...

Խոշոր ընկերությունների «արտագաղթը» Ռուսաստանից շարունակվում է

Խոշոր ընկերությունների «արտագաղթը» Ռուսաստանից շարունակվում է

Amazon-ը, որը համարվում է օնլայն վաճառքի առաջատարը ԱՄՆ-ում և առհասարակ ողջ աշխարհում, դադարեցնում է ապրանքների առաքումը Ռուսաստան և Բելառուս։ Այդ երկրների օգտատերերի նոր գրանցումները ևս կասեցվում են։

YouTube-ը դադարեցնում է մոնետիզացիայի գործառույթները ՌԴ-ից գրանցված օգտատերերի համար։ Խոսքը վերաբերում է նաև Premium, Music Premium բաժանորդագրություններին։ Google-ի և YouTube-ի գովազդը Ռուսաստանում արդեն օրեր առաջ արգելվել էր։ Բացի այս, YouTube-ը փակել էր ռուսաստանյան պետական RT հեռուստաալիքի և «Соловьев Live»-ը վարող Վլադիմիր Սոլովյովի ալիքները։

Ճապոնական խոշորագույն խաղային ընկերությունները՝ PlayStation-ը և Nintendo-ն, հայտարարել են, որ դադարեցնում են առաքումները Ռուսաստանի Դաշնություն։ 

Հիշեցնենք, որ նախօրեին էլ ՌԴ տարածքում իրենց գործունեության դադարեցման մասին են հայտարարել PepsiCo և Coca Cola գազավորված ըմպելիքների ընկերությունները, արագ սննդի առաջատար McDonald's-ը, Starbucks սրճարանային ցանցը։ Ավելի վաղ՝ պատերազմի առաջին օրերին ՌԴ լքեցին համաշխարհային առաջատար ավտոմոբիլային ընկերություններից BMW-ն, Audi-ն, Skoda-ն, Volkswagen-ը, Bentley-ն, Lamborghini-ն, Ducati-ն, Jaguar-ը, Land Rover-ը, Harley-Davidson-ը։ Սպորտային հագուստի առաջատար Adidas-ը ևս հրաժարվեց Ռուսաստանի շուկայից։ Նույն որոշումը կայացրեց  Nike-ը։ Apple-ը, Netflix-ը ևս այս ցանկում են։  

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   1417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ