Նիկոլ Փաշինյանը գրել է. «Հայկական ռադիոյին հարցնում են․ «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը ի կատարումն «Մեծ Թուրան» նախագծի՝ «Զանգեզուրի» արտատարածքային միջանցք է տվել, որը միակողմանի առավելություններ է բերում Ադրբեջանին»։
Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, բայց ի կատարումն ոչ թե «Մեծ Թուրան», այլ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ոչ թե «Զանգեզուրի», այլ «Թրամփի», ոչ թե արտատարածքային, այլ տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության, սահմանների անխախտելիության շրջանակներում, ոչ թե միջանցք, այլ ուղի, ոչ թե միակողմանի, այլ փոխադարձ առավելություններով»։
«ՉԻ». Բա էն մեկը, էն մեկը լսե՞լ եք, էն որ հայկական ռադիոյին հարցնում են. «Ճի՞շտ է, որ Հայաստանի (Փաշինյանի) Կառավարությունը Արցախյան քառամյա պատերազմում հաղթել է Ադրբեջանին, յոթ շրջան վերցրել, ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծել, Արցախը բանակցային կողմ դարձրել, վերաբնակեցրել Քելբաջարի ու Լաչինի շրջանները, Լաչինի միջանցքով էլ ապահովել հուսալի կապ Հայաստանի ու Արցախի միջև:
Հայկական ռադիոն պատասխանում է․ «Ճիշտ է, միայն թե ոչ թե Արցախյան քառամյա, այլ 44-օրյա պատերազմում, ոչ թե հաղթել, այլ ծանր ու նվաստացուցիչ պարտություն կրել, ոչ թե յոթ շրջան վերցրել, այլ վերադարձրել, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խումբ ստեղծել, այլ լուծարել, ոչ թե Արցախը բանակցային կողմ դարձրել, այլ ճանաչել Ադրբեջանի տարածք, ոչ թե վերաբնակեցրել, այլ հայաթափել, ոչ թե Քելբաջարի ու Լաչինի շրջանները, այլ ամբողջ Արցախը, ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Զանգեզուրի ուղիով ապահովել հուսալի կապ, և ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև»: