...

Ուկրաինայի հայերը փող ունեն, բայց պետություն չունեն

Ուկրաինայի հայերը փող ունեն, բայց պետություն չունեն

«Սկզբի օրերին կապվեցինք մեր դեսպանատան հետ, բոլորիս տվյալներն ուզեցին ու կորան։ Հետո մեզ ասացին՝ դուք եկեք Լվով, մենք ձեզ կօգնենք։ Եթե մենք կարողանանք հասնել Լվով, իրենց օգնությունը մեր էլ ինչի՞ն է պետք։ Սա պիտի բարձր մակարդակով կազմակերպվի, պիտի միջանցք խնդրեն, թե չէ, ես հո չե՞մ կարող մի ընտանիք վերցնել, ճանապարհ ընկնել, մի բան էլ լինի, էդ պատասխանատվության տակից ո՞նց դուրս գամ»,- «Հետք»-ի հետ զրուցում պատմել է ՀՀ քաղաքացի 50-ամյա Կարեն Շահբազյանը, որը Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սլավուտիչ քաղաքից է։ Սլավուտիչը պատերազմի առաջին օրերից սկսած հայտնվել է շրջափակման մեջ։ Օրեր շարունակ քաղաք սննդի և վառելիքի մատակարարում չի իրականացվում, եղած պաշարն էլ գրեթե սպառվել է։ Այս պահին քաղաքից դուրս գալու համար նախ պետք է հասնել հրթիռակոծվող Չեռնիգով քաղաք։ Ճանապարհը ապահով չէ, քանի որ շրջակայքում մարտական գործողություններ են ընթանում, և դիվերսիոն խմբեր կան, պատմել է Շահբազյանն ու հավելել․  «Կապվել եմ Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներից մեկի հետ, ասում է՝ մեկին գտեք, փող ուղարկենք, թող ձեզ հանի էդտեղից, ասում եմ՝ էստեղ փողի խնդիր չկա, բոլորս էլ փող ունենք, բայց ոչ ուտելիք կա, ոչ վառելիք, փողը էստեղ ուղղակի թուղթ ա, եթե մտնում ես խանութ, բան չկա՝ փողդ ի՞նչ անես։ Մենք էստեղ բոլոր հայերս բոլորին գիտենք, ամեն օր նստում, խոսում ենք՝ ինչ կարելի ա անել, որտեղից ուտելիք ճարել, մի բան ճարում ենք, որտեղ էրեխեք կան, սկզբից էնտեղ ենք ուղարկում, հետո՝ նոր մեզ»։

Մեկին գտեք՝ փող ուղարկե՞նք կամ եկեք-հասեք Լվով՝ ձեզ կօգնե՞նք։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ՝ ինչպես է Հայաստանի Հանրապետությունը հոգ տանում պատերազմի թեժ կետերում հայտնված իր քաղաքացիների մասին։ Մինչդեռ քիչ թե շատ նորմալ պետությունները, պատերազմը դեռ չսկսված կամ էլ դրան հաջորդող 3 օրերի ընթացքում հայտարարություններ արեցին՝ հորդորելով իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։ Մերոնց համար պատերազմը ահագին ուշ սկսվեց՝ մարտի սկզբներին։ Հենց այդ ժամանակ էլ բարի եղան այս թեմայով ՀՀ արտգործնախարարի մակարդակով խոսել։ Սա էլ չէր լինի, եթե ընդդիմադիրներից Արծվիկ Մինասյանը հարց չբարձրացներ ԱԺ-ում։ Հարցուպատասխանից տեղեկացանք, որ Ուկրաինայում մեր դեսպանատունը ստանում է օրական շուրջ 1500 զանգ։ «Այդ նպատակով արտաքին գործերի նախարարությունում թեժ գիծ է բացվել։ Սահմանը հատելու հարցում քաղաքացիներին օգնելու նպատակով Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագետների է ուղարկել Ուկրաինայի այլ քաղաքներ, այդ թվում՝ Լվով, Ուժգորոդ և Տերնոպոլ։ Դիվանագետների ենք ուղարկել նաև Ուկրաինայի սահմանակից հարևան երկրների քաղաքներ՝ Առլամով և Պշեմիսլ (Լեհաստան), Միխալովցե (Սլովակիա) և Բոտոշանի (Ռումինիա)»,- ասել էր ՀՀ արտգործնախարար Միրզոյանը։ «Որոշ դեպքերում, ես չգիտեմ, թե որքանով է տեղին խոսել այս մասին այստեղ, մենք նույնիսկ օգնում ենք տեղափոխման հարցերում: Եթե ​​խոսենք նրանց Հայաստանում վերաբնակեցման մասին, ապա, իհարկե, երկրի համար դժվար է իր վրա վերցնել Ուկրաինայում ապրող մի քանի հարյուր հազարավոր հայերի վերաբնակեցումը։ Այդուհանդերձ, մենք փորձում ենք նրանց հնարավոր օգնություն ցուցաբերել»,- նշել էր Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Հիմա արդեն հասկացանք, թե այդ 1500 զանգերը ինչ բնույթի են եղել։ Ասել են՝ հասեք դեսպանատուն, մնացածը մենք կանենք։ Մոտավորապես այսպես՝ մի բան արեք, մի բան կլինի։ Չնայած, սրանք հայրենիքի պաշտպանության ժամանակ գերի ընկած տղաներին են մեռած համարում, էլ ուր մնաց հակամարտության գոտում ողջ-առողջ, մի քիչ էլ սոված ու ծարավ մնացած հայերին։ Հիմա հարց՝ ինչո՞վ են մեղավոր Ուկրաինայում ապրող այն հայերը, որոնք հապաղում են Հայաստան վերադառնալ, բայց ամեն ինչ անում են, որ տեղափոխվեն երրորդ երկիր։ Երևի այս բովանդակությամբ հեռախոսազրույցներ են ունեցել, ապա որոշում կայացրել։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1580 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ