկցիները ոչ մի ծպտուն չհանեցին, երբ իրենց հնամենի ընկեր, 1997-ից այդ հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահի պաշտոնն ուզուրպացրած Գագիկ Հարությունյանը «վդրուգ» որոշեց վայր դնել իր լիազորությունները, որպեսզի իրագործվի պլանավորված այդ ավանտյուրան` Թովմասյանին կարգել ՍԴ-ի նոր տիրակալ: Բայց այնպես, որ կարգումը տեղի ունենա այն շրջանում, երբ դեռ գործում էին 2005 թ.-ին ընդունված Սահմանադրության իրավակարգավորումները, որոնք հնարավորություն էին տալու Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելով ծառայել «օջախին» մինչև իր 65 տարին լրանալը: Եթե մոտ մեկ ամիս ուշ տեղի ունենար Թովմասյանի թագադրումը, երբ արդեն ամբողջությամբ ուժի մեջ կմտներ 2015-ի փոփոխություններով Սահմանադրությունը, նա ՍԴ նախագահ էր դառնալու 6 տարի ժամկետով, ընտրությունն էլ տեղի էր ունենալու ոչ թե ԱԺ-ի, այլ` ՍԴ դատավորների կողմից: Ինչ-ինչ, բայց Հրայրն ու նրա մերժված կուսղեկը ահագին ուշադիր են իրենց պաշտոններին առնչվող հաշվարկներում, իսկ այ Բուքիքիոն` միտումնավոր ապուշադիր: 

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Այժմ ինչն է խնդիրը` եթե հանաքվեում «այո»-ն չհաղթի, դա կնշանակի, որ առնվազն ևս 5 տարի Թովմասյանն ու ՍԴ-ում նախկինների օրոք «դամ պահած» 6 անդամները շարունակելու են իրենց ծառայությունը հասարակությունից մեկուսացած «Ֆորտ բոյարդ»-ում: Խիղճն էլ է լավ բան:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3228 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ