...

Խաչատուր Սուքիասյանը բոլորից իր մեջ կրում է

Խաչատուր Սուքիասյանը բոլորից իր մեջ կրում է

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը (#CivilNetCheck-ը) ամփոփել է 8-րդ գումարման Ազգային ժողովի երկու նստաշրջաններում պատգամավորների մասնակցության մասին տվյալները, պարզել է, թե որ պատգամավորներն են անհարգելի բացակայել և արդյոք դա ազդել է նրանց վարձատրության վրա։ Վերլուծության մեջ ամենաուշագրավը հետևյալն է՝ կիսամյակի ընթացքում ամենաշատ անհարգելի բացակայողը իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Նա կիսամյակի ընթացքում անհարգելի ներկա չի եղել քվեարկությունների 43%-ին, իսկ կիսամյակի երկրորդ նստաշրջանի ընթացքում՝ կեսից ավելիին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից լրատվամիջոցին հայտնել են նաև, որ անհարգելի բացակայությունների համար պատգամավորների աշխատավարձերից ամսական կատարվել են համապատասխան չափով պահումներ։ Մյուս կողմից էլ՝ հավելել են, որ բոլոր պատգամավորները տարեվերջին ստացել են պարգևավճար՝ անկախ բացակայությունների թվից։

Ստացվում է՝ Խաչատուր Սուքիասյանը մի ամբողջ առողջ պատգամավորի հաստիք է զբաղեցնում։ Զբաղեցրել է, բայց քվեարկությունների համարյա կեսին չի մասնակցել, պարզ ասած՝ դիրքորոշում չի հայտնել քննարկված և քվեարկված օրինագծերի մասին։ Երկու տարբերակ կա՝ երկուսն էլ վատ․ կամ Սուքիասյանը կարծիք չի ունեցել, կամ էլ առանձնապես չի կարևորել ընդունվող օրենքները։ Մյուս կողմից էլ՝ խորհրդարանը Սուքիասյանի համար հո աշխատելու տեղ չէ՞, այն մի վայր է, որտեղ նա անվերջ կարող է փիլիսոփայել։ ԱԺ ամբիոնից փիլիսոփայում է, հետո դուրս է գալիս միջանցք, լրագրողներն են հարցախեղդ անում ու էլի սկսում է փիլիսոփայել։ Հին Հայաստանում ԱԺ-ում կերպարներ կային, որոնց լրագրողներն անընդհատ խոսեցնում էին ոչ թե ինչ-որ բան պարզելու կամ հասկանալու համար, այլ որովհետև նյութ չէր լինում գրելու, և ահա այդ մարդիկ ապահովում էին և՛ լրագրողների, և՛ ընթերցողների բարձր տրամադրությունը։ Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Առաքել Մովսիսյանը, Գագիկ Ծառուկյանը։ Հիմա Խաչատուր Սուքիասյանը այս բոլորից մի քիչ-մի քիչ իր մեջ կրում է և կարողանում է փայլուն կատարել բոլորի հավաքական ֆունկցիան՝ զբաղեցնել լրագրողներին ու հասարակությանը։ Այ էսպես որ դատենք, Սուքիասյանի անհարգելի բացակայությունների հարցը դուրս կգա, կմնա պարգևավճարը։

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ